Արդյոք մեծ պահքի օրերին իրականացվո՞ւմ է մկրտության և պսակադրության խորհուրդ
– Արդյոք մեծ պահքի օրերին իրականացվո՞ւմ է մկրտության և պսակադրության խորհուրդ: Մկրտության և պսակադրության խորհրդի ժամանակ կնքահայր կամ խաչքավոր կարո՞ղ է լինել հարազատներից որևէ մեկը: Հնարավո՞ր է արդյոք նույն անձի մկրտության և պսակադրության խորհուրդները կատարել մեկ օրում: Ի՞նչ պարագաներ են անհրաժեշտ մկրտության խորհրդի կատարման համար:
– Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների համաձայն մկրտությունը կատարվում է ութ օրեկանում, այսինքն՝ երեխայի ծննդյան ութերորդ օրը։ Կանոնը ենթադրում է, որ եկեղեցական տոնացույցից անկախ՝ այդ թվում նաև Մեծ պահքի ժամանակ, մկրտությունը պետք է տեղի ունենա ութերորդ օրը ։ Սա նշանակում է, որ մեր՝ թվում է թե, քրիստոնյա հասարակության մեջ, այս կանոնը որպես բացարձակ օրենք պետք է պահպանվեր։ Սակայն դա ամենևին այդպես չէ։ Այս հանգամանքներում օրինաչափ է Ձեր հարցը, որովհետև, շատ քչերն են հետևում այս կանոնին։ Հանկարծ իր «հեղինակավոր կարծիքը» կասի պառավական նախապաշարումներով զինված տատիկը, թե «քառասունքը պետք է անցնի՝ նոր մկրտենք», կամ. «Հանկարծ երեխան կմրսի», կամ. «թող մեծանա՝ նոր կմկրտենք. Այժմ միջոցներ չունենք» և այլն։ Իսկ եթե մկրտությունը անորոշ ժամանակով հետաձգվում է, հռետորական հարց է ծագում, թե «Ե՞րբ»։
Ես կասեի. «Ինչքան շուտ, այնքան լավ»։ Ինչ վերաբերում է չափահասին՝ Մեծ Պահքի ժամանակ և ընդհանրապես, մկրտության նախապատրաստությունն անհրաժեշտ է։ Հոգևոր կյանքում ավտոմատ կերպով ոչինչ չի կատարվում։ Անհրաժեշտ է, որ չափահաս մկրտվողը մտածի իր հոգևոր կյանքի մասին և նախապես դիմի հոգևորականին մկրտվելու համար, որ ոչ թե ամուսնանալու իրավունք ստանալու համար, այլ Աստծո արքայության փափագով ամենայն պատասխանատվությամբ մկրտության պատրաստվելու համար և գիտակցաբար մկրտվի և շարունակի նույն պատասխանատվությամբ ապրել Եկեղեցու քրիստոնեական ավանդույթների համապատասխան, մասնակցի պատարագներին՝ Սուրբ Հաղորդության խորհրդին, և շտկի իր հոգևոր կյանքը ամեն մեղքից դեպի արդարություն։
Սա նշանակում է, որ չափահասը պետք է Մեծ Պահքի ընթացքում քահանայի հսկողությամբ աղոթքով, պահքով և հոգևոր ընթերցանութայմբ նախապատրաստվի և ապա գա մկրտության, իսկ թե ե՞րբ կմկրտվի, թող քահանան ինքը որոշի։ Եվ, ընդհանրապես, պետք չէ շատ բան իմանալ։ Եթե մկրտություն կամ պսակադրություն եք ուզում կազմակերպել, օրը դուք մի որոշեք, դիմեք քահանային՝ թող ինքը որոշի, թե երբ մկրտի կամ պսակադրի։ Կարևորը մկրտվողներն ու պսակադրվողներն են, ոչ թե նրանց համար ուրախացողները։ Այս իմաստով թե՛ մկրտվողները և թե՛ պսակադրվողները պետք է նախապատրաստվեն։
Կնքահայրը արյունակից հարազատ չպետք է լինի, կամ յոթ պորտ հեռու։ Խաչքավոր կարող է լինել նաև հարազատ մարդը, բայց սովորաբար խաչքավոր լինում է փեսայի կամ հարսի կնքահայրը։ Նույն օրում մկրտվել և պսակադրվել չի կարելի։ Այսպիսի հանցավոր բացթողում կատարվել է առաջներում, որոշ անգիտակից հոգևորականների կողմից, սակայն այսօր մեզ ոչինչ չի խանգարում ճշտորեն պահել մեր հայրերի կանոնները։ Պետք է մկրտվել ոչ թե պսակադրության իրավունք ստանալու համար, այլ՝ Աստծու Արքայությանն արժանանալու համար։ Պետք է կրկնեմ. մկրտության կամ պսակադրության օրը որոշելը քահանայի իրավասությունն է, դուք օրը մի որոշեք։
Մկրտության համար անհրաժեշտ է եկեղեցի բերել երկու մոմ, նոր սրբիչ, խաչը` նարոտով: Նարոտը հյուսում են միայն կարմիր և սպիտակ թելերից, վրան անցկացնում խաչը:
Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am