Ադրբեջանի ՆԳՆ-ը հաստատել է 25 քաղաքացիների ԼՂՀ անցնելու փորձը

Ադրբեջանը հայտնել է Գաբալայի շրջանի Քյոթուքլու գյուղի 25 բնակիչների (ութ ընտանիքի անդամներ)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անցնելու փորձը: Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովը ճարահատյալ հաստատել է փաստը, որ նրանք փետրվարի 26-ի լույս փետրվարի 27-ի գիշերը փորձել են Ակնի (Աղդամի) կողմից անցնել Արցախ:

modern.az-ի հետ զրույցում ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ ոստիկանական բաժանմունքում նրանք բոլորը հարցաքննվել են, որից հետո ուղարկվել են Գաբալա: «Հետազոտությունների արդյունքներից կախված` հարցին իրավական գնահատական կտրվի», -ասել է նա:

ԼՂՀ անցնել ցանկացած գաբալացիներից Ռամին Իսմայիլովը Meydan TV-ին հայտնել էր, որ գիշերով սպիտակ դրոշներով դեպի ԼՂՀ սահման գնալու ժամանակ իրենց շրջապատել են ոստիկանության աշխատակիցները եւ տարել բաժանմունք:

Նա ասել է, որ իրենք ցանկացել են անցնել ԼՂՀ` Գաբալայում Նաբիեւների ընտանիքի կողմից արված անօրինականությունների պատճառով:

«Նաբիեւները մեր երեխաներին անհիմն ձերբակալում են: «Ազերիգազ»-ի Բաքվի գծով ներկայացուցիչ Գարա Նաբիեւը, հարկերի նախարարի խորհրդական Մուսավեր Նաբիեւը, Քյոթուքլու գյուղի գործադիր իշխանության ներկայացուցիչ Իքրամ Նաբիեւը գնել են Գաբալան: Նրանք մեզ չեն թողնում ապրենք: Ցանկացած մարդու տուն եւ ավտոմեքենա թմրանյութ են նետում եւ ձերբակալել տալիս: Մենք այլեւս չենք կարող ապրել Գաբալայում, եւ ընդհանրապես` Ադրբեջանում: Այդ պատճաով էլ ցանկանում ենք անցնել Ղարաբաղ: Թեկուզ մեզ հայերը գնդակահարեն, ուզում ենք ազատվել Նաբիեւների զուլումից&raqu o;, -ասել է Ռամին Իսմայիլովը:

Փետրվարի 28-ին «Ազադլըգ» թերթը հայտնել է, որ Գաբալայից եւս 108 բնակիչներ պատրաստվում են փախչել Իրան: Նրանք հայտարարել են, որ ցանկանում են Ադրբեջանի քաղաքացիությունից հրաժարվել շրջանի դատարանի անարդարութունների պատճառով:

Շրջանի բնակիչ Աքիֆ Իսմայիովը թերթին հայտնել է, որ դատարանը անարդարացի վճիռ` մեկ տարվա ազատազրկման է ենթարկել իր որդուն նրա համար, որ նա ընդամենը վկա է եղել երկու երիտասարդների միջեւ թեթեւ ծեծկռտուքին: Նա պատմել է, որ բողոքով եղել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարի մոտ, որն ասել է, որ երիտասարդներին կարելի էր ընդամենը 15 օր պատժել մեկուսացմամբ: Սակայն, դատարանը չի փոխել վճիռը: Նա հավելել է, որ իր եւ մյուս դատապարտվածների մերձավորները` 108 մարդ ցանակնում են հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից: «Այլ ճանապարհ չունենք: Մենք չենք կարող անում դիմանալ նման անարդարությանը: Ձեռքներիս սպիտակ դրոշով կանցնենք Իրան», -ասել է Աքիֆ Իսմայիլովը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ ավելի վաղ բազմիցս հաղորդվել է ադրբեջանցի խաղաղ բնակիչների մասին, որոնք անցել կամ փորձել էին անցնել հայ-ադրբեջանական սահմանը եւ հանձնվել Հայաստանին կամ ԼՂՀ-ին:

Այսպես, 2014 թվականի հունվարի 23-ին Ադրբեջանի Բեյլագանի շրջանի տասնյակ բնակիչներ ի նշան բողոքի շրջանի գործադիր իշխանության կողմից իրենց տները քանդելու գործողությունների, փորձել էին անցնել ԼՂՀ տարածք: 2014 թվականի հունվարի 29-ին Վրաստանի հետ Հայաստանի սահմանում հայ սահմանապահներին էր դիմել Բաքվի բնակիչ Ջավիդ Օրուջեւը (ծնվ. 1976 թ.): նա քաղաքական ապաստան է խնդրել իր, կնոջ եւ երեք անչափահաս երեխաների համար: 2014 թվականի ապրիլի 12-ին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության բնակիչ Նազիմ Մամեդովը սպիտակ դրոշը ձեռքին ադրբեջանական զինվորականների կողմից կանգնեցվել է Հայաստսնի հետ սահմանը անցնելու փորձի ժամանակ: Ադրբեջանի Գյոյչայի շրջանի բնակիչ Նարիման Աղաեւը եւս 2010 թվականին սպառնացել էր ապաստան խնդրել Հայաստանում, քանի որ քննիչը նրա դստեր դիակը հանձնել էր իրեն` 1000 դոլար կաշառք ստանալուց հետո:

Տեսանյութեր

Լրահոս