«Միշտ ի՞նչն է պառակտել ընդդիմադիր դաշտը. ամեն մեկը մտածել է, որ հենց իր առաջարկության շուրջ պետք է համախմբվեն». Ռուբեն Հակոբյանը՝ Լևոն Զուրաբյանի կոչի մասին
«Ռեալ այս պահին կդժվարանամ որևէ բան ասել, քանի որ դեռ նախագիծն Ազգային ժողով չի մտել, որոշ սկզբունքների մասին լսել եմ, բայց միայն կարող եմ հստակ գնահատական տալ, երբ լինի հստակ նախագիծ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի նախագծի մասին:
Նա նշեց, որ ինքն ունի առաջարկություններ. «Հիշեցնեմ, որ 1996 թվականին ես Ազգային ժողով ներկայացրեցի նախագիծ, որտեղ համապետական ռեյտինգային համամասնական ընտրակարգն էր դրված: Իհարկե, պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել, որ ունենանք այնպիսի օրենսգիրք, որ հնարավոր լինի ապահովել իրական ձայներով խորհրդարան ձևավորելու այս գործընթացը: Ռեյտինգային համակարգի 2 տասնյակից ավելի տեսակներ կան, խնդիրն այն է, թե որ տեսակը կընտրվի»:
Հարցին՝ վտանգ չե՞ք տեսնում, որ առանց Ազգային ժողովի քննարկման՝ արդեն Վենետիկի հանձնաժողովը պետք է կարծիք հայտնի նախագծի վերաբերյալ, Ռ. Հակոբյանն այսպես պատասխանեց. «Տարբեր մոտեցումներ կարող են լինել, ճիշտ չի լինի հիմա գնահատական տալ, քանի որ չգիտեմ՝ ինչ տեսքով է ուղարկվել Վենետիկի հանձնաժողով, բայց կարծում եմ՝ վերջնական տեսքով՝ խորհրդարանում քննարկվելուց հետո, պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդդիմադիր գործիչներին և ուժերին Ընտրական օրենսգրքի վերաբերյալ առաջարկությունների միասնական պլատֆորմ ստեղծելու կոչ էր արել:
168.am-ի հարցին՝ մինչ այս որևէ քննարկում եղե՞լ է այս հարցի շուրջ Ձեր և ՀԱԿ-ի միջև, և արդյոք դուք է՞լ եք միանալու այդ առաջարկությունների միասնական պլատֆորմին, Ռ. Հակոբյանն այսպես պատասխանեց. «Իսկապես այս պահին պետք է միանալ, ընդ որում, ամբողջ քաղաքական դաշտը՝ լինի խորհրդարանական, արտախորհրդարանական, ինչո՞ւ ոչ, նաև իշխանության մեջ, գիտեմ, որ կան տրամադրություններ, ուղղակի մինչև Լևոն Զուրաբյանի առաջարկությունը՝ մի քանի առաջարկություններ եղել էին, ու վատ է, որ նրանք չէին միացել այդ առաջարկներին, բայց դա խնդիր չի, ուղղակի ես կուզենամ՝ իրոք անկեղծ լինեն մոտեցումները: Ինչո՞ւ եմ շեշտում դա, որովհետև միշտ ի՞նչն է պառակտել ընդդիմադիր դաշտը, որ ամեն մեկը մտածել է, որ հենց իր առաջարկության շուրջ պետք է համախմբվեն, կարծում եմ՝ այս պահին քաղաքական ուժերն իսկապես կունենան այդ իմաստությունը, համարժեք քայլ կանեն: Եթե ընդդիմությունը կարողացավ միասնական տարբերակով հանդես գալ, դա բավականին կշիռ կունենա, ու չեմ կարծում, որ իշխանությունը հաշվի չնստի ընդդիմության հետ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: