Ռուսաստանում հիմնարար ազատությունների հետ կապված վիճակն ավելի ու ավելի է վատանում. Amnesty International
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Ռուսաստանում անցած տարվա տվյալներով հերթական անգամ արձանագրել է մարդու իրավունքների վիճակի լուրջ վատթարացում, հայտնում է BBC-ն:
Կազմակերպության մարդու իրավունքների հետ կապված վիճակի ամենամյա զեկույցում Ռուսաստանն անվանվում է մի երկիր, որտեղ «կարծիքի ու խաղաղ հավաքների արտահայտման ազատությունը նախկինի պես լրջորեն սահմանափակված է»:
Amnesty International-ի կարծիքով՝ ռուսական իշխանությունները շարունակում են ընդլայնել իրենց վերահսկողությունը ԶԼՄ-ների ու համացանցի նկատմամբ:
«ԶԼՄ-ների մեծ մասն իր խմբագրական քաղաքականության մեջ ոչ մի քայլ չի նահանջել երկրի ներսում ու աշխարհում կատարվող իրադարձությունների նկատմամբ պաշտոնական տեսակետից»,- ասվում է զեկույցում:
ՀԿ-ները նախկինի պես Ռուսաստանում բախվում են ճնշումների ու անցած տարի ամբողջ ուժով իրենց վրա են զգացել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի խստությունը:
Հյուսիսային Կովկասում իրավապահները նշել են զինված խմբավորումների հարձակումների թվի նվազում, սակայն, ինչպես ասվում է զեկույցում, իրավապահ մարմիններն այդ շրջանում նախկինի պես հույսը դնում են ուժային օպերացիաների վրա, առևանգումներ են իրականացնում, անօրինական ձերբակալություններ, ձերբակալվածներին ենթարկում են կտտանքների ու դաժան վերաբերմունքի:
Նշվում է, որ Հյուսիսային Կովկասում իրավապաշտպանների գործունեությունը կապված է ճնշումների, սպառնալիքների ու բռնությունների հետ, այդ թվում՝ կապված իշխանության ներկայացուցիչների կողմից:
Ինչ վերաբերում է փախստականներին, ապա նշվում է, որ 2015թ. առաջին 9 ամիսներին Ռուսաստանը բավարարել է փախստականի կարգավիճակի տրամադրման ընդամենը 96 հայտ, ընդ որում, նրանց թվում ոչ մի սիրիացի չկա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմին, ապա այդտեղ նոր իշխանությունները սահմանափակել են կարծիքի, հավաքների ու միավորումների ազատությունը:
«Ամենաշատը տուժել են Ղրիմի թաթարները»,- արձանագրում է Amnesty-ն: Իշխանությունները փակում են նրանց լրատվամիջոցները, արգելում են միջոցառումներ անցկացնել, շարունակում են բռնաճնշումները Ղրիմի թաթարների ներկայացուցչական օրգանի՝ մեջլիսի վրա:
Amnesty International-ի զեկույցում մեծ տեղ է հատկացված Սիրիայի հակամարտությանը: Իրավապահները դատապարտում են ռուսական իշխանությունների ժխտողական դիրքորոշումը, թե իրենց գործողության հետևանքով կարող են մահանալ խաղաղ բնակիչներ: