«Թուրքիան անկանխատեսելի հետևանքներով պատերազմի շեմին է, և ՀՀ-ի դեմ սադրանքներն էլ ավելի վտանգավոր կդարձնեն այն»
«Իրավիճակը Թուրքիայում և Թուրքիայի շուրջ բավականին բարդացած է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականության հետևանքով»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորական, «Radikal»-ի սյունակագիր, ազգությամբ քուրդ գրող, լրագրող և ռեժիսոր Ումիթ Քվանչը՝ անդրադառնալով Թուրքիայում թուրք-քրդական ցնցումներին և Թուրքիայի Սիրիա միջամտության հարցին։
Ումիթ Քվանչն ասաց, որ թուրքական իշխանությունները փորձում են աշխարհին պարտադրել Օսմանյան գերիշխանությունը, որի վերջին դրսևորումները մեծ լարվածություն են բարձրացրել և՛ Թուրքիայի ներսում, և՛ արտաքին բևեռում։
«Այս ամենի արդյունքում՝ Թուրքիան վտանգավոր, անկանխատեսելի կորուստներով պատերազմի շեմին է, քանի որ Թուրքիայի իշխանությունները երկիրը զարգացնում են բռնապետության ճանապարհով, ինչն էլ ավելի է սրում առճակատումը երկրում հակադիր խմբերի միջև, մեծացնում լարված տրամադրությունները։ Այս ամենը բարեփոխումների բացակայության, եվրոպական մոդելի երկիր կառուցելու ցանկության բացակայության և Օսմանյան գերիշխանությունը հաստատելու ցանկության հետևանք է։ Այս ամենին փորձում են ըմբռնումով վերաբերվել Արևմուտքում և հասկանում են, որ Թուրքիան փորձելու է շահել ՆԱՏՕ-Ռուսաստան տարաձայնություններից, ուստի չեն գնում լարման Ռուսաստանի հետ հարաբերություններում, փորձում են մեղմել իրավիճակը։
Մյուս կողմից՝ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում Արևմուտքի համար նորանոր խնդիրներ են ստեղծում»,- ասաց քուրդ գործիչը` չբացառելով, որ Թուրքիան գործողություն սկսի Սիրիայում՝ պատճառաբանությամբ, թե Հալեպի ուղղությամբ Ռուսաստանի գործողություններն էլ ավելի են մեծացնում փախստականների հոսքը դեպի Թուրքիա։ Սակայն, ըստ Քվանչի, Թուրքիայի հնարավոր սիրիական միջամտությունը չի լինի այնպիսին, որ ռուս-թուրքական միջադեպ կամ բախում տեղի ունենա, քանի որ Թուրքիան հստակորեն հասկանում է, որ նման քայլերը կարող են ճակատագրական լինել։
Նույնը, ըստ նրա, վերաբերում է նաև Հայաստանին և Հայաստանի ուղղությամբ որոշակի սադրանքներին։ Քուրդ գործչի վստահեցմամբ՝ Թուրքիան չի համարձակվի ներկայիս պայմաններում, երբ անորոշ են Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները, դրանք էլ ավելի բարդացնել Հայաստանի հետ դիմակայությամբ։ «էրդողանն ամենայն հավանականությամբ կցանկանար օգտագործել առիթը Հայաստանին իր պահանջներից ետ կանգնել պարտադրելու համար, սակայն խնդիրները Թուրքիայի համար իսկապես շատ են Հայաստանի դեմ սադրանքներ կազմակերպելու համար»,- ասաց Քվանչը։
Ինչ վերաբերում է թուրք-քրդական բախումներին, ապա Քվանչը կարծում է, որ ցանկության դեպքում Թուրքիայի իշխանությունները կարող էին պարզապես չեզոքացնել իրենց համար սպառնալիք ներկայացնող քրդական կամ քրդամետ ուժերին՝ երկիրը բարեփոխելու միջոցով։ Սակայն դա, ըստ նրա, էլ ավելի վտանգավոր է Թուրքիայի իշխանությունների համար, ուստի նրանք ընտրել են այլ մեթոդներ։ «Այս ամենը տրամաբանությամբ մեկնաբանելը բարդ է, քանի որ դուրս է տրամաբանությունից։ Մեզ համար հասկանալի չէ` ինչո՞ւ կա քրդական հարց ընդհանրապես, կամ դա ի՞նչ հարց է։ Վերջին լարվածությունը բռնկվեց քրդերի նկատմամբ բռնաճնշումներից հետո 2015թ. նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված ընտրությունների շեմին և դրանից հետո։ Փաստորեն, ցնցումները մինչ այսօր էլ շարունակվում են, և կարգավորման հեռանկարներ չեն երևում, քանի որ այս խնդրին ավելացել է նաև Սիրիա միջամտելու հարցը»,- ասաց Քվանչը։
Հարցին, թե Դիարբեքիրի Սուր գավառում գտնվող հայկական եկեղեցիներին բախումների ընթացքում տրված վնասը կարելի՞ է արդյոք դիտավորություն համարել, Քվանչը պատասխանեց, որ չի կարելի բացառել, քանի որ Թուրքիայի իշխանությունները, հատկապես՝ ուժային կառույցները, բավականին ագրեսիվորեն են իրենց դրսևորում։ «Գուցե սա առիթ էր Թուրքիայում հայկական մշակութային ժառանգությունը վնասելու համար»,- ասաց Ումիթ Քվանչը։