«Այն, որ Իրանը մինչև վերջ կպահի Բաշար Ասադի կառավարությունը, միանշանակ է»
Հարցազրույց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ, իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ
– Տիկին Իսկանդարյան, Իրանի իշխանությունները հայտարարել են, որ տրամաբանություն չեն տեսնում նավթի արդյունահանման մակարդակը սահմանափակելու մեջ ու մտադիր չեն միանալ համապատասխան պայմանավորվածությանը, որը կնքվել է Դոհայում Ռուսաստանի ու ՕՊԵԿ-ի երեք երկրների միջև։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ էր պատճառը, որ Իրանը հրաժարվեց սառեցնել նավթարդյունահանումը։
– Բոլոր տեսաբանները կարծում էին, որ Իրանին ավելի ձեռնտու է առայժմ սառեցնել իր նավթարդյունաբերությունը, որպեսզի հետո թանկ գնով վաճառի։ Սակայն, մենք տեսանք, որ իրանական նավթով լի տանկերների առաջին խմբաքանակը դուրս եկավ։ Խնդիրը կապված է նրա հետ, որ, այնուամենայնիվ, Իրանին գումարներ են անհրաժեշտ։ Սակայն, նավթի գինը շատ ցածր է, ու սա իրականում այդքան էլ ձեռնտու չէ Իրանին։ Բայց մյուս կողմից՝ Իրանն այնքան խնդիրներ ունի՝ պատժամիջոցների արդյունքում առաջացած, որ իրենք ստիպված են այդ գնով գոնե ինչ-որ ժամանակ արդյունահանել։ Տեսաբանների մեծ մասի կարծիքով՝ հետո կդադարեցնեն այդ գնով վաճառքը։
– Սա կարո՞ղ է պատճառ դառնալ Իրան-Ռուսաստան հարաբերություններում լարվածության առաջացմանը։
– Ոչ թե լարվածության, այլ կարող է լինել մրցակցություն նավթարդյունաբերության ոլորտում։ Բայց այնուամենայնիվ, ռուսական ղեկավարությունը, մասնավորապես՝ արտգործնախարար Լավրովը, բավականին հանգամանալից անդրադարձել էր այս խնդրին՝ նշելով, որ իրենք ունեն իրենց գործընկերները շուկայում, և Իրանն էլ ունեցել է ու ունի իր գործընկերները։ Յուրաքանչյուրի նավթը տարբեր տեսակի է, ու երկուսն էլ ունեն իրենց սպառողներն, իրենց շուկան։ Այսինքն՝ այստեղ մրցակցությունն էլ մեծ չի լինելու. ամենքն իր տեսակի նավթն ունի։
– Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամելին ասել է, որ Թեհրանն ու Թբիլիսին բանակցություններ են վարում իրանական գազը Վրաստան մատակարարելու վերաբերյալ, և, որ Վրաստանը դեռ պետք է թույլտվություն ստանա Հայաստանից՝ հարևան երկրի տարածքով գազի տարանցման համար։ Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը կարո՞ղ է տարանցիկ երկիր դառնալ։
– Այս հարցը դեռ քննարկումների փուլում է։ Այստեղ երկու տարբերակ է քննարկվում. արդյո՞ք մեր խողովակաշարը թույլ կտա հավելյալ պոմպեր դնել ու գազը մղել դեպի Վրաստան, թե՞ այնուամենայնիվ այն ծավալի գազ է պետք, որի համար անհրաժեշտ լինի երկրորդ խողովակը գցել։ Այս դեպքում սա արդեն տրանզիտի խողովակ կլինի ու հետագա պլաններ կունենա դեպի Եվրոպա։ Սա դեռ քննարկման փուլում է, ու որևէ մեկը չի կարող ասել, թե բանակցությունների ավարտին ի՞նչ եզրահանգման կգան կողմերը։
– Իրանը Սիրիայում ուղղակիորեն չի մասնակցում Բաշար Ասադի իշխանության պահպանմանն ուղղված գործողություններին։ Հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ը աջակցի Թուրքիային ու Սաուդյան Արաբիային՝ Սիրիայում Ասադի իշխանությունը տապալելու հարցում։ Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման էլ առաջարկել է ՌԴ իշխանություններին մտածել, թե արդյո՞ք նրանց հարկավոր է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պես դաշնակից։ Ի՞նչ զարգացումների սպասենք։
– Այն, որ Իրանը միևնչև վերջ կպահի Բաշար Ասադի կառավարությունը, միանշանակ է, որովհետև դա բխում է իր ազգային անվտանգության շահերից։ Այսինքն՝ Իրանը կկանգնի մինչև վերջ, ինչքան որ հնարավոր լինի։ Նաև Ռուսաստանի շահերին է համընկնում, որ Բաշար Ասադը մնա։ Այստեղ մեծ հարցական է, թե ԱՄՆ-ը ի՞նչ պետք է առաջարկի Ռուսաստանին, որ նա իր շահերը երկրորդայնացնի դրա դիմաց։ Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները միշտ են լարված եղել, դեռևս 70-ական թվականներից։ Իսկ Իրանն ու Թուրքիան գործընկերային հարաբերություններ են ունեցել, բայց այս պահին մենք տեսնում ենք, որ կան լարված ելևէջներ, ու կողմերը փորձում են հարցերը լուծել ինչ-որ քննարկումների միջոցով և առավել սրված իրավիճակներ չցուցադրել։ Այսինքն ՝ Թուրքիային դեռևս հաջողվում է բալանսավորված քաղաքականություն վարել, բայց, որ հստակ է առանցքի ձևավորումը՝ Ռուսաստան-Իրան-Սիրիա և հակառակը՝ Սաուդյան Արաբիա-Թուրքիա-Միացյալ Նահանգներ, միանշանակ է։