Բաժիններ՝

Որոնք պետք է լինեն վարորդների գործողություններն ԱՊՊԱ-ին չսպասելու դեպքում

Մարտի 1-ից արդեն գործում է համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը: Այսուհետ ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդները կարող են չսպասել ապահովագրական ընկերության աշխատակցին, կնքել այդ համաձայնագիրը և հեռանալ դեպքի վայրից, եթե ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 50 հազար դրամը: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ի պատասխան մեր հարցման, ներկայացրել է գործընթացի մանրամասները:

Այսպես, գործընթացին բավարարող պայմաններն են՝ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), ՃՏՊ-ում ներգրավված են միայն երկու ավտոտրանսպորտային միջոց (ՏՄ), որոնք ունեն գործող ԱՊՊԱ պայմանագրեր, ՃՏՊ-ի արդյունքում վնաս է պատճառվել միայն այդ ՏՄ-ներին, վնաս պատճառած անձն ընդունում է, որ ՃՏՊ-ի առաջացման մեջ միակ մեղավորն ինքն է, և առկա է փոխադարձ համաձայնություն դրա վերաբերյալ, տուժողի կողմից վնաս պատճառողից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 50.000 դրամը:

Բյուրոյից պարզաբանել են, որ պարզեցված կարգով պատահարի գրանցման և հատուցման գործընթացի կարգավորման հիմքում ընկած է հենց այն պայմանը, որ վարորդների միջև պետք է առկա լինի փոխադարձ համաձայնություն պատահարի առաջացման մեջ մեղավորության մասով: Վնաս պատճառած անձի կողմից մեղավորության չընդունման դեպքում կիրառվում է ստանդարտ հատուցման գործընթացը: Ավելին, ինքնուրույն կարգավորման գործընթացը ենթադրում է միայն պարզ պատահարները, հետևաբար՝ դրա ներքո չեն ընկնում նաև պատահարում երկկողմանի մեղավորության դեպքերը:

Հարցին՝ արդյոք ՃՏՊ-ում մեղավորության մասով բողոքարկման հետագա հնարավորություն վարորդների համար նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ, բյուրոյից պատասխանել են, որ պատահարի մասնակիցներն ինքնուրույն լրացնում են համաձայնեցված հայտարարագիր, որում նշում են կատարում նաև պատահարի առաջացման մեջ մեղավորության վերաբերյալ, որը հիմք է ընդունվում ապահովագրական ընկերությունների կողմից՝ առանց առաջնային և, առավել ևս, կրկնակի փորձաքննություն նշանակելու: Համաձայնեցված հայտարարագրի լրացմամբ վարորդները պետք է գիտակցեն, որ ըստ էության հետագա բողոքարկման հնարավորություն չունեն. թեև իրավական առումով առկա է դատական բողոքարկման հնարավորություն, սակայն նման փորձաքննությունների համար համապատասխան ելակետային տվյալներ չեն հավաքագրվում:

Այդ իսկ պատճառով սա կոչվում է փոքր վնասներով պարզեցված գրանցման և հատուցման համակարգ, որից կամ օգտվում են քաղաքացիները, կամ գնում ստանդարտ՝ ելակետերի հավաքագրման ճանապարհով, որտեղ հավագրվում են ելակետային տվյալներ, և որոնց հիման վրա հնարավոր է իրականացնել բողոքարկումներ:

Հայտարարագրի հիման վրա ԱՊՊԱ ոլորտում հատուցման ենթակա առավելագույն չափը, անկախ փաստացի վնասի չափից, չի կարող գերազանցել 50 հազար դրամը: «Եթե փորձագետի կողմից ավտոտրանսպորտային միջոցին պատճառված վնասը գնահատվի 50.000 ՀՀ դրամից ավելի, ապա տուժողն ապահովագրական ընկերությունից կստանա միայն 50.000 ՀՀ դրամը: Գումարի մեծության սահմանափակման կիրառումն առկա է եղել դեռևս ԱՊՊԱ համակարգի ներդրման պահից՝ համաձայնեցված հայտարարագրի միջոցով հատուցման գործընթացի շրջանակներում՝ մինչև 200.000 ՀՀ դրամ՝ վնասների դեպքում, ինչն այս տարիների ընթացում իրագործվել է նույն տրամաբանությամբ»,- հայտնել են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից:

Ճանապարհատրանսպորտային պատահարից հետո վարորդների կողմից իրականացվող գործողությունները հետևյալն են.

1. Որևէ կերպ, այդ թվում՝ ցանկացած հեռախոսի միջոցով առնվազն երեք անգամ լուսանկարվում են ՃՏՊ-ում ներգրավված տրանսպորտային միջոցները: Ընդ որում, լուսանկարումը (տեսանկարահանումը) պետք է կատարվի այնպես, որպեսզի լուսանկարներն (տեսանյութն) առնվազն արտացոլեն երկու տրանսպորտային միջոցների հետվթարային փոխադարձ դիրքերը և ՃՏՊ-ի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները։

2. Լրացվում է համաձայնեցված հայտարարագիրը, և ՃՏՊ-ին մասնակից վարորդները ստորագրում են այն։

3. Վարորդներն ազատում են ճանապարհի երթևեկելի մասը, եթե վթարի արդյունքում տրանսպորտային միջոցների հետվթարային դիրքերը խանգարում են ընդհանուր երթևեկությանը։

4. Վնաս պատճառած վարորդը ՃՏՊ-ի մասին իր կողմից վարած ավտոմեքենայի ԱՊՊԱ վկայագրի վրա նշված հեռախոսահամարով տեղեկացնում է Ապահովագրողին տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին՝ հարցադրումներին պատասխանելով առավելագույնը համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվությունը (ապահովագրական ընկերությունն իրավունք չունի համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվությունից ավելի տեղեկատվություն հարցնել վարորդից)։

5. Ապահովագրական ընկերությանը տեղեկացնելուց հետո վարորդները իրենց ՏՄ-ներով հեռանում են վթարի վայրից:

Այս գործընթացում ապահովագրական հատուցում ստանալու կարգն ու ժամկետները հետևյալն են՝

1. ՃՏՊ-ի տեղի ունենալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տուժողը պարտավոր է ստորագրված համաձայնեցված հայտարարագիրը և հատուցում ստանալու համար դիմումը (դիմումը հնարավոր է ներկայացնել նաև ՃՏՊ՝ տեղի ունենալուց հետո եռամսյա ժամկետում) ներկայացնել վնաս պատճառած տրանսպորտային միջոցների վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը՝ վերջինիս հնարավորություն տալով ծանոթանալ կամ որևէ կերպով ստանալ կատարված լուսանկարների կամ տեսանյութի էլեկտրոնային տարբերակներին, զննել վթարված տրանսպորտային միջոցները։

2. Ապահովագրական ընկերությունը հատուցում ստանալու դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է վնասի փորձաքննության իրականացումը և արդյունքների մասին ծանուցումը Տուժողին և Ապահովադրին։

3. Ծանուցման պահից սկսած 5 աշխատանքային օրվա ընթացքում վնասի լրացուցիչ և (կամ) կրկնակի փորձաքննության նշանակման պահանջի բացակայության կամ այդ ընթացքում փորձաքննության արդյունքների համաձայնության պահից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունն ընդունում է հատուցումը վճարելու կամ հատուցման վճարումը մերժելու մասին որոշում, որի մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է տուժողին։

4. Հատուցման որոշման հետ համաձայնության առկայության և հատուցման եղանակը գումարի ստացմամբ ընտրելու դեպքում ապահովագրական ընկերությունը 1 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման գումարը վճարում է տուժողին կամ տուժողի կողմից հատուցման եղանակը վերանորոգում ընտրելու դեպքում՝ ապահովում է տրանսպորտային միջոցների վերանորոգումը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս