ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ դարձել է միայն ու միայն փողի պակասի տակ ճգնելու հետևանքով
Հարցազրույց Եվրոպահայերի ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ
– Փետրվարի 12-ի ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Արտաքին աշխարհից ներդրումների ներհոսքի համար մակրոտնտեսական կայունությունը և բարենպաստ բիզնես միջավայրը պարտադիր, սակայն ոչ բավարար պայմաններ են. անհրաժեշտ է կատարվող աշխատանքներին զուգահեռ՝ մեր երկրի հարաբերական առավելությունները ներդրումներ կատարելու տեսանկյունից ճիշտ փաթեթավորել և արտաքին ներդրողներին ներկայացնել»: Ձեր կարծիքով՝ արդյոք խնդիրը ճիշտ փաթեթավորմա՞ն մեջ է:
– Ճիշտն ասած՝ չեմ կարողանում հասկանալ, թե «ճիշտ փաթեթավորել» ասելով՝ ինչ նկատի ունի: Հայաստանն իր տնտեսական բացարձակ պայթյունից ու ճգնաժամից կարող է դուրս գալ միայն հզոր ներդրումների ներգրավման միջոցով: Հնարավո՞ր է արդյոք ներդրումներ ներգրավել:
Իմ պատասխանն աներկբա է՝ այո, հնարավոր է: Մենք միշտ էլ ունենք ներդրողներ, որոնց կարողանում ենք էյֆորիայի մեջ գցել, անիրական բաներ խոստանալ, Հայաստանը ներկայացնել՝ որպես ներդրումային հրաշք երկիր, բերել այստեղ, բայց դա միշտ վերջանում է նրանով, որ մեր ներդրողները խաբված հեռանում են երկրից: Կոնկրետ փաստը, որը բավականին աղմկահարույց եղավ, «Նաիրիտ» գործարանի վերականգնման խնդիրն էր, որի համար ներդրող գտնելը հեշտ չէր, բայց մենք սարսափելի դժվարությամբ կարողացել էինք ճգնաժամային վիճակում Կոնգոյում, Կուբայում և այլ բանանային երկրներում գործարաններ վերականգնած ճգնաժամային խումբ ներգրավել: Հարցն ավարտվեց նրանով, որ Երվանդ Զախարյան կոչված նախարարն իր շահը չկարողացավ այնտեղ տեսնել և չհանդիպեց ներդրողների հետ:
Վարչապետը նույնպես չընդունեց ներդրողներին: Դրանից հետո մենք այլևս դադարեցինք ՀՀ-ի համար ներդրողներ փնտրել և համակարծիք եղանք սփյուռքում տարածված այն կարծիքին, որ քանի «գործում» են այսօրվա իշխանությունները, ՀՀ-ում ոչ մեկը չի գա ներդրումներ անելու պարզ պատճառով. ցանկացած նախարար մտածում է, թե ինքն ինչ է փախցնելու այդ ներդրողի կողմից ներկայացվելիք գումարներից: Կոնկրետ Երվանդ Զախարյանի համար հենց սկզբից մեզ ասացին (միջնորդի անունը ես չեմ տա)՝ եկեք պայմանավորվենք, որ պետք է նախապես ասենք, որ մի 5 մլն եվրո պետք է տաք տարբեր պարտքերի փակման համար և պետք է առձեռն տաք, քանի որ անհնար է Զախարյանի հետ բանակցել, եթե այդ առձեռն գումարը նրան չխոստանաք:
Բնական է, որ ես դա ներդրողներին նույնիսկ չներկայացրեցի: Ես ասացի՝ պետք է Երվանդ Զախարյանն ամեն օր քնելուց երազի և ամեն շաբաթվա վերջ գնա եկեղեցի ու մոմ վառի, որ մենք «Նաիրիտը» վերականգնենք, իսկ կաշառք տալն ուղղակի աբսուրդ և հիմար միտք է: Նման իրավիճակում որևէ մեկը կգա Հայաստան, ներդրո՞ւմ կանի: Արդեն պետք չէ զարմանալ, որ ՌԴ-ն է հրաժարվում ՀՀ-ում ներդրումներ անելուց: Մնացած հեքիաթները՝ տարբեր ոճաբանական, տերմինաբանական բանահյուսություններով պաճուճված, որ մարդիկ չհասկանան, թե ինչ է այդ անմիտ նախադասությունների հետևում թաքնված, դրանով ոչ մեկին չես խաբի, և հատկապես՝ ներդրողներին: Ոչ մի ներդրող ոտք չի դնի Հայաստան, որովհետև նրանք գիտեն՝ այսօր իշխանություններին փող է պետք՝ նոր կոալիցիա է կազմակերպվել: ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ դարձել է միայն ու միայն փողի պակասի տակ ճգնելու հետևանքով, նրանք ծախվեցին կամ դիմեցին այդ ստորագույն քայլին՝ դավաճանեցին ընդդիմությանը, ժողովրդին ու ողջ սփյուռքահայությանը՝ միայն այն պատճառով, որ փողը շատ խիստ նվազել է:
Սփյուռքում Հայաստանի դաշնակներին այլևս փող չեն տալիս, ՀՀ-ում նրանք պոստեր չունեն, որ փող գողանան, և ահա գնացին այդ քայլին: Թող մի դաշնակ հույս հայտնի, որ հանկարծ ներդրող է բերելու, կամ էկոնոմիկայի նախարարը մտքի ծայրով անցկացնի, որ 200-300 մլն դոլարի կարգի ներդրող կբերի, որ ինչ-որ մի արտադրություն ոտքի կանգնեցնի:
– Ներդրումների համար խոչընդոտ համարվում է առաջին հերթին՝ կոռուպցիան: ՀՀ իշխանությունը շատ է խոսում, որ կոռուպցիայի դեմ պայքար տարվում է, և քայլ առ քայլ հաղթահարվում է այն: Դուք նման միտում տեսնո՞ւմ եք:
– Այո, ես նման միտում տեսնում եմ: Ես շատ ակնդետ հետևում եմ և տեսնում եմ, որ խոշոր կոռուպցիոներներին լավ քողարկելու համար ծիծաղելի, օրինակ՝ մի քանի հարյուր կամ մի քանի հազար վերցրած խեղճուկրակներին են պատժում: Համատարած թալանի պայմաններում սա ավելի անբարո է, քան ասել, որ ՀՀ-ում կոռուպցիա չկա: ՀՀ-ում կոռուպցիան իր մասշտաբներով հասնում է արդեն ադրբեջանական կոռուպցիային, և ՀՀ-ում չինովնիկի վարքը ոչնչով չի տարբերվում մուսուլմանական երկրներում չինովնիկի վարքից:
Մարդիկ երեխա են պահում ուրիշի հաշվին, և այդպես ազգի 10%-ը շահագործում է 90%-ին, 1 %-ը շահագործում է 99%-ին՝ փողի ավելցուկի մեջ ապրելով ու չհասկանալով իր կյանքի իմաստը, քանի որ չի կարողանում նորմալ հաճույքների վրա ծախսել, իսկ մի մասը, որ կարողանում է իր գլուխը պահել մնացածի հաշվին, մտածում է, թե ե՞րբ հնարավորություն կլինի ձեռք գցած 50-100 հազար փողը վերցնել ու փախնել Հայաստանից:
Իսկ 90%-ը մտածում է, թե վաղվա օրը ոնց է անցկացնելու, երեխային ինչպես պետք է հագուստ գնի, և նման սրտաճմլիկ այլ բաներ: Եթե մեր 100 խոշոր կոռուպցիոներներն իրենց ախորժակը մի քիչ մեղմեն, ապա 1-1.5 մլն մարդ կսկսի նորմալ ապրել: Այսինքն՝ 1.5 մլն հայի դժբախտության պատճառը մի քանի հարյուրից մինչև միլիարդներ ունեցողներն են:
– Օրերս Հայաստան-Եվրամիություն առևտրի և ներդրումների բանակցությունների մեկնարկը տրվեց։ Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանն այս անգամ:
– Եվրամիությունն այնքան ծանր վիճակում է հայտնվել, որ չի կարողանում նույնիսկ այլևս Վրաստանին նայել: Նույնը և՝ ԱՄՆ-ը: Եթե ծանոթ եք, Վրաստանում ներդրումները լիովին ավարտվել են, որոշ հաշվարկներով՝ 18 մլրդ ներդրում է կատարվել, որի աղբյուրներն այսօր ամբողջությամբ սպառվել են: Ուկրաինան ԵՄ-ի համար դարձել է մի թարախապալար, որից ազատվելու ուղին ԵՄ-ն փնտրում է: Այս իրավիճակում ի՞նչ կարող է առաջարկել նա Հայաստանին և հանուն ինչի՞, հանուն հայ-ռուսական բարեկամությա՞ն, հանուն ԵՏՄ-ին անդամակցությա՞ն:
Այսինքն՝ նաև քաղաքական տեսակետից աբսուրդ է, որ ԵՄ-ն ձեռք մեկնի Հայաստանին, և օբյեկտիվորեն չի կարող ՀՀ-ի հետ աշխատել արժանվույնս: Իսկ եթե փոքրիկ ինչ-որ մի 2 բան, մի քանի 100 մլն եվրո կփախցնեն, որ իրենց տուն տանեն, դա ես հնարավոր եմ համարում: Ի՞նչ է, ՀՅԴ-ն իզո՞ւր դարձավ կոալիցիայի անդամ: Նրանք պարտադիր պետք է վարկեր ձեռք գցեն, հայտարարեն, թե մեր երկրի արտադրությունը փրկելու ուղի գտան, գումարները բաժանեն ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև, և վերջ: Ուրիշ բան մի ակնկալեք: Այսօր ՀՀ իշխանությունները ցանկացած պայմաններով վարկեր են որոնում, միայն թե Հայաստան փող մտնի, և իրենք կարողանան իրենց ծախսերը բավարարեն, որովհետև իրենց ծախսերը գերազանցում են իրենց հնարավորություններին: Այսպիսի իրավիճակ է այսօր Հայաստանի իշխող էլիտայի մոտ: