Փլվող տան 12 բնակիչները. hetq.am
hetq.am. «Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում 42-ամյա Կարինե Հովհաննիսյանին բոլորն են ճանաչում: Կարինեն և քույրը` Հասմիկը, եղել են քաղաքի միակ կին ջրհոր փորողները: Նա ասում է, որ երբեք չեն տրտնջացել, որ տղամարդու աշխատանք են կատարել` թեկուզ 1 մետր փոսի համար 2000 դրամ են վաստակել: Ծանր ֆիզիկական աշխատանքը քույրերին հասցրել է վիրահատարան և ստիպված թողել են իրենց աշխատանքը: Այժմ Հասմիկը քաղաքի կոմունալ բաժնի միակ կին աշխատողն է, փողոցների աղբն է հավաքում: Հասմիկը ստիպված վարձով է ապրում, քանի որ ուշ ժամի է տուն գալիս և առավոտ շուտ է աշխատանքի գնում, իսկ իր թաղամասից աշխատավայր հասնելը լուրջ փորձություն է իր համար:
Կարինեն թաղամասում հայտնի է ոչ միայն ջրհոր փորելով: Նրան ճանաչում են նաև որպես «փլվող տան» բնակիչ: Տունը, որտեղ ապրում են նրանք, ամեն պահի կարող է փուլ գալ` հողին հավասարեցնելով 12 անդամից բաղկացած ընտանիքը: Հարևանները վախենում են հյուրընկալվել Կարինեին` տունը անվանելով «կենդանի գերեզմանոց»: Տան ներսից լսվում է առաստաղի գերանների ճռճռոցը, առաստաղը ճկվել է ու կախվել ներքև` ուղիղ կապ ստեղծելով կյանքի ու մահվան միջև:
73քմ բնակելի տունը կառուցվել է 1962թ-ին: Տան պատերը շարվել են չմշակված քարից` հողե շաղախով, իսկ ծածկը փայտից է: Ինչպես արտաքինից, այնպես էլ ներսից պատերի վրա առկա են մեծ չափերի ճաքեր: Ծածկի և տանիքի փայտյա տարրերը ոչ միայն ճկված վիճակում են, այլև քայքայված: Մուտքի փակ պատշգամբից սենյակ մտնող փայտե ծածկը կախվել է սենյակի մեջ` ստեղծելով կյանքի ու առողջության համար վտանգավոր իրավիճակ տան բնակիչների համար: Իսկ ընդհանուր տանիքը տեղաշարժվել ու դեֆորմացվել է, ինչի հետևանքով տան պատերից մեկը քանդվել է: Երկու տարի առաջ փուլ է եկել տանիքի մի մասը, ձյունն ու անձրևաջրերը թափվում են տան մեջ` ուղիղ մահճակալների վրա:
Անձրևաջրերի կամ ձյան հալոցքի հոսքը շեղելու նպատակով առաստաղի բացվածքների վրա ստվարաթուղթ էին փակցրել: Երբ «կարկատանները» հանում են տան ներսից երկինքն ամբողջությամբ երևում է:
«Թիվ 28 ՇՄՇ» ԲԲԸ-ի մասնագետները 2014թ. մայիսի 5-ին տվել են Կարինեի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն: Հետազոտության արդյունքներով` «բնակելի տունը գտնվում է վթարային վիճակում: Պիտանի չէ հետագա շահագործման համար» և գնահատվում է 4-րդ վնասվածության աստիճան:
«Պաշտոնյաները եկել, ստուգել են: Չափումներ արեցին, ասեցին պիտի տուն տանք, բայց գնացին ու էլ չեկան մեր կուշտ: Ես հույս չունեմ, որ տուն կառնենք: Իմ հույսն էն ա, որ մի օր գիշերը ծածկը փլվի վրեքներս, տնով մեռնենք, պրծնենք: Մենակ Աստված եմ կանչում` միանգամից մեռնենք ու չզգանք, ոչ մեկս սաղ չմնա, որ հետո չտանջվենք: Թող իշխանությունը, օրենք բանցնողներն ամչնան, որ էսքան երեխա հողին հավասար են ըլնելու»,- ասում է Կարինե Հովհաննիսյանը:
Կարինեն իր երեխաներից ու երկու մանկահասակ թոռներից բացի վթարային տանը պահում է նաև քրոջ երկու տղաներին` Լևոնին և Վլադիմիրին: Տղաների ծնողները մահացել են, երբ նրանք փոքր են եղել: Լևոնն ու Վլադիմիրը արդեն չափահաս են:
Ընտանիքն ապրում է սոցիալապես վատ պայմաններում: Հասմիկի չնչին աշխատավարձը չհաշված` եկամուտը Կարինեի մոր` Զարիկ Հովհաննիսյանի 31 հազար դրամ թոշակն է ու 54 հազար դրամ նպաստը: Կարինեն պատմում է, որ իրենք «հիվանդանալու իրավունք» չունեն, այլապես մնալու են առանց դեղի և օգնության:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի