Բաժիններ՝

«Նրանք թիկունքային առնետներն էին, ովքեր ցանկանում էին ինչ-որ օգուտներ քաղել»

«Ասպարեզը» հայոց բանակի կազմավորման ու խնդիրների շուրջ զրուցել է «Հետախույզ վետերանների միության» նախագահ Սուրեն Կարապետյանի հետ:

– Սումգայիթի ջարդերից հետո սկսվեցին հայկական փոքր ջոկատներ ձեւավորվել, որոնցից ամենամեծը ՀԱԲ-ն էր (Հայոց ազգային բանակ), ինչին դեմ էր ԽՍՀՄ-ը եւ ՀԱԲ-ի տղաներին միանգամից սկսեցին զինաթափել: ՀԱԲ-ից նաեւ վախենում էին նոր իշխանությունները, քանի որ, հնարավոր էր՝ իրենք էլ կորցնեին իրենց իշխանությունները,-նշեց Ս.Կարապետյանը:

Նրա խոսքով, բանակի ստեղծումը մի քանի փուլով է  տեղի ունեցել:

– Անկախության հռչակումից հետո պարզ էր, որ մենք ազգային բանակ պետք է ստեղծենք: Բայց ինչպե՞ս ստեղծվեց մեր բանակը: Մտածում եք, որ ծնողները սրտաբաց սպասում էին, թե երբ են իրենց երեխաներին բանա՞կ ուղարկելու: Իհարկե ոչ, առավել ճարպիկները կարողացան իրենց երեխաներին դուրս հանել մեր երկրից, որպեսզի նրանց մի մասն ընդհանրապես չծառայի: Որ ասում են, թե տեղի ունեցածը ժողովրդական պատերազմ էր, դա սուտ էր, քանի որ ժողովրդի մի 40 տոկոսն այլ բան էր մտածում, մի մասը չէր էլ ցանկանում ազատամարտի հետ գործ ունենալ:

Ս.Կարապետյանի խոսքով, մինչեւ 1992 թվականը մենք մարտի դաշտում շատ զոհեր եւ վիրավորներ ունեինք, քանի որ հակառակորդն իր թվաքանակով շատ էր, իսկ նրանց դիմագրավել էր անհրաժեշտ.

-1992 թվականին Վազգեն Սարգսյանն աղերսում էր, որ մեզ 500 հոգի է հարկավոր, քանի որ Մարտակերտն է հանձնվում եւ այլն: Մեկ տարի առաջ մենք արդեն ունեինք Գետաշենի հանձնումը, իսկ 1992 թվականին Շահումյանի եւ Մարտակերտի հանձնումները, հետագայում արդեն չունեինք Նախիջեւանը, ուստի մեզ անհրաժեշտ էր ազգային բանակ ստեղծել:

Ինչ մնում է կամավորներին, ապա, ըստ Ս.Կարապետյանի, նրանք կարող են ենթարկվել կամ չենթարկվել, կարող են պատերազմ գնալ կամ չգնալ, ուստի Հայոց բանակի ստեղծումն անհրաժեշտ էր:

-1992 թվականին 18 տարեկան երեխաներին շուտափույթ ձեւով հավաքեցին: Մինչեւ 1992 թվականը մենք սպաների պակաս էինք զգում եւ սպաների մեծ մասը, ովքեր դեռեւս առկա էին ԽՍՀՄ տարիներից, բանակի կայացմանը չէին մասնակցում եւ չէին միջամտում ազատամարտին: Ընդամենը մի քանի տասնյակ սպաներ են եղել, ովքեր միջամտել են Արցախյան պատերազմին, իսկ մնացածները սպասում էին, որ պաշտոններ բաժանելու ժամանակ հայտնվեն: Նրանք թիկունքային առնետներն էին, ովքեր ցանկանում էին ինչ-որ օգուտներ քաղել:

Ս.Կարապետյանը նաեւ մի քանի անուններ նշեց, ովքեր իրենց մեծ ներդրումն են ունեցել Արցախյան պատերազմի հաղթանակի հարցում.

– Սարգիս Առաքելյան, Արկադի Տեր-Թադեւոսյան եւ այլն. նմանատիպ բարձրագույն սպաներն իրենց մեծ ներդրումն ունեցան բանակի կայացման հարցում:

Ըստ նրա, Հայոց բանակի կայացումն հատուկ գնդի հիման վրա է տեղի ունեցել. «Գարեգին Նժդեհը շատ լավ խոսք է ասել.

– Այն բանակում, որտեղ հավասար չեն ծառայի չքավորի եւ ունեւորի երեխաները այդ բանակը բանակ չի դառնա: Նժդեհի ասածի օրինակով կարող եմ ասել, որ մեր բանակը բանակ չի դառնա այնքան ժամանակ, քանի դեռ առկա են նմանատիպ խնդիրներ: Չնայած որ մեր բանակն հագեցած է ժամանակակից զինտեխնիկայով, նաեւ հույսները դրել են ռուսների վրա, որ իրենք ինչ-որ բան կանեն, սակայն ժամանակի ընթացքում բանակում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել: Ես մեր բանակն համարում եմ բանվորագյուղացիական, իսկ սպայական կազմն հնացած է, այն անհրաժեշտ է նոր կադրերով փոխարինել: Մեր բանակի հիմնական դարբնոցը Վազգեն Սարգսյանի ինստիտուտն է, որտեղ անցյալ տարի տեղյակ եղաք, թե ինչեր էր կատարվում: Բանակում տեղի ունեցող տհաճ երեւույթները թաքցնելով՝ որեւէ բանի չեն հասնի: Անհրաժեշտ է  դրանց լուծում տալ:

Ըստ հետախույզի մարտունակ է  այն բանակը, որը մշտապես մարտական գործողությունների մեջ է:

– Դիրքապահությունը մարտունակության բան չէ: Սակայն Ադրբեջանը զգում է, որ մենք մարտունակ ենք, ուստի վճռական  քայլերի չի դիմում:

Նա նաեւ այն կարծիքն հայտնեց, որ կամաց-կամաց անհրաժեշտ է մեր բանակը պայմանագրային դարձնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս