«Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատից հափշտակություն կատարելու գործով մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչում
«Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատից առանձնապես խոշոր չափերի վառելիքի հափշտակության գործով կալանավորված Գոռ Ստեփանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նրա պաշտպան Գարիկ Խաչիկյանը:
Քրեական գործը քննում է ՀՀ քննչական կոմիտեն. խոսքը 73 մլն դրամի վառելիքի հափշտակության մասին է: Փաստաբան Գարիկ Խաչիկյանի խոսքով՝ 35-ամյա Գոռ Ստեփանյանը որպես ավագ երթակարգավար՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունում աշխատանքի է անցել 2015թ. հունվարից և աշխատել մինչև մայիս ամիսը. «Ինչպես նրանից առաջ, այնպես էլ Գոռի աշխատած ժամանակահատվածում կոմբինատում հաճախ չպլանավորված իրավիճակներ են ստեղծվել, որոնք արագ արձագանքման անհրաժեշտություն են առաջացրել: Նման իրավիճակները լուծելու համար երկու անսարք ավտոմեքենաների վրա կազմվել են կեղծ ուղեգրեր, որոնցով դուրս է գրվել 3 մլն 850 հազար դրամի վառելիք, որը կազմում է մոտ 9 տոննա»: Փաստաբանի խոսքով՝ քննության ընթացքում Գոռ Ստեփանյանն ընդունել է երկու անսարք ավտոմեքենաների համար կեղծ ուղեգրեր ձևակերպելու հանգամանքը, իր ցուցմունքներում նշել է, թե վառելիքն ինչ նպատակով է օգտագործվել. «Անառարկելի է, որ նման պայմաններում նախաքննություն իրականացնող մարմինը պարտավոր է ստուգել մեղադրյալի կողմից հիշատակված պատճառաբանությունները, սակայն ավելի քան 9 ամիս տևող նախաքննությամբ այս հարցի շուրջ Գոռ Ստեփանյանի հետ առերես հարցաքննություններ չեն կատարվել, ինչը հիմնավոր հետևությունների է բերում, որ վերջինիս պատճառաբանությունները չեն հերքվել»: Նշենք, որ նախաքննության ընթացքում Գոռ Ստեփանյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, լրացվել. սկզբնական շրջանում խոսք է գնացել այն մասին, որ դիզելային վառելիք և բենզին ստանալու իրավունք վերապահող թվով 88 կեղծ փաստաթուղթ է կազմվել և խարդախությամբ իրավունք ձեռք բերվել 3.850.000 դրամի բենզինի և դիզելային վառելիքի նկատմամբ:
Փետրվարի 4-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հափշտակության այլ դրվագներ ևս։ Մասնավորապես՝ բացի վերը նշված 88 ուղեգրից, հայտնաբերվել և առգրավվել է ևս 1875 ուղեգիր, որոնց հիման վրա դուրս է գրվել 69.820.548 դրամ ընդհանուր արժողության 166.915 լիտր դիզելային վառելիք և բենզին: Ըստ կոմիտեի՝ քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ 2015թ. հունվար-մայիս ամիսներին Գոռ Ստեփանյանն իր անմիջական ղեկավար, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ներքին ավտոհավաքակայանի պետ, վառելիքաքսայուղերի ծառայության ղեկավար Կ.Եդիգարյանի հետ նախնական համաձայնությամբ, փաստաթղթերի կեղծմամբ և խարդախությամբ իրավունք է ձեռք բերել ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի արժողության ՝ 73.670.548 դրամի բենզինի և դիզելային վառելիքի նկատմամբ:
Գարիկ Խաչիկյանն ասաց, որ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. դեկտեմբերի 7-ին Գոռ Ստեփանյանի նկատմամբ գրավ է կիրառել. Գոռ Ստեփանյանն ազատության մեջ է մնացել մինչև 2016թ. հունվարի 11-ը: Վերաքննիչ դատարանը հունվարի 11-ի որոշմամբ Գոռ Ստեփանյանին կրկին կալանավորել է. «Նման որոշման հիմքում դրվել են վարույթն իրականացնող մարմնի պնդումները, թե Գոռ Ստեփանյանի կողմից իրական հափշտակության չափերն իբրև անհամեմատ ավելի մեծ են: Որպես այդ դիրքորոշման հիմնավորում՝ 2016թ. հունվարի 22-ին Գոռ Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ այս անգամ, իբր, 1875 կեղծ ուղեգրերով 73 մլն 670 հազար դրամի վառելիքի հափշտակության համար: Պաշտպանության կողմի համոզմամբ՝ նման մեղադրանքը որևէ փաստական հիմք չունի, և այդ եղանակով վարույթն իրականացնող մարմինն ընդամենը լուծում է Գոռ Ստեփանյանին ամեն գնով կալանքի տակ պահելու իր անհասկանալի ձգտումը, քանի որ նախկին մեղադրանքի պայմաններում մեծ էր հավանականությունը, որ վճռաբեկ դատարանը կբավարարեր մեր միջնորդությունը, և Գոռ Ստեփանյանին կազատեր կալանքից, կամ էլ դատարանները հետագայում չէին երկարացնի նրան կալանքի տակ պահելու ժամկետը: Այն մասին, որ նոր մեղադրանքը չի կարող լուրջ ապացուցողական հենք ունենալ, խոսում են հետևյալ փաստերը: Նախ՝ տնտեսական հանցագործությունների քննության հետ քիչ թե շատ առնչություն ունեցող յուրաքանչյուր անձ կվկայի, որ հափշտակության հիմնական ապացույցը դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունն է: Նման փորձաքննություն նշանակվել է 2015թ. սեպտեմբեր ամսին, սակայն փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Ավելին, չի ստացվել նաև նույն ժամանակահատվածում նշանակված փաստաթղթաբանական և ձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը»,- ասաց փաստաբանը: Նա նշեց, որ ըստ նոր մեղադրանքի՝ Գոռ Ստեփանյանը կատարել է 1875 ուղեգրերի կեղծիք. նույն փաստաթղթաբանական և ձեռագրաբանական համալիր փորձաքննությամբ պետք է միայն հաստատվեր կեղծիքի փաստը, առավել ևս՝ դրանց՝ Գոռ Ստեփանյանի կողմից կատարված լինելու հանգամանքը: Փաստաբանն ընդգծեց, որ չունենալով դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը՝ անհնար է վերջնական եզրահանգում կատարել հափշտակության չափի, վնասի առաջացման համար պատասխանատուների առումով: «Բացի այդ՝ եթե հավատանք վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված կեղծ ուղեգրերի և հափշտակության ծավալների մասին տվյալներին՝ կստացվի, որ Գոռ Ստեփանյանը կարողացել է ընդամենը 4 ամսվա ընթացքում հափշտակել 166 տոննա վառելիք, ինչը կոմբինատի ներքին ավտոհավաքակայանի 1 ամսից 3 օրվա ծախսի չափն է: Այսինքն՝ ներքին ատոհավաքակայանն այդ պայմաններում 1 ամիս 10 օր հնարավորություն չպետք է ունենար ընդհանրապես աշխատելու»,- ասաց փաստաբան Գարիկ Խաչիկյանը: Նա նշեց նաև, թե կոմբինատում վառելիքի ստացման, դուրսգրման, հաշվետվությունների ներկայացման այնպիսի մեխանիզմներ են մշակված, որոնց պայմաններում անհնարին է Գոռ Ստեփանյանի նման միջինից ցածր ստորաբաժանման ղեկավարի կողմից 4 ամսվա ընթացքում նման հսկայական հափշտակության կատարումը:
Փաստաբանն ասաց նաև, որ դատարանների կողմից Գոռ Ստեփանյանին կալանավորելու կամ կալանքի ժամկետը երկարացնելու որոշումներում իրական հիմք չի նշվել, սակայն վերջիններս պարտավոր են դա անել: Նրա խոսքով՝ որոշումների մեջ նշվում է, թե ազատության մեջ մնալով՝ Գոռ Ստեփանյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը՝ վկաների նկատմամբ անօրինական գործողություններ կատարելու եղանակով, որ նա Քաջարանի բնակիչ է, վկաների մեծ մասը ևս Քաջարանի բնակիչներ են, և այս պայմաններում նման հանգամանքը բացառել հնարավոր չէ: Փաստաբան Գարիկ Խաչիկյանն ասաց, որ իրոք Գոռ Ստեփանյանը ծնվել է, մեծացել Քաջարանում, իրոք վկաների մեծ մասը Քաջարանի բնակիչներ են, սակայն Գոռ Ստեփանյանը Քաջարանում բնակվող հարազատներ ունի, և եթե նպատակ լիներ որևէ անօրինական գործողություն կատարել վկաների նկատմամբ, ապա պարտադիր չէ, որ Գոռ Ստեփանյանն ազատության մեջ լինի, դա կարող էին անել նաև նրա հարազատները: Բայց, ըստ նրա, 9 ամսից ավելի է՝ նախաքննություն է ընթանում, և վարույթն իրականացնող մարմինը որևէ փաստ չունի, որ մեղադրյալի հարազատները որևէ մեկի նկատմամբ անօրինական գործողություններ են կատարում: Փաստաբանը տեղեկացրեց, որ Գոռ Ստեփանյանին կալանավորելու վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել, սակայն առայժմ չեն ստացել դատարանի որոշումը՝ բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին:
Նշենք, որ այս քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Գոռ Ստեփանյանի անմիջական ղեկավար, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ներքին ավտոհավաքակայանի պետ, վառելիքաքսայուղերի ծառայության ղեկավար Կ.Եդիգարյանին: