«ԱՄՆ-Մոսկվա համաձայնագիրը դատապարտված է անհաջողության, ծանր մարտերը շարունակվելու են»
168.am-ի զրուցակիցն է Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը:
– Երկու օր առաջ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության եկան Սիրիայում կրակի դադարեցման հարցում: Ըստ Ձեզ` ի՞նչ կարևորություն կունենա այս համաձայնագիրը՝ հաշվի առնելով այն փաստը, որ դրան մաս չեն կազմում «Իսլամական պետություն» ու «Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումները:
– Ինչպես նշեցիք, համաձայնագիրը չի վերաբերում այն խմբավորումներին, որոնք Սիրիայում պատերազմ են իրականացնում: Այս ֆոնին ծիծաղելի է Վաշինգտոն-Մոսկվա համաձայնագիրը, քանի որ սիրիական պատերազմի գլխավոր դերակատարներն այս երկու խմբավորումներն են: Փաստորեն, համաձայնությունը կազմվել է ոչ թե՝ Սիրիայում կռվողների, այլ՝ ինչ-ինչ այլ կողմերի հետ, ինչն առնվազն անհասկանալի է:
Ես պարզապես տեղեկացնեմ, որ զինադադարի պայմանները գործադրելի չեն սիրիական տարածքում, և պատերազմական գործողություններն այսօր իրենց ամենասուր դրսևորման մեջ են հատկապես Հալեպ և Դամասկոս քաղաքներում: Երևի թե նաև տեղյակ եք, որ երրորդ օրն է, ինչ Հալեպից դեպի դուրս տանող միակ ճանապարհը գրավված է «Իսլամական պետության» կողմից: Սա կարող է սպառնալիք դառնալ հետագա օրերին շրջափակման վտանգով: Այդ իմաստով ռուսական օդանավերը և ռազմական ողջ ներուժը, Սիրիայի ազգային բանակի հետ մեկտեղ, պետք է փորձեն այդ ճանապարհի վրա գտնվող ԻՊ-ի ուժերի հետ բախումներ ունենալ և կարողանալ ազատագրել Հալեպի մուտքն ու ելքը: Հալեպ քաղաքի հյուսիս-արևելքում ևս բավականին լայնածավալ բախումներ են ծավալվում դեպի Թուրքիա գնացող ճանապարհին, այդ ճանապարհը փակ է, փաստորեն, այդ ուժերը մնացին Սիրիայի տարածքում:
– Այս համաձայնագիրն ինչպե՞ս կանդրադառնա Սիրիա ներխուժելու՝ Թուրքիայի մտադրությունների վրա:
– Ես կարծում եմ, որ համաձայնագիրը մեծապես ծառայելու է Թուրքիայի քաղաքական շահերին և հավակնություններին Սիրիայում: Թուրքիան ևս ցանկանում է բանակցությունների կողմ դառնալ՝ ունենալով հստակ տարածքային հավակնություններ Սիրիայում: Ապագայում Թուրքիան սա փորձելու է օգտագործել բանակցությունների կողմ դառնալու նպատակով: Սակայն համաձայնության օգտակարության համար պետք էր տեսնել, թե Սիրիայում զենք վերցնողներն ովքեր են, քանի որ առանց նրանց՝ ոչ մի կողմ չի կարող համաձայնության գալ:
– Ահաբեկչական վերոնշյալ խմբավորումներին վերահսկելու ի՞նչ ճանապարհ կա:
– Կարծում եմ՝ ԱՄՆ-ը իր համաձայնությունները պետք է թափանցիկ ներկայացնի ռուսական կողմին, որպեսզի նրանք կարողանան միասնաբար ճնշում բանեցնել, որպեսզի խմբավորումներին հասնող ֆինանսավորումը պակասեցնեն: Առանց ֆինանսավորման դադարեցման՝ զինյալ ահաբեկչական ուժերը մնայու են գործոններ Սիրիայում և ամենուր: Այնպես որ, ես կարծում եմ, որ սա միայն Սիրիայի սպառնալիքը չէ, այլև՝ Միջին Արևելքի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի: Պետք է մտածել առաջին հերթին՝ նրանց ֆինանսավորումը կտրելու ուղղությամբ: