Էրդողանը տրորեց Թուրքիայի վերջին հույսը. Al-Monitor
Թուրքիան շոկի մեջ է. իրավիճակում, երբ նախագահը հայտարարում է Սահմանադրական դատարանի որոշմանը հավանության չարժանացնելու մասին, հարց է ծագում ղեկավարի լեգիտիմության ու նախկին տեսքով պետության հետագա գոյության վերաբերյալ, գրում է Al-Monitor պարբերականը:
Թուրքիայի Սահմանադրական դատարանն անցած շաբաթ վճռեց, որ ընդդիմադիր Cumhuriyet թերթի երկու լրագրողի՝ Ջան Դյունդարի ու Էրդեմ Գյուլի կալանավորումն անօրինական է: Վերջիններս գրել էին Անկարայի ու ԴԱԻՇ-ի կապերի մասին: Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե չի ընդունում դատարանի որոշումը, քանի որ, ըստ նրա, լրագրողների գործունեությունը ոչ մի կապ չունի ազատ խոսքի հետ ու եղել է լրտեսություն:
Լրագրողների հետ կապված դեպքը ցույց է տալիս ակնհայտորեն, որ Թուրքիան վերածվել է հիբրիդային պետության՝ մի կողմից՝ փորձում է գործել ժողովրդավարության կանոններով, իսկ մյուս կողմից՝ երկրի նախագահն ամեն ուժերով խոչընդոտում է դրան: Էրդողանը վաղուց է հասկացրել, որ իր նպատակը երկրում ավտոկրատ, բռնապետական կամ թեոկրատական ռեժիմի հաստատումն է, որտեղ բոլոր որոշումները կկայացվեն միաձայն, գրում է պարբերականը:
«Էրդողանը բառացիորեն ասում է այն մասին, որ իրեն չի հետաքրքրում իրավական պետության որոշումը, ու դրանով իսկ ոտնահարում է օրենքը: Նման արտահայտությունները հաշվի առնելով՝ նախագահի լեգիտիմությունը պետք է դրվի կասկածի տակ»,- կարծում է ՄԻԵԴ-ում նախկին թուրք դատավոր Ռիզա Թյուրմենը:
Թուրքիայի նախագահը ցուցադրեց, որ չի հանդուրժում գործողություններ, որոնք կարող էին մարտահրավեր նետել անձնական իշխանության սեփական ցանկությանը: Բացառությամբ Զինված ուժերի՝ Սահմանադրական դատարանը միակ ինստիտուտն է, որը կարող է Էրդողանի համար զսպիչ գործոն ունենալ: Նա զգում է, որ սպառնալիքի տակ է իր քաղաքական կենսունակությունը, եզրակացնում է պարբերականը: