Մի նկատառում Վազգեն Մանուկյանի հոբելյանի առիթով… ankakh.com
Այս տարին Վազգեն Մանուկյանի համար հոբելյանական է, փետրվարի 13-ին լրացավ նրա 70 տարին: Բնական է՝ եղան շնորհավորանքներ՝ ակնածանքի խոսքերով ու նրա գործունեության գնահատականներով: Այս առիթով, որպես մի մարդ, որ գործի ու դեպքերի բերումով, սկսած 1970-ական թվականներից, ուշադիր հետևել է նրա գործունեությանը, ուզում եմ թույլ տալ ինձ մի նկատառում: Պետական, քաղաքական գործիչ, մաթեմատիկոս. այսպես է ներկայացվում Վ. Մանուկյանը հանրագիտարաններում, հետո, իհարկե, թվարկվում են նրա կոչումներն ու պաշտոնները՝ Հայոց համազգային շարժման գաղափարախոս և վարչության առաջին նախագահ, առաջին վարչապետ, պաշտպանության նախարար և այլն:
Ամեն ինչ ճիշտ է, բայց ճի՞շտ է արդյոք սոսկ որպես քաղաքական գործիչ որակել մի մարդու, որն իր կյանքի 70 տարիներից ավելի քան 50-ը նվիրել է հայկական երազանքի իրականցմանը, որն իր ակտիվ գործունեությունն սկսել է Հայաստանի անկախացումից դեռ շատ առաջ՝ սկսած 60-ականների կեսերից, երբ Հայաստանի անկախությունը հեռավոր երազանք էր, իսկ այդ նպատակի համար գործունեություն ծավալելը՝ չափազանց վտանգավոր:
Միայն քաղաքական գործիչ բնորոշումը, կարծում եմ, ճիշտ չէ, քանի որ էապես նեղացնում է այս անհատի տեղն ու դերը մեր պատմության մեջ: Ավելի ճիշտ կլիներ ասել՝ ազգային գործիչ, քանի որ ազգային ասվածը ներառում է և՛ քաղաքական, և՛ պետական գործունեությունը, բայց ավելին է, քան դա և ներառում է նաև ազատագրական պայքար ու գաղափարախոսություն, այն ինչ արել է Մանուկյանը, ինչպես նշեցի, մինչև 1991 թվականը հանուն Հայաստանի անկախության և Արցախի ազատագրման: «Հիմա հաճախ եմ մտածում այն մասին, թե շարժումը կգնար արդյոք ազգային ազատագրական պայքարի ուղիով, եթե չլիներ Վազգեն Մանուկյանը, թե՞ ավելի շատ սոցիալ-քաղաքական և բարեփոխումների երանգ կընդուներ»,- գրել է Սամվել Շահինյանը Վ. Մանուկյանի «Հայկական երազանքը գոյատևման փակուղում» գրքի առաջաբանում:
Անշուշտ, սա հռետորական հարց է, որի հիմնավոր ու փաստարկված պատասխանը, վստահաբար, կտան ապագայի անաչառ պատմաբաններն ու քաղաքագետները:
Կարծում եմ՝ այս մտայնությունից է բխում այն տարածված կարծիքը, թե Վազգեն Մանուկյանի աստեղային ժամը 1996-ի սեպտեմբերին էր, երբ նա, փաստացի, հաղթեց նախագահական ընտրություններում: Այս օրերին էլ շեշտվեց դա, և անմիջապես անցում կատարվեց մեր պատմության այն տխուր էջին, թե ինչպես ուժային կառույցները զավթեցին ժողովրդի իշխանությունը («Եթե անգամ հավաքած լինեին 100 տոկոսանոց ձայն…»): Բայց 1996-ը Վազգեն Մանուկյանի աստեղային ժամը չէր, այլ մերը՝ ժողովրդինը, քանի որ մենք էինք ընտրողը, քանի որ Վազգեն Մանուկյանի ձգտումն ու երազանքը հանրապետության նախագահ դառնալը չի եղել, այլ անկախ, իրոք զարգացող, հզորացող, առաջադեմ երկրներին մրցակից երկրի քաղաքացի լինելը և այդ նպատակի համար իր բոլոր կարողություններն ի սպաս դնելը, քանի որ այդ ճանապարհին որևէ պաշտոն զբաղեցնելը նրա համար սոսկ միջոց է եղել այս կամ այն խնդրի լուծմանը նպաստելու համար: Այդ մենք ձեռքից բաց թողեցինք մեր աստեղային ժամը՝ չկարողանալով դիմակայել ուժային կառույցներին և ժողովրդավարության ու հզորացման ուղու փոխարեն հարկադրաբար մտանք կեղծիքի ու գոյատևման ուղին:
Ուստի կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանի աստեղային ժամը 1991-ին էր, երբ հռչակեցինք անկախ Հայաստանի Հանրապետությունը, և 1992-1993-ին, երբ պատերազմի ամենածանր շրջանում նա ստանձնեց պաշտպանության գերատեսչության ղեկավարի պաշտոնը և նպաստ բերեց հաղթանակի հասնելու խնդրին:
Մի նկատառում էլ. 70-ամյա այրի աստեղային ժամը 1990-ականներին վերագրելով՝ տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ անցյալում է, մարդը տարիքն առել է: Բայց մի՞թե տարեց կարելի է համարել մի մարդու, որը մինչ օրս հետ չի կանգնել իր երիտասարդության երազանքից: Եվ հիշենք՝ նույն 1996-ին նա կոչ արեց իր ժողովրդին՝ համարձակվեք դառնալ երկրի տերը, և այն կունենա ապագա: Անցած տարի ամռանը մենք տեսանք, որ մեր կողքին արդեն ապրում է մի սերունդ, որը ծնվել ու մեծացել է անկախ հայրենիքում և համարձակվում է դառնալ իր երկրի տերը:
Այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է: Վազգեն Մանուկյանը հավատում էր մեր անկախությանն այն ժամանակ, երբ մեծ մասը դա խենթ երազանք էր համարում: Եղավ: Նա հավատում էր մեր հաղթանակին պատերազմում, երբ շատերն արդեն մեզ պարտված էին համարում: Հաղթանակն էլ եղավ: Հիմա էլ դեռ հավատում է, որ ապագա ունեցող ազգ ենք ու մի օր մեր դրոշի վրա բարոյականություն ու պարկեշտություն գրելով՝ մեծ քայլերով առաջ ենք գնալու: Կյանքը ցույց է տալիս, որ ուշ թե շուտ դա էլ է լինելու: Կարևորը չհուսահատվելն ու մեր երազանքին հավատարիմ մնալն է: