Գյումրեցի Մարտունիկ Քարտաշյանը աջակցություն է խնդրում նախարար Արտեմ Ասատրյանից
Պետական տարբեր կատույցներից մերժում ստանալուց հետո 72-ամյա հաշմանդամ տարեց գյումրեցին դիմում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին:
Մոտ մեկ տարի առաջ «Ասպարեզի» խմբագրություն դիմած 72-ամյա Մարտունիկ Քարտաշյանը Շիրակի մարզի պատգամավորներին խնդրել էր աջակցել իրեն, որպեսզի կարողանա ստանա խորհրդային տարիներին բանկերում պահ տված իր գումարները: Այս մեկ տարվա ընթացքում պատգամավորներից եւ ոչ մեկը չի արձագանքել ու աջակցել տարեցին: 72-ամյա գյումրեցին ունի հաշմանդամության 2-րդ կարգ, շարժվում է շատ դժվարությամբ` քայլակի օգնությամբ:
Մ.Քարտաշյանի սեղանին այսօր նամակների, նամակների պատասխանների տրցակն է. խնդրանքի եւ խնդրանքի մերժման բովանդակությամբ տարբեր ամիսների, տարիների թվագրությամբ գրություններից 72-ամյա տարեցն արդեն հոգնել է: Գումար չլինելու եւ կառավարության չաջակցելու պատճառով երկարաձգվում է նրա ոտքի հոդի վիրահատությունը:
«2-րդ խմբի անժամկետ հաշմանդամ եմ, ընդգրկված եմ «Փարոս» համակարգի նպաստառուների կազմում: Կինս տառապում է շաքարային դիաբետով. երկուսս էլ, ինչպես նաեւ որդիս, չենք աշխատում, գոյատեւում ենք կենսաթոշակով եւ աղքատության նպաստով: Ինձ անհրաժեշտ է կատարել ազդոսկրային հոդի ներքին պրոթեզավորում, քանի որ հիվանդության գրեթե վերջին փուլն եմ հատում (3-4-րդ ստադիա) ու կիսագամված եմ անկողնուն` ունենալով խիստ սահմանափակ շարժունություն ու ունակություն: Էնդոպրոթեզ սարքը թանկարժեք է, իսկ ընտանիքս չունի համապատասխան գումար, ուստի, չունենալով հավելյալ եկամուտ, ապավինում եմ Ձեր օգնությանը, որ ստանամ իմ հասանելիք ավանդիս փոխհատուցումը»,-տարբեր կառույցների ուղղված նամակում գրել է Մ.Քարտաշյանը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը երկու անգամ էլ տարեց հաշմանդամին հասցեագրել է նույն բովանդակությամբ գրություն եւ խնդրանքը մեժել:
«…Ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված` մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքերում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց: Դուք Ձեր կարգավիճակով չեք համապատասխանում վերոգրյալ որոշմամբ սահմանված սոցիալական խմբերից որեւէ մեկին, որի պատճառով չունեք ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք: Տեղեկացնում եմ նաեւ, որ «ՀՀ կառավարության 19.05.2014-ի ՀՀ կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշմամբ նախատեսված է իրականացնել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց սոցիալապես խոցելի ավանդատուներին օգնության տրամադրման շարունակական ծրագրեր»,-ասված է պատասխան նամակներում:
-Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին խնդրում եմ, որ բացառության կարգով փոխահատուցի խորհրդային բանկում պահած իմ գումարը, ոտքիս վիրահատությունն անհետաձգելի է,- դիմելով նախարար Արտեմ Ասատրյանին` ասում է 72-ամյա տարեցն ու հուսադրված շարունակում,-ինձ միայն թող իմ գումարը տան, ավանդը փոխհատուցեն, ուրիշ բան չեմ ուզում:
Մարտունիկ Քարտաշյանի ոտքի ազդոսկրային հոդի ներքին պրոթեզավորման գումարը Հայաստանում կազմում է 5 հազար ԱՄՆ դոլար, իսկ արտասահմանում` 16-20 հազա եվրո: