«Հայաստանը չդարձավ խաղալիք Ռուսաստանի ձեռքում». Կայծ Մինասյան

168.am-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը

Պարոն Մինասյան, Թուրքիայում տեղի ունեցած երկու ահաբեկչական գործողություններն էլ ավելի են սրել իրավիճակը երկրի ներքաղաքական և արտաքին քաղաքական կյանքում՝ այն ժամանակ, երբ արդեն մի քանի շաբաթ է, քննարկվում է Թուրքիայի` Սիրիա ռազմական միջամտության հարցը, որն այսօր որոշ փորձագետներ էլ ավելի իրատեսական են համարում: Ինչպե՞ս սա կանդրադառնա ռուսթուրքական հարաբերությունների վրա Սիրիայում:

– Անշուշտ, իրավիճակը Թուրքիայի և Ռուսաստանի միջև չափազանց լարված է: Այս երկու երկրները   ղեկավարվում են բռնակալների կողմից,  որոնք ամենաքիչը խոհեմ չեն և  ցանկանում են չեզոքացնել մեկը մյուսին՝ Սիրիայում իրենց անխոչընդոտ գործողություններն առաջ մղելու համար: Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է, որպեսզի իր խոսքն ավելի լսելի լինի: Ինչպես ասացի, իրավիճակը լարված է, բայց  միևնույն ժամանակ՝ կարծում եմ նաև, որ այս երկու երկրները պատերազմի համարձակություն չեն ունենա, որովհետև անկարելի է դա պատկերացնել, բայց  դիվանագիտական, մարտավարական մակարդակում թուրքերն ու ռուսները մեկը մյուսի համար կշարունակեն խոչընդոտներ ստեղծել:

Փորձեմ դիտարկել նաև ի պատասխան ահաբեկչական գործողությունների՝ Թուրքիայի Սիրիա միջամտության հարցը.  այս դեպքում երեք հնարավոր զարգացում պետք է քննարկել: Առաջին՝ Թուրքիային այստեղ հետաքրքրելու են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումները, քանի որ  ԱՄՆ-ը բավականին սերտ հարաբերությունների մեջ է Սիրիայի քրդերի հետ, նրանց զինում է, քանի որ ԱՄՆ-ի համար «Իսլամական պետության» դեմ պայքարող ամենավստահելի դաշնակիցները քրդերն են: Թուրքիան գիտի նաև, որ լինելու է Իրանի արձագանքը, Իրանը, միանշանակ, կդատապարտի Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում:

Երկրորդ`  ինձ համար պարզ չէ մի քանի հարց` ինչի՞ն է ծառայելու Թուրքիայի միջամտությունը, արդյո՞ք Թուրքիան  պայքարելու է  «Իսլամական պետության» դեմ, արդյո՞ք  Թուրքիան մտնում է Սիրիա, որպեսզի կառավարական ուժերի ազատագրած   տարածքները գրավի, արդյո՞ք, որպեսզի   թույլ չտան Բաշարի բանակին գրավել նոր տարածքներ՝ մեծացնելով իր հեղինակությունը միջազգային համայնքի առջև: Այստեղ, կարծում եմ, որ նման հարցեր կան:  Երրորդ՝ Իր հերթին, Ռուսաստանը ևս կցանկանա թույլ չտալ, որպեսզի  թուրքերը  մտնեն Սիրիա, և բավականին մեծ ուժեր ունեն՝ տարածաշրջանում դա թույլ չտալու համար: Ամփոփելով՝ նշեմ, որ Սիրիայի շուրջ ռուս-թուրքական լարվածությունը կշարունակվի, բայց ավելի լայնամասշտաբ գործողություններից կողմերը զերծ կմնան:

Ռուսթուրքական հարաբերությունների ֆոնին դժվարին կացության մեջ է նաև Հայաստանը՝ ունենալով խնդիրներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Իրավիճակն ի՞նչ իրատեսական սպառնալիքներ է պարունակում հայաստանյան հիմնախնդիրների համար: Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների պահվածքը:

– Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանն այդքան էլ դժվարին կացության մեջ չէ: Հայաստանի իշխանությունները  ճիշտ դիրքորոշում են  որդեգրել՝  շատ չմիջամտելով այս հակամարտությանը: Կարելի է ասել, որ  Հայաստանը  չդարձավ խաղալիք  Ռուսաստանի ձեռքում: Այս օրերին խոսք է գնում այն մասին, որ  Ռուսաստանը  հավելյալ զենք է տրամադրում Հայաստանին, բայց ՀՀ իշխանությունների դիրքորոշումը  չափազանց պատասխանատու, կայուն և ճիշտ է: Ակնհայտ է, որ  ՀՀ իշխանությունները չեն ցանկանում մուտք գործել կեղտոտ խաղի մեջ: Ռուս-թուրքական հակամարտությունում Ադրբեջանն է հայտնվել բարդ կացության մեջ, քանի որ ունի ռազմավարական հարաբերություններ՝ Թուրքիայի, բարեկամական հարաբերություններ` Ռուսաստանի հետ:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ կրկին անգամ նշելով, թե հայկական զինուժը պետք է լքի Լեռնային Ղարաբաղը: Անընդհատ հնչող այս հայտարարություններն ի՞նչ դիտանկյունից պետք է վերլուծել: Ի՞նչ ակնկալել Թուրքիայից ԼՂ հակամարտությունում:

– Բնականաբար, թուրքերը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ  իրենց ցանկացած կարգավորումն  են կրկնում, ինչը նորություն չէ: Բայց  այս ամենին զուգահեռ՝ Ռուսաստանը մշտապես իր ակտիվ  դիվանագիտական միջոցներն է ներդնում   Թուրքիային խոչընդոտելու համար, որին ի պատասխան՝ Թուրքիան փորձում է դիվանագիտական միջոցներով  իր ու իր դաշնակից Ադրբեջանի շահերը  պաշտպանել: Ադրբեջանը Սիրիայի պատերազմի մասին  վերջին հայտարարությունում կարևորեց Սիրիայի ամբողջականությունը՝ Սիրիայի նախագահ ճանաչելով Բաշար ալ Ասադին, ինչը  Թուրքիայի հետ խնդիրներ  է ստեղծում, քանի որ Թուրքիայի  համար Ասադն ու քրդերը թշնամի են համարվում, ուստի,  եթե Ադրբեջանը նման դիրքորոշում է  որդեգրում, նշանակում է, որ  Ադրբեջանի համար կարևոր է ցույց տալ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ Ադրբեջանը դեմ է դուրս գալիս Թուրքիային, բայց Բաքվի կողմից խաղ է ձեռնարկվում, որպեսզի չվտանգվեն հարաբերությունները Ռուսաստանի հետ: Թուրքիայի հայտարարությունները պետք է դիտարկել այս ֆոնին` դիվանագիտական պայքար, ինչը բնական է:  Այսինքն` թուրքերը փորձում են գրավել Բաքվի աջակցությունը Սիրիայում՝ դատապարտելով հայկական ուժերի ներկայությունը Ղարաբաղում, ցույց տալով, որ Անկարան ավելի ադրբեջանամետ կեցվածք ունի, քան Մոսկվան:

Ըստ Ձեզ` Ադրբեջանի այս հայտարարությունները չե՞ն անդրադառնա Ղարաբաղում Ռուսաստանի քաղաքականության վրա:

– Չեմ կարծում, թե Թուրքիան, թե Ռուսաստանն այսօր լավ վիճակում չեն, նման հայտարարությունները պետք է դիտարկել՝ որպես հրապարակային դիվանագիտություն, և՝ ոչ ավելին:

Տեսանյութեր

Լրահոս