ՌԴ կառավարիչներին թվում է, որ 90 տոկոսանոց վարկանիշը հավերժ է մնալու. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ռուսաստանյան մի շարք հասարակական եւ կրոնական կազմակերպություններ վերջերս քննարկել են դպրոցներում գրականության ուսուցումն «ավելի հայրենասիրական» դարձնելու խնդիրը: Քննարկման ընթացքում ՌԴ Պետդումայի պատգամավոր Յարոսլավ Նիլովն առաջարկել է դպրոցական ծրագրերից հանել Տոլստոյի, Դոստոեւսկու եւ Բուլգակովի գործերը: Այդ պատգամավորը, սեփական փորձը վկայակոչելով, նշել է, որ բարդ փիլիսոփայական հարցերը, որոնք բարձրացվում են, մասնավորապես, «Պատերազմ եւ խաղաղություն», «Ոճիր եւ պատիժ» վեպերում, հասանելի չեն դպրոցականների համար: Նիլովի նախաձեռնությունը պաշտպանել է Ռուսական ակադեմիական հիմնադրամի ղեկավար Ռոման Պուտինը (ՌԴ նախագահի եղբորորդին). նա խոստովանել է, որ դպրոցում Տոլստոյի վեպը չի կարդացել:
Ներկայիս ՌԴ վերնախավի մտավախությունն այն է, որ հիշյալ գրողները քննադատաբար էին վերաբերվում իրենց ժամանակի ռուսական իրականությանը եւ խոսում էին արատների մասին, որոնք հատուկ են նաեւ այսօրվա ռուսաստանյան (եւ ոչ միայն ռուսաստանյան) իրականությանը, իսկ դա կխանգարի պատանիների «հայրենասիրական» դաստիարակությանը: Նրանք թեեւ, օրինակ, Տոլստոյ չեն կարդացել, բայց լսել են, որ այդ հանճարեղ գրողը մեծ վերապահումներ ուներ պաշտոնական կրոնի, պատերազմների, կայսերական հավակնությունների, ցանկացած իշխանության եւ սեփականության վերաբերյալ, ինչը հակասում է «պետականամետ» եւ «հայրենասիրական» դոգմաներին: Ցարական եւ խորհրդային գրաքննությունն այդ փաստը հաշվի չէր առնում: Այսօրվա գրաքննիչների համար դա, պարզվում է, խնդիր է: Ցարական եւ նույնիսկ կոմունիստական չինովնիկները հասկանում էին, որ մարդկանց հիմարացնելը, լյումպենացնելը պետք է չափուսահման ունենա: Ծայր աստիճանի անգրագետ եւ անուղեղ զանգվածն ի վերջո դառնում է վտանգավոր նաեւ իշխանության համար` այն դեպքում, երբ «կերը» քչություն է անում: Այսօրվա Ռուսաստանի կառավարիչներն այդքան հեռատես չեն` նրանց թվում է, որ 90 տոկոսանոց վարկանիշը հավերժ է մնալու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: