Զորքի հետ հանդիպման ժամանակ ես խնդրեցի տղաներին. «Արմենիս խաչքարը գերի չթողնեք»
hayzinvor.am. «Հակառակորդի դիվերսիան կյանքի գնով ետ մղելիս հերոսաբար զոհված Արմեն Հովհաննիսյանի մայրը` տիկին Մարինեն, թոռնիկ է ունեցել, որին կոչել է հայրենիքի համար նահատակված հերոս որդու անունով: Ես վերջին անգամ տիկին Մարինեին տեսել եմ Արմենի զոհվելուց կարճ ժամանակ անց, եւ իմ հոգում ցավալիորեն թարմ են մեր զրույցի մանրամասներն ու ապրումները: Եվ ահա ես շտապում եմ պահ առաջ հանդիպելու տիկին Մարինեին` հուսալով, որ նրա դեմքին ժպիտ ու աչքերում փայլ կտեսնեմ գոնե այս անգամ:
…Դուռը տիկին Մարինեն չի բացում: Մեզ ուղեկցում են Արմեն Հովհաննիսյանի թանգարան, որտեղ զինվորի իրերն են` զրահաբաճկոնը, որը կրել է թշնամու հետ անհավասար կռվի ժամանակ, երբ կրակը իր վրա վերցնելով՝ փրկում էր ընկերներին անխուսափելի մահից: Թանգարանում անծանոթ մարդկանց հետմահու նվերներն են զինվորին` խաչքար, բանաստեղծություն, ասեղնագործ աղոթք` իբրեւ երախտագիտություն, սեր ու խոնարհում…
-Աչքներդ լույս լինի, տիկին Մարինե, փոքրիկ Արմենի ծնունդը թող օրհնված լինի: Աստծո ճանապարհները անքննելի են. գուցե հենց նա է այն մխիթարությունը, որը խոստացավ Տերը իրեն հավատացողներին` մարդկանց աշխարհը լքելուց հետո:
Իմ ձայնը հնչում է արհեստական ու անվստահ: Տիկին Մարինեն գրկում է ինձ, հետո ժպտում է դառն ու ներողամիտ:
-Մեր Արմենի երկրային կյանքն ավարտվեց հունվարին, ու նախախնամությամբ հենց հունվարին ծնվեց փոքրիկ Արմենը…
Ես խոսքս կիսատ եմ թողնում: Նախապես որոշել էի ասել` Արմենը վերածնվել է, վերադարձել… Բայց նայում եմ մինուճար որդուն կորցրած մոր աչքերին ու սիրտ չեմ անում:
-Ես թոռնիկ եմ ունեցել: Նա որդուս անունն է կրում, ու ես պիտի ամեն ինչ անեմ, որ նա արժանի լինի իր անվանը: Իսկ իմ տղան ինձ հետ է ամեն վայրկյան: Ցավալին այն է, որ ես չեմ կարողացել խորապես ճանաչել որդուս, երբ նա ողջ էր: Ու հիմա անդադար որոնում եմ նրան, ուզում եմ իմանալ նրա կարճատև կյանքի ամեն դրվագը, ամեն պահը, նրա բոլոր ապրումներն ամփոփել իմ սրտում: Մարդիկ այնքան զարմանալի պատմություններ են պատմում Արմենիս մասին:
-Շատ կուզենայի լսել գոնե մեկը:
-Իմ տղան մտերիմ է եղել իր զորամասի հոգևոր սպասավորի հետ: Սարկավագը պատմում էր, որ Արմենս Աստծո մասին զրուցելու պահանջ է ունեցել: Հաճախ հարցեր է տվել սարկավագին, հետաքրքրվել է հոգու անմահության և հավերժական կյանքի Տերունական խոստումով:
Մի օր սարկավագը տղայիս պատմել է, որ զորամասում զինվորներից մեկին տղաները վատ են վերաբերվում: Ու ինքը որոշել է դիմել հրամանատարին: Տղաս ասում է` ինձ մի քանի օր ժամանակ տվեք, ամեն ինչ կհարթեմ: Մի քանի օր անց տղաս հանդիպում է սարկավագին ու ասում, որ զինվորին այլևս ոչ ոք չի նեղացնում: Ես գիտեի, որ ամուսինս մայրապաշտ է, բայց տղաս սիրո ցույցեր անելու սովորություն չուներ, նա զուսպ էր իմ հանդեպ: Այ, տատիկին հաճախ էր գրկում, ամուր փաթաթվում էր, համբուրում: Արմենիս զոհվելուց հետո ինձ հանձնեցին նրա նոթատետրը` չեք պատկերացնի` ինչպիսի սիրով, կարոտով լի տողեր է գրել իմ մասին: Ես չեմ ուզում իդեալականացնել տղայիս: Ցանկացած սուտ` որքան էլ գեղեցիկ լինի, կխաթարի որդուս կերպարը: Գիտեք, նա երբեք էլ հնազանդ որդի չէր, կարող էր չենթարկվել, չարություն անել: Մազերը երկարացրել էր, ինչ արեցի` չկարճացրեց: Տարիներ հետո ասաց` մա՛մ, ոնց էի մազերս այդպես երկարացրել…
-Տիկին Մարինե, տարիուկեսը ո՞նց գլորեցիք:
-Մենք՝ հայերս, մի խոսք ունենք` ցավը կիսել: Մարդիկ բառացիորեն կիսեցին ցավս: Եթե մարդիկ չլինեին, ես չէի կարող ապրել:
-Մարդիկ` ովքե՞ր… Ձեր հարազատնե՞րը:
-Ծանոթ-անծանոթ մարդիկ, մի տեսակ` լաց լինելու հերթը ինձ չէր հասնում: Մարդիկ գալիս էին մեր տուն, ես զգում էի, թե ինչպես են ցավում որդուս համար: Մինչ օրս գալիս են` դպրոցականներ, մտավորականներ, հասարակ մարդիկ, պաշտոնյաներ: Երբ նրանք գալիս են, ես մաքրում եմ արցունքներս:
-Տիկին Մարինե, ես գիտեմ, որ Դուք և Ձեր ամուսինը պարբերաբար այցելում եք հոսպիտալում բուժվող վիրավոր սպաներին, զինվորներին: Ի՞նչ են տալիս Ձեզ նման հանդիպումները:
-Ամեն մարդ յուրովի է տանում ցավը: Ես ճանաչում եմ զոհված զինվորների ծնողների, որոնք ուզում են հեռու մնալ բանակից ու զինվորական համազգեստից, նրանց ցավ է պատճառում զինվորականների հետ շփումը, քանի որ հիշեցնում է իրենց կորստի մասին:
Ես ու ամուսինս յուրաքանչյուր զինվորի մեջ մեր որդուն ենք տեսնում: Մեր կյանքն անբաժանելիորեն կապվել է հայոց բանակի հետ: Մենք հիմա սիրում ենք այն ամենը, ինչ սիրում էր Արմենը` սահմանը, ծառայությունը, դիրքապահ տղաներին: Ես ուզում եմ վիրավոր զինվորի կողքին լինել, ուզում եմ նրան տալ իմ սերը, մխիթարել, քաջալերել:
Ապշած եմ մեր տղաների հոգու արիությունից` ինչպիսի արժանապատվությամբ ու խիզախությամբ են տանում ցավը: Ես հոսպիտալում ոչ մի տրտունջ չլսեցի Նորայր Քամալյանից, որը ջարդված ծնոտով, ծակծկված մարմնով մինչև վերջ կռիվ էր տվել թշնամու դեմ, որ փրկի ծառայակից ընկերներին: Նրա վիճակը ծանր էր, բայց ընկճվածության նշույլ չկար զինվորի կեցվածքում, տրամադրության մեջ: Ես ապշեցի հետախույզ-սպա Սարգիս Ստեփանյանի գերմարդկային ուժից: Նա կորցրել էր երեք վերջույթները: Բայց աչքերում կյանք կար: Ապրելու ցանկություն կար…
-Շատ զարմացա, երբ իմացա, որ Ձեր ամուսինը զորամասում է աշխատում:
-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեզ հրավիրեց իր աշխատասենյակ և առաջարկեց իր աջակցությունը, հարցրեց` ինչո՞վ օգնեմ, ինչի՞ կարիք ունեք: Ոչ մի բանի կարիք չունենք` ասացինք: Հետո նախարարը հարցրեց` բոլորդ ապահովվա՞ծ եք աշխատանքով: Ամուսինս ասաց, որ կուզենար մոտ լինել բանակին ու զինվորներին, զորամասում աշխատել:
Իմ ու ամուսնուս կյանքը Արմենի զոհվելուց հետո իմաստավորվում է մի նպատակով` իրականացնել Արմենի երազանքներն ու ցանկությունները: Ամուսինս Արմենի զոհված վայրում խաչքար տեղադրեց: Զորքի հետ հանդիպման ժամանակ ես խնդրեցի տղաներին. «Արմենիս խաչքարը գերի չթողնեք»: Այնքան թանկ արյուն թափվեց, որ սրբացրեց հայրենի հողի ամեն մի թիզը:
Եթե Տերը թույլ է տվել, որ ես ապրեմ Արմենից հետո, հաստատ ողբալու համար չի տվել այդ կյանքը: Ու ես պիտի ճիշտ ապրեմ ինձ տրված երկրային ժամանակը, ամեն րոպեն, ամեն վայրկյանը: Ես գիտեմ, որ դիրքապահ զինվորը ամենամոտն է կանգնած Աստծուն, ու նրա համար աղոթելը, նրան ինչ-որ բանով օգնելը Աստծուն մերձենալու ամենակարճ ճանապարհն է:
-Մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ երբեք չեք մտածել հերոս մեծացնելու մասին ու պարզապես ցանկացել եք, որ Արմենը լավ մարդ դառնա` բարի, կարեկից, օրինավոր, արդարամիտ, համարձակ: Սրանք Ձեր բառերն են: Նույն կերպ, նույն ոգո՞վ եք դաստիարակելու Ձեր թոռնիկին, թե՞…
-Վատ մարդը չի կարող հերոսանալ… Ուրիշի ցավի հանդեպ անտարբեր մարդը, խարդախը, վախկոտը… Հերոս դաստիարակելու առանձնահատուկ բանաձև չկա, պարզապես պիտի լավ մարդ դաստիարակել:
Տղայիս զորամասում ամեն օր անվանականչի ժամանակ ձայնում են տղայիս անունը` Արմեն Հովհաննիսյան: Ու զինվորներից մեկը պատասխանում է` ներկա… Իմ տղան իր հավերժական ներկայությամբ սահման պահող զինվորի կողքին է ընդմիշտ: Հավերժ զինվոր է:
Կգա օրը, ու զինվորական համազգեստ կկրի նաև նորածին թոռնիկս… Ու երբ անվանականչին ձայնեն` Արմեն Հովհաննիսյան` թոռնիկս կպատասխանի` ներկա եմ: Իր և տղայիս փոխարեն»: