«Թուրքիային անհանգստացնում է Հայաստանում ընդլայնվող ռուսական ներկայությունը». թուրք պրոֆեսոր
Նախօրեին Սիրիայի կառավարական ուժերին սատարող Ռուսաստանը և Սիրիայի չափավոր ընդդիմությանը սատարող ԱՄՆ-ը Սիրիայում կրակի դադարեցման հարցում համաձայնության եկան: Համաձայնագիրը չի ընդգրկում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, Ալ-Քաիդայի հետնորդ ալ Նուսրա խմբավորմանն ու բոլոր այն ուժերին, որոնք որակավորված են որպես ահաբեկչական՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կշարունակեն օդային հարվածներ հասցնել այս ուժերին։ 168.am-ը համաձայնության և դրա հնարավոր հետևանքների մասին զրուցել է Ստամբուլի Կադիր Հաս համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս, քաղաքագիտության պրոֆեսոր, քաղաքագետ Միտատ Չելիկպալայի հետ:
– Հայտնի դարձավ, որ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի հաստատման շուրջ, համաձայնությունն ուժի մեջ կմտի ուրբաթ օրը: Հաշվի առնելով ուկրաինական հակամարտության շուրջ համաձայնությունների անհաջող ճակատագիրը, Ձեր կարծիքով` որքանո՞վ կայուն կլինի այս համաձայնությունը:
– Կարծում եմ՝ արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է: Դրական արդյունքը կախված կլինի նրանից` արդյո՞ք կողմերին` Մոսկվային և Վաշինգտոնին, հաջողվել է պայմանավորվել առկա բոլոր հարցերի շուրջ: Մյուս խնդիրն այն է, որ գերտերությունները բանակցում են, համաձայնություններ ձեռք բերում, սակայն մենք տեղյակ չենք հակամարտությունում ներգրավված մյուս ուժերի դիրքորոշումներից, քանի որ, գիտեք, որ սիրիական հակամարտությունում կան մի շարք գործոններ ու խաղացողներ, որոնք անվերահսկելի են: Ուստի վստահ չեմ կարող ասել, որ ռուսներն ու ամերիկացիները համաձայնեցրել են այս բոլոր հարցերը, հաշվի առել նաև այլ խաղացողների դիրքորոշումները, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ համաձայնությունը լիարժեք չէ:
Այնուամենայնիվ, իմ տեսանկյունից՝ սա դրական զարգացում է, որովհետև արդեն կա գործարք գերտերությունների միջև, ինչը նշանակում է, որ Սիրիայում հակամարտությունը գուցե կարգավորվի շատ կարճ ժամանակահատվածում: Սա կունենա դրական ազդեցություն Թուրքիայի քաղաքականության վրա ևս: Իհարկե, եթե գերտերությունները որոշել են Ասադին թողնել իշխանության ղեկին, ապա դա խնդիր է Թուրքիայի համար, սակայն նրանք այլ ելք չունեին: Ցանկացած տեսակի զարգացում և կարգավորում Սիրիայում նշանակում է՝ դրական զարգացում Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականության, ինչպես նաև՝ ռուս-թուրքական առճակատման համար, քանի որ վերացվում են գլոբալ տարաձայնությունները, ինչը Թուրքիային հեռու կպահի հակամարտության հետագա լարումից Ռուսաստանի հետ հարաբերություններում: Եթե ամփոփեմ, ապա սա դրական զարգացում է, բայց ես կարճաժամկետ ապագայում իրավիճակի կարգավորում չեմ ակնկալում:
– Մինչ այս համաձայնությունը մենք տեսնում էինք բավական վտանգավոր իրավիճակ Թուրքիայում և Թուրքիայի շուրջ, թեև Թուրքիայի ԱԳ նախարարը հերքում էր, այնուամենայնիվ, չէին դադարում կանխատեսումներն այն մասին, որ Թուրքիան, ի վերջո, ցամաքային գործողության կդիմի Սիրիայում, որը խնդիր կդառնա իր, Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի համար: Այս համաձայնությունն ինչպե՞ս կանդրադառնա Թուրքիայի քաղաքականության վրա, եթե փորձենք առավել մանրամասն վերլուծել:
– Այս պատճառով էի պնդում, որ սա դրական զարգացում է, քանի որ չեմ տեսնում Սիրիայում թուրքական միջամտության հնարավորություն, քանի որ, գիտեք, այսօր սահմանը փակ է: Ավելին, սա վտանգավոր զարգացում կարող էր դառնալ Թուրքիայի համար, քանի որ, իմ կարծիքով՝ շատ ավելի վտանգավոր ու կարևոր են այն զարգացումները, որոնք այսօր ընթանում են Թուրքիայի ներսում, քան Սիրիայում: Թուրքիան որոշակի գործողություններ է իրականացնում այնպիսի մեծ քաղաքներում, ինչպիսին Դիարբեքիրն է կամ այլ քաղաքները, սա ինտենսիվ գործընթաց է, Թուրքիան ներգրավված է այս զարգացումներում: Սրան զուգահեռ՝ հնարավոր չէ այլ գործողություններ իրականացնել Սիրիայի ուղղությամբ, դա ավելի մեծ անկայունություն կստեղծի Թուրքիայում:
Ուստի յուրաքանչյուր զարգացում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավորության նոր պատուհան է բացում Թուրքիայի համար նաև քրդական հարցում: Այլապես ես հնարավորություններ չեմ տեսնում, քանի որ ռուս-թուրքական, ռուս-ամերիկյան հարաբերությունները լարված են այս պահին, և թվում է, որ Թուրքիան պետք է փոխի իր ռազմավարությունը: Այս պահին Թուրքիայի գործընկերների կամ մեծ տերությունների համաձայնությունը Սիրիայում կամ «Իսլամական պետության» հարցում կարծես դիվանագիտության մեջ մի ընդհանուր օրենք, միտում է ձևավորում բոլոր կողմերի համար:
– Այս պահին կարո՞ղ եք պնդել, որ ռուս-թուրքական հետագա լարում չի լինի:
– Այո, ես այդպես եմ կարծում, քանի որ դիվանագիտություն վարելու ժամանակն է, երբ խոշոր մասնակիցները համաձայնության են եկել սիրիական հարցում, ամենայն հավանականությամբ, ամերիկյան կամ եվրոպական գործընկերները կաշխատեն Թուրքիայի հետ, որպեսզի դիվանագետները համաձայնեցված գործեն, որպեսզի նոր ուղիներ գտնվեն Թուրքիային և Ռուսաստանին հաշտեցնելու համար: Իհարկե, հասկանալի է, որ դժվար է վերադառնալ ռուս-թուրքական հարաբերությունների հին ու բարի օրերին, սակայն կա վտանգը հեռացնելու հնարավորություն, և այդ հնարավորությունը կիրացվի:
– Պարոն Չելիկպալա, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը չէր կարող չանդրադառնալ նաև հայկական արտաքին քաղաքական խնդիրների վրա: Քանի դեռ շարունակվում է ռուս-թուրքական լարվածությունը, հայաստանցի փորձագետները քննարկում են, թե ինչպես Ռուսաստանը կվարվի Հայաստանի հետ՝ Թուրքիայի դեմ գործողություններ իրականացնելու համար, կամ ինչպես Թուրքիան կթիրախավորի Հայաստանին` Ադրբեջանին հաճոյանալու և Ռուսաստանին ճնշելու նպատակով, քանի որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է: Նման սցենարները որքանո՞վ են իրատեսական:
– Համարյա թե անհնար է ստեղծել իրավիճակներ և հարձակվել Թուրքիայից Հայաստանի վրա: Վստահ եմ, որ Թուրքիայում որոշում կայացնողները նույնիսկ չեն մտածում այդ մասին: Հայաստանի առնչությամբ Թուրքիան մի շարք մտավախություններ ունի: Դա վերաբերում է Ռուսաստանի ռազմական բազաներին Հայաստանում, Թուրքիան մտածում է, որ Ռուսաստանը Հայաստանին կարող է հենակետ դարձնել Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ` ապակայունացնելով Հարավային Կովկասը, ինչը խնդիր է ոչ միայն՝ Թուրքիայի, այլև՝ ողջ տարածաշրջանի համար: Հայ-ադրբեջանական բախումների հրահրումը կամ բախումների լարումը սպառնալիք է նույն Թուրքիայի համար:
Կա նման մտահոգություն, քանի որ Հայաստանում Ռուսաստանի ներգրավվածությունը, ռազմական ներկայությունն ընդլայնվում է, իսկ Թուրքիայի մոտ շրջափակման զգացողություններ են առաջանում, քանի որ Ռուսաստանը նոր բազաներ է հիմնում Ղրիմում և Սևծովյան ավազանում, Հայաստանում նույնպես կան բազաներ, իհարկե, նաև Սիրիայում, ստացվում է, որ Թուրքիան հայտնվել է ռուսական շրջափակման մեջ, բնականաբար, սա մտահոգում է Թուրքիայում որոշում կայացնողներին: Բայց սա ամենևին չի նշանակում, որ Թուրքիան հարձակումների կդիմի Հայաստանի ուղղությամբ, Թուրքիան պարզապես հիասթափված է ռուսական քաղաքականությունից: Թուրքիայի համար Սիրիան ու Իրաքը, Ղրիմը և Սև ծովն արդեն բավական մեծ խնդիրներ են, կարիք չկա ավելացնել Հայաստանի կողմից ևս ապակայունացված իրավիճակ: Սա Թուրքիայի շահերից չի բխում:
– Շատ հայ փորձագետներ դրական են գնահատում ՀՀ քաղաքականությունը ռուս-թուրքական լարման ընթացքում՝ պնդելով, որ Հայաստանին հաջողվեց, ի տարբերություն Ադրբեջանի, պահպանել չեզոքություն և չտրվել ռուսական սադրանքներին՝ ընդդեմ Թուրքիայի: Դուք ի՞նչ եք կարծում այս մասին:
– Թուրքիայից դա դժվար տեսանելի է: Թուրքիան տեսնում է, որ Ռուսաստանի դիրքերը, ներկայությունը Հայաստանում ընդլայնվում են, հայ-ադրբեջանական հարաբերություններում ևս չկան դրական զարգացումներ, սա է անհանգստացնում Թուրքիային՝ Հայաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից: Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է բախումներ լինեն, պարզապես Թուրքիան վստահ է, որ Ռուսաստանը չի աջակցում առկա այս խնդիրների դրական հանգուցալուծմանը: Թուրքիային մտահոգում է նաև ԼՂ հակամարտությունը, քանի որ հակամարտության գոտում նոր պատերազմը իրական մղձավանջ կդառնա Թուրքիայի համար, քանի որ Թուրքիան չունի ներուժ կողմերի միջև բախումները կանխարգելելու կամ հակամարտությանը միջամտելու համար:
Թուրքիայի իշխանությունները չեն ցանկանում տարածաշրջանում ռազմական գործողությունների մասնակից դառնալ, դրա ռեսուրսը չկա, դա վտանգավոր է նաև: Ցանկացած տաք պատերազմ Թուրքիայի համար մղձավանջ է: Տեսնում եք, որ Թուրքիան չունի այդ ներուժը և չի ցանկանում լարումներ այս պահին, այլապես այլ կլիներ Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում:
– Վերջին շրջանում շատ են քննարկվել նաև Թուրքիայի իշխանությունների անդրադարձները ԼՂ հակամարտությանը, վերջերս նրանք շատ են խոսել ԼՂ հակամարտության մասին, որ ՀՀ-ն պետք է վերադարձնի ադրբեջանական տարածքները, ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի: Ի՞նչ դիտանկյունից պետք է ընկալել այս հայտարարությունները: Գուցե Թուրքիան ցանկանում է մասնակցե՞լ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
– Ոչ, նման հավանականություն այս պահին չկա, քանի որ Թուրքիան պարզապես Հայաստանից ակնկալում է դրական փոքրիկ քայլեր, թույլ տվեք ասել, որ ակնկալում է գոնե մեկ կամ երկու օկուպացված տարածքի վերադարձ Ադրբեջանին, ԼՂ հակամարտության կարգավորումը մեծ խնդիր է, այս պահին դժվար է ակնկալել մեծ կարգավորում, բայց փոքրիկ քայլերը, Թուրքիայի տեսանկյունից՝ Ադրբեջանին կգոհացնեն` թուլացնելով ինչպես՝ ԼՂ հակամարտության գոտու, այնպես էլ՝ հայ-թուրքական հարաբերությունների լարվածությունը:
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Հայաստանն ու Թուրքիան կորցրել են շփումները, սա բացասական հետևանքներ է ունենում ինչպես՝ Թուրքիայի և Հայաստանի, այնպես էլ՝ տարածաշրջանի համար: Թուրքիան հասկանում է, որ կարող է պարզապես աջակցել կարգավորման գործընթացին միայն խաղաղ եղանակով: Ես չեմ կարծում, որ Թուրքիայի կողմից կա նման սպառնալիք, դա սխալ ընկալում է, Ռուսաստանի իշխանությունները դա օգտագործում են: Բայց եթե թուրք ցանկացած գործչի հարցնեք ԼՂ հակամարտության մասին, նա Ձեզ կպատասխանի, որ ակնկալում է Հայաստանից որոշակի խոստումնալից կամ դրական քայլեր: Սա պաշտոնական դիրքորոշում է, բայց ագրեսիվ միջամտության Թուրքիան չի դիմի:
– Նշում եք, որ Թուրքիան արդեն իսկ զբաղված է ներքին խնդիրներով, զարգացումներով՝ Իրաքի և Սիրիայի շուրջ, այնուամենայնիվ հետաքրքիր է խոսել նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Ե՞րբ կարելի կլինի ակնկալել որոշակի առաջընթաց այս հարաբերություններում:
– Կարծում եմ, որ այդ առաջընթացը դեռ հեռու է: Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կապված են ԼՂ հակամարտության հետ, ցանկացած քայլ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ կարող է անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների վրա: Հայաստանից, ինչպես նշեցի, երկու շրջանից զորքերի դուրսբերումը կարող է որոշիչ դառնալ հայ-թուրքական հարաբերությունների համար, դա շատ արագ կարող է տեղի ունենալ: