Ի՞նչ եղավ Գյումրուն տրվող 23 մլն եվրոյի վարկային ծրագիրը
asparez.am-ը գրում է. Ամեն տարվա նման Գյումրիում ցեխն ու «չամուռն» են ազդարարում գարնան գալուստը: Փոսերում կուտակված ձյան հալոցքից գոյացող լճակները թաղային փողոցներում բազմաթիվ են: Շատ երեխաներ ստիպված են տնից իրենց հետ դպրոց տանել հողաթափեր կամ փոխարինող կոշիկներ, տնից դպրոց ցեխոտ ճանապարհն անցնելուց հետո հաճախ անհրաժեշտ է դառնում կոշիկներ փոխել:
Գյումրու քաղաքապետարանն այս օրերին սովորականի նման շտապում է փոսերը «կարկատել» մեկ այլ տարբերակով: Փոսերում լցնել մեծ ու փոքր քարեր եւ այսպես հարցը ժամանակավորապես փակված համարել, մինչեւ փողոցների ասֆալտապատման, քարապատման աշխատանքների մեկնարկը տրվեն:
Գյումրիում այսօր ցեխաշաղախ, ցեխառատ փողոցների երկարությունը 103 կմ է, ասֆալտապատ եւ համեմատաբար բարվոք վիճակում հայտնված փողոցների երկարությունը կազմում է ընդամենը 78 կմ: Թաղային փողոցներում վիճակը չափազանց մտահոգող է դառնում: Որպես այս փողոցների բարեկարգման միակ տարբերակ՝ քաղաքապետարանը նշում է սալապատումը կամ քարապատումը:
Իսկ հանրապետության երկրորդ քաղաքի տնակային ավանների ոլոր-մոլոր ճանապարհների մասին խոսք անգամ չկա: Այստեղ մարդիկ քայլելու փոխարեն թռչկոտելով են ճանապարհն անցնում:
Միայն 2015 թվականի ընթացքում համայնքի բյուջեից 521 մլն դրամ ուղղվել է Գյումրու փողոցների բարեկարգմանը, որից շուրջ 250 մլն-ը` փոսային նորոգման, մոտ 260 մլն դրամը` հիմնանորոգման եւ 11 մլն դրամը` ճաքալցման նպատակով: Իսկ պետական բյուջեից նախորդ տարի Գյումրու 3 փողոցների մասնակի բարեկարգման համար հատկացվել ու ծախսվել է շուրջ 160-170 մլն դրամ: Այսպիսով` 681-691 մլն դրամ միայն մեկ տարվա ընթացքում ծախսվել է Գյումրու տարբեր փողոցների բարեկարգման համար, սակայն քաղաքի փողոցների ամբողջապես բարեկարգման համար միլիարդներ են պետք:
Նախորդ տարի Գյումրի այցելած ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգի իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, օրինակ, հայտնել էր, որ հանրապետության տարբեր փողոցների, մայրուղիների, ճանապարհների ասֆալտապատման համար տարեկան նախատեսված գումարի եռապատիկն է անհրաժեշտ միայն Գյումրու փողոցներն ասֆալտապատելու համար:
Այս պարագայում կարեւոր է նաեւ այն, որ Գյումրու ջերահեռացման համակարգի մի մասը չափազանց մաշված է, իսկ քաղաքի շատ հատվածներում չկա ջրահեռացման համակարգ եւ շատ հաճախ նորոգված փողոցներում տարիներ անց նկատվում է փոսալցման ու ճաքալցման աշխատանքների անհրաժեշտություն, հետեւաբար` կրկին խոշոր գումարների ներդրում:
Մանրամասներն` այստեղ