Ռուսաստանի հայաստանյան գործակալների գաղտնազերծումն ԱՄՆ-ի կողմից ռումբ կդառնա ՀՀ ներքաղաքական երկնակամարում

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը, 2012թ., լինելով ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ ներկայացրել էր «Լյուստրացիայի մասին օրինագիծ»։ Ի թիվս մի շարք գործողությունների, ըստ Սաֆարյանի ներկայացրած օրինագծի, օտար երկրների հատուկ ծառայությունների հետ հնարավոր համագործակցությունը պարզելուց հետո համապատասխան հանձնաժողովը պետք է այդ բացահայտումից հետո դիմեր պատկան մարմիններին՝ այդ անձանց պաշտոնանկության գործընթաց սկսելու պահանջով, կամ առաջարկել տվյալ անձին՝ ինքնակամ հրաժարվել պաշտոնից։

Վերջերս ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է օրինագիծ, որը երկրի հետախուզական մարմիններին պարտավորեցնում է իրեն տեղեկություն տրամադրել ՌԴ հատուկ ծառայությունների կողմից նախկին խորհրդային հանրապետություններում քաղաքական կուսակցությունների ու ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին։ Որոշ ԶԼՄ-ներ արդեն տեղեկություններ են հայտնում, թե հետխորհրդային երկրների թվում Ուկրաինան կարող է լինել առաջին երկրներից մեկը, որտեղ կբացահայտվի ՌԴ հատուկ ծառայությունների ագենտուրան։ Այս հարցերի շուրջ է մեր զրույցը Ստեփան Սաֆարյանի հետ։

– Պարոն Սաֆարյան, ըստ Ձեզ՝ օրինագծի հաստատման դեպքում որքանո՞վ լուրջ գործընթաց կարող է սկսվել հետխորհրդային տարածքում, և ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ։

– Անշուշտ, այս պահին խոսել այն մասին, որ սա վերաբերելու է հետսովետական բոլոր երկրներին, դեռևս վաղ է։ Պարզապես մի խնդիր կա, որը չափազանց ակտուալ է այժմ, և որի տարբեր դրսևորումները մենք տեսնում ենք և՛ եվրոպական, և՛ ամերիկյան մակարդակներում։ Հարցը վերաբերում է երկու կարևոր բաղադրիչի, որոնցից առաջինը տեղեկատվական ազդեցությունն է։ Պատահական չէր, որ Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց՝ մտահոգություններ հայտնելով, որ Ռուսաստանն ինքն էլ բավականին ագրեսիվ քաղաքականություն է վարում, այդ թվում՝ Եվրոպայում, ներխուժելով տեղեկատվական տարածություն։

Գաղտնիք չէ, որ բաց և ակնհայտ առավելություններ նա ունի հետխորհրդային տարածքում, պատահականությունների շարքից չէր Ուկրաինայում ռուսական հեռարձակումների արգելումը, պատահականությունների շարքից չէր ԱլԳ շրջանակներում Քաղաքացիական պլատֆորմի մակարդակով հայտարարության ընդունումը, որ ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը պետք է արգելվի Հայաստանում և ԱլԳ մյուս երկրներում, որովհետև այդ հեռուստաընկերությունները թշնամության և ատելության քարոզ են անում։

Երկրորդ խողովակը, որը չափազանց կարևոր է քաղաքական գործընթացներում, հատուկ ծառայությունների խողովակն է։ Ի նկատի ունեմ հատուկ ծառայությունների գործակալների ծավալած գործունեությունը հետխորհրդային երկրներում, որի ամենավառ վկայությունը դարձան ուկրաինական իրադարձությունները 2013թ. ամռանը, երբ ուկրաինական կողմը հայթայթեց հատուկ ծառայությունների պատրաստած ծրագիրը և հրապարակեց այն, որտեղ շատ համալիր գործողությունների պլան էր ներկայացված Ուկրաինան Եվրասիական տնտեսական միության մեջ ներգրավելու ուղղությամբ։ Այս առումով ես ունեմ բավականին ծավալուն շարք, որում նկարագրում եմ, որ ակնհայտորեն Ուկրաինայի որոշումների վրա ազդում են այլ երկրների հատուկ ծառայություններ, այսինքն՝ Ռուսաստանի, և դրանց համար էին աշխատում Ուկրաինայի գործակալները։ Հետևաբար, քանի որ այսպիսի փաստերից հետո միջամտության խողովակները շարունակում են պահպանվել, իսկ Ուկրաինան վերջին շրջանում փորձ արեց լյուստրացիայի, բայց դա ակնհայտորեն դեռևս բավարար ազդեցություն չի թողնում, քանի որ այս երկրները շատ ավելի կախյալ են Ռուսաստանից, քան, օրինակ, արևելաեվրոպական երկրները, որոնք շատ ավելի անխոչընդոտ իրականացրեցին գաղտնազերծման գործընթացը, բնականաբար, այդ պատասխանատվությունն իր ձեռքն է վերցնում ԱՄՆ-ը։

Եթե այս երկրների ղեկավարները վախենում են դա իրականացնել, բնականաբար, մենք պետք է հասկանանք, որ լյուստրացիան իրականացվելու է դրսից և առայժմ՝ Ուկրաինայում, ինչը, իհարկե, չի նշանակում, որ միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով նույնը կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի դեպքում։ Ի վերջո, Հայաստանն էլ 2011-2012 թթ. ցույց տվեց, որ չի կարողանում լյուստրացիա իրականացնել։

Այսինքն՝ դրսում էլ են տեսնում, քանի որ այս հարցը նրանց ուշադրության կենտրոնում է, և տեսնում են, որ ՀՀ-ն խուսափում է, չի կարողանում անցկացնել լյուստրացիա, Վրաստանը դա ինչ-որ կերպով արեց, Ուկրաինան՝ ևս, բայց մյուս հետխորհրդային երկրները վախենում են դա անել, և այս կտրվածքով, թերևս, եկեք ուշադրություն հրավիրենք ՀՀ ԱԱԾ պետի պաշտոնում շատ հետաքրքիր կադրի նշանակման վրա՝ համակարգից ավելի շատ դուրս աճած կադր։ Թե դա ի՞նչ ազդեցություն կունենա, նոր պետի գործունեությունն արդյո՞ք կխոչընդոտի արտաքին ազդեցությունների նվազեցմանը ՀՀ-ում քաղաքական որոշումների և գործընթացների վրա, դրանից կախված կլինի այն, թե Հայաստանն ինքը կդառնա՞ Ուկրաինայի նման օբյեկտ ԱՄՆ-ի համար, թե՞ պարզապես այս պահին ԱՄՆ-ը քաղաքական այլ նկատառումներով ձեռնպահ կմնա։

– Եթե, այնուամենայնիվ, գործընթացը հասնի Հայաստանին, ի՞նչ հետևանք կունենա Հայաստանում, որտեղ հիմնականում ռուսական ազդեցության տակ են բոլոր ոլորտները։

– Դա շատ մեծ աղմուկ է, չափազանց մեծ, որովհետև, ակնհայտորեն, հին, վատ ավանդույթները շարունակվում են՝ Հայաստանի անվտանգության ծառայությունները և համակարգն առանձնացված չեն սովետական ԿԳԲ-ի համակարգից, և այժմ էլ՝ ռուսական հատուկ ծառայություններից։ Անընդհատ այս կամ այն անձի վերաբերյալ սկանդալային տեղեկատվություն հրապարակ նետելը դառնալու է լուրջ ներքաղաքական խմորումների և զարգացումների առարկա։ Իհարկե, այն մարդկանց անունների հրապարակումը, որոնք մինչ այժմ դիմադրել են լյուստրացիայի մասին օրենքի ընդունմանը, ռումբ է դառնալու ներքաղաքական երկնակամարում։

– Քաղաքականությամբ հետաքրքրվողների համար հիմնականում պարզ է, թե ովքեր են ծառայում այս կամ այն հատուկ ծառայություններին։ Սա գուցե ժամանակավոր աղմուկ բարձրացնի, իսկ հետո ի՞նչ տեղի կունենա, եթե խոսքը Հայաստանի նման երկրի մասին է, որտեղ իսկապես Ռուսաստանի ազդեցությունը մրցակցությունից դուրս է։ Այդ փոփոխությունն ինչպե՞ս է լինելու, եթե հակադիր ուժեր չկան։

– Դուք կարծես թե ասում եք, որ մենք շատերին գիտենք։ Ոչ, մենք շատերին չգիտենք։ Ում էլ գիտենք, նա երբեք չի հայտարարի, որ ինքը սպասարկում է այլ պետության շահերը՝ ի պաշտոնե։ Դա արդեն դառնում է հայրենիքի դավաճանություն, կապ չունի՝ Ռուսաստա՞նն է, թե՞ որևէ այլ երկիր։ Երկրորդը՝ մենք չգիտենք, թե այս կամ այն գործարքը, որոշումը, որ կայացվել է, ովքեր են դրա վրա ազդել և ինչու։ Դրանք շատ տարբեր տնտեսական գործարքներ կարող են լինել, և, որ հետաքննություններ սկսվեն և պարզ դառնա, որ այդ գործարքները պարզապես տեղի են ունեցել, քանի որ որոշում կայացնողները եղել են Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, դա քրեական հանցագործության առիթ է դառնալու։

Ուստի կրկին ասում եմ, որ մենք դեռ լիովին չենք պատկերացնում, թե այդ պայթյունն ինչ չափերի է լինելու։ Քննարկման են դրվելու տնտեսական, քաղաքական, ռազմական որոշումներ։ Եվ դուք չգիտեք, թե բարձրից մինչև ներքև ովքեր ինչ դերակատարություն են ունեցել այս ամենում, ովքեր են հասունացրել այդ գործարքն ու ինչպես։ Հետևաբար՝ այն կարծիքին չեմ, թե մենք բոլորին գիտենք։ Հնարավոր է՝ չենք էլ կասկածում այնպիսի մարդկանց, որոնք անցնում են այդ գործերով։

Առայժմ, եթե ասում են՝ Ուկրաինա, նշանակում է, որ առայժմ ԱՄՆ-ին Ուկրաինայի խնդիրն է հետաքրքրում, և պատահական չէ, քանի որ հակամարտությունն այնտեղ չի մարում, լուծումները չեն երևում, և այս կտրվածքով Ուկրաինայի հանգուցալուծումն է առաջնայնություն, ուստի Ուկրաինայում են փորձում կտրել պորտալարը։ Արդյո՞ք դրանից հետո որոշում կկայացվի՝ նույնն անել Հայաստանի և Ադրբեջանի դեպքում, դժվար է ասել։

Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի ունեցավ հատուկ ծառայությունների ղեկավարի փոփոխություն, իհարկե, թվում է, թե Հայաստանում էվոլյուցիոն փոփոխության հետ գործ ունեինք, իսկ Ադրբեջանում՝ ռևոլյուցիոն։

Ադրբեջանում ևս փոփոխության բոլոր պատճառները մինչև վերջ հասկանալի չէին, իհարկե, խնդիրներն առավելապես Իլհամ Ալիևի և նրա իշխանության հետ էին կապված, բայց ի՞նչ ասպեկտներով և դրսևորումներով։ Մենք գիտենք միայն այն, ինչը հրապարակվել էր իշխանության կողմից, մենք ավելին չգիտենք։ Ի վերջո, ես երբեք չեմ մոռանա Ռիչարդ Մորնինգթարի շատ ուշագրավ հարցազրույցը, որտեղ նա բացահայտ խոսում էր իշխանության ներսում այլ երկրների շահեր սպասարկող մարդկանց մասին, տալիս էր Ռամիլ Մեհտիևի անունը, և այլն, և այլն։ Հարցերի պատասխաններ կան, որոնք չգիտենք։ Այս կտրվածքով Ադրբեջանի իրավիճակը վերին աստիճանի հետաքրքիր կարող է լինել։

Տեսանյութեր

Լրահոս