Գնային ինչպիսի՞ տարբերություն կլինի ավտոշուկայում՝ ԱԱՀ-ի վերացումից հետո. պարզաբանում է Ավտոներկրողների միության նախագահը
Կառավարության երեկվա հայտարարությունից հետո ավտոներկրողներն այսօր լուսաբացն ուրախ են սկսել: Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ խնդրելով, սակայն, որ սկսած գործը կառավարությունը հասցնի վերջաբանին. «Թեկուզ ԱԱՀ-ի հարցը լուծվել է, բայց ավտոներկրողներին պետք է տարանջատել ժողովրդից: Ուզում ենք գերատեսչական մարմիններից մինչև նախագահ հասցնել մեր խնդրանքը, որ ավտոներկրողներին նոր կարգավիճակ տան, և այն գումարները, որ մեր բյուջեից կպակասեն՝ ավտոներկրողների ԱԱՀ-ն հանելով, մենք միգուցե լրացնենք՝ օրինական դաշտում աշխատելով: Այսօր մեքենաներ վաճառում են տասնյակ-հազարավոր քաղաքացիներ, բայց նրանցից հազարավորն են, որ ավտոներկրող են, ու, կարող եմ ասել, որ հարյուր հազար դոլարներ մաքսազերծման համար գումարներ են վճարել, բայց ապագա չունեն: Այսինքն՝ մեզ կարգավիճակ է պետք՝ կլինի դա լիցենզավորման թե հարկատեսակի ձևով»:
Ավտոներկրողներին անհանգստացնում է նաև այն որոշումը, որ տարեկան մեկ մեքենա պետք է ներկրեն Ռուսաստանից. «Ցանկացած ավտոներկրող նորից սկսելու է անձնագրեր փնտրել, ու վաճառելուց նորից ԱԱՀ է գոյանալու՝ 16.67%, իսկ մեքենայի վաճառքից այդքան տոկոս վճարելն անհնար է: Ուստի մեզ նորից անվանելու են գող, նորից հետաքննչական մարմիններն են մեզ փնտրելու, առքուվաճառքի գներն են նորից կասկածի տակ դնելու, նորից տուգանվելու ենք»:
Ըստ Տիգրան Հովհաննիսյանի՝ պարզաբանման ենթակա խնդիր է նաև այն, որ վարչապետը հայտարարեց, որ անհատ քաղաքացիների համար է վերացվում ԱԱՀ-ի գանձումը, այլ ոչ թե՝ անհատ ձեռնարկատերերի. «Մեքենա ներկրողը կարող է անհատ ձեռնարկատեր լինել, ու կստացվի, որ իրավաբանական անձինք իրավունք չունեն ներկրելու: Այստեղ պարզաբանման խնդիր կա: Օրինակ՝ խնդիր է նաև այն, թե արդյոք մենք իրավունք ունե՞նք մեր հարազատների անունով էլ մեքենա ներկրել, թե՞ հետևելու են ու նորից շարունակեն ԱԱՀ գանձել»:
Ավտոներկրողների միության նախագահի խոսքով՝ ռուսական ավտոշուկան մրցունակ է. «Մենք շաբաթական միլիոն դոլարներ ծախսում ենք վրացական շուկայում, հարստացնում ենք ադրբեջանցիներին, վրացիներին, ու Հայաստանում ստեղծում ենք գերեզմանատուն։ Մտնելով ԵՏՄ կազմի մեջ, նախ՝ կուզենայի, որ մենք մեքենաշինություն զարգացնենք, թող վրացին, թուրքը, պարսիկները, ադրբեջանցիները փորձեին մեզնից մեքենա գնել: Իսկ ռուսական շուկան մրցունակ է, այնտեղ կա ներքին արտադրություն, և այնպիսի աշխարհահռչակ ընկերություններ են, ինչպիսիք են՝ «Տոյոտան», կորեական, ամերիկյան մեքենա արտադրող ընկերությունները: Հիմա որ մենք սկսենք Ռուսաստանից ավտոմեքենա ներկրել, կներկրենք մինչև 5 տարեկան մեքենաներ, այլ ոչ թե՝ 15-20 տարեկան, որոնք հիմա ներկրում ենք Վրաստանից: Ինչո՞ւ չպետք է մենք ներկրենք նոր մեքենաներ, ավտոպարկը թարմացնենք, բոլորս «Տոյոտա Կորոլա» կամ այլ մեքենաներ վարենք: Այսինքն՝ մենք պետք է Վրաստանի շուկայից դուրս գանք: Վրացին էլ է Ռուսաստանից գնում նույն մեքենան, ու մեզնից ցածր էին հարկ վճարում՝ չլինելով ԵՏՄ անդամ, ինչն ամոթալի էր ու շարունակում է ամոթալի մնալ, քանի դեռ արգելքը կա, որ իրավաբանական անձինք չներկրեն»:
Վերջում նա մեկ մեքենայի օրինակով ներկայացրեց գնային այն տարբերությունը, որը շուկայում կլինի ԱԱՀ-ի վերացումից հետո. «2015-16թթ. Մերսեդես C կլասի մեքենան Ռուսաստանում 24-25 հազար դոլար է, նախորդ կիրակի մեր ներկրողները 30 հազար դոլարով վաճառեցին, այսինքն՝ 6 հազար դոլար մաքսազերծման գին վճարեցին: Նույն մեքենան մյուս կիրակի կարող էր 24-25 հազար դոլարով վաճառվել. տեսեք՝ մենք ինչքան ենք օգտվում»: