«Մասկիրովկա են անում, էլի, գեղեցկացնում են, որպեսզի լավ ծախվի»
asparez.am-ը գրում է. Վանաձորի մթերային շուկայում կարմիր ներկված նուռ է վաճառվում: Այս մասին օրեր առաջ բարձրաձայնեցին գնորդները, ովքեր նշում էին, որ պարզապես թաց անձեռոցիկով մաքրելուց հետո նուռը գունազրկվում է:
Իսկությունը պարզելու համար գործի անցան Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնի աշխատակիցները: Ուսումնասիրություն է կատարվել ողջ մարզի տարածքում, ներկված նուռ դեռեւս հայտնաբերվել է միայն Վանաձորում՝ երկու վաճառակետում: Ներկված նռերը նմուշառության համար ուղարկվել են փորձաքննության՝ պարզելու համար, թե ինչ նյութով են ներկվել եւ ինչ ազդեցություն կարող են ունենալ մարդու օրգանիզմի վրա:
Մինչ հայտնի կդառնան փորձաքննության արդյունքները, Վանաձորի շուկայում կասեցվել է ներկած նռի վաճառքը: Սննդային ներկ լինելու դեպքում, ներկած նուռ վաճառողները կազատվեն պատասխանատվությունից, հակառակ դեպքում՝ կենթարկվեն վարչական տույժի: Իսկ թե ինչքան կտեւի փորձաքննությունը, դեռ վաղ է գուշակել, ուստի վանաձորցիները անվտանգության սեփական միջոցառումներն են կիրառում:
-Թաց շոր եմ վերցնում, որ նուռ առնելիս լինեմ, մի հատ փորձեմ ու նոր վերցնեմ, անպայման ստուգում եմ, որ լսեցի, վախեցա, ճիշտն ասած,-ասում է վանաձորցի Ռաիսա Ավագյանը:
Իսկ Սոնյա Հակոբջանյանն էլ զարմացած է:
-Նուռը ներկե՞ն, չեմ լսել. չեմ լսել ու չեմ էլ պատկերացնում,-ասում է վերջինս:
Մի բանում միայն համոզված է.
-Այն, ինչ որ բնական է, դա բարոյական է, իսկ եթե մի բան ներկի հետ ա կապված, քիմիայի հետ ա կապված, անպայման վտանգավոր կլինի,-հավելում է փորձառու գնորդը:
Վանաձորի մթերային շուկայում մանրածախ առեւտրով զբաղվող Ֆուրման Ալավերդյանին, սակայն, երեւույթը չի զարմացնում, ավելին՝ վերջինս պնդում է, որ այդտեղ վտանգավոր ոչ մի բան չկա.
-150 տոկոսով ես ձեզ բան եմ ասում, ոնց որ թե մասկիրովկա են անում, էլի, գեղեցկացնում են, որպեսզի լավ ծախվի, մի հատ փչում են, ուրիշ ոչ մի բան:
Մրգավաճառը հավելեց նաեւ, որ իրենք հենց այդպես են ստանում նուռը՝ բացառելով տեղում ներկելու հանգամանքը:
-Դե, դա այստեղ չեն ներկում, դա այդ ձեւով էլ գալիս է դրսից, մենք որ օպտավիկներից այդպես ենք ստանում,-հավելեց Ֆ. Ալավերդյանը:
-Մենք չգիտենք, թե դա ինչ ծագման ներկ է, դրա համար էլ կարող է փորձաքննությունը երկար տեւել, որպեսզի հասկականք, թե ինչ ներկ է, քիմիական նյութ է, թե ոչ,-պարզաբանեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանը: