«Էժանագին շոուները ոչ մի կապ չունեն ո՛չ էզոթերիկայի, ո՛չ գուշակության հետ». Էզոթերիկ-աստղաբան
Էզոթերիկ-աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանի կարծիքով՝ էզոթերիկան այն ոլորտն է, որն ուսումնասիրում է մարդու խորքում եղածը. «Այժմյան մեր գիտելիքները թույլ են տալիս պարզաբանել՝ որպես ենթագիտակցություն կամ անգիտակցականի խորքեր: Դա եղել է ու միշտ կմնա, քանի դեռ գիտակցությունն ամբողջությամբ չի ընկալել այդ խորքերը: Հայ իրականության մեջ պայծառատեսությունը, էզոթերիկան, աստղաբանությունը մի փոքր աղճատված ձևով են մեզ հասնում և բավարարում են այն մարդկանց պահանջները, որոնք ցանկանում են լինել խաբված, հանգստություն ստանալ: Մարդիկ փորձում են դրանով գումար վաստակել, ու բիզնեսի ոլորտը ստիպում է իր օրենքները թելադրել՝ ինչքան հնարավոր է շատ հաճախորդ, շատ գումար: Քննադատել, իհարկե, պետք է, որպեսզի շառլատանները չբազմանան, բայց քարկոծել այս գիտելիքները, նշանակում է՝ թուլանալ, որովհետև մեր մրցակիցները, բացահայտ թշնամաբար տրամադրված երկրները դրանց շատ լուրջ են վերաբերվում»:
Հոգեբան Աննա Բադալյանը ներկայացրեց խնդրի հոգեբանական կողմերը` ասելով. «Խնդիրներն առաջանում են նրանից, որ դրանք առօրյա նպատակ ունեն, որից կարող է տրամադրություն ստեղծվել, տրամադրություն փչանալ, ներանձնային բախումներ լինել: Մարդը, ով ունի ներքին կոնֆլիկտներ, չի կարողանում դրսևորվել, իր տեղը գտնել, ունի որոշակի թերացումներ իր հոգեբանական հասունության հետ, ապա նմանատիպ ազդակները նրա համար կարող են լինել տրավմատիկ, իսկ ավելի կայացած ու սոցիալականացված անհատների մոտ դա կարող է առօրյայի տրամադրվածություն լինել ու ստեղծել դրականը: Դրանք ենթագիտակցական մակարդակի խորն արմատներ ունեն: Այսօր շատերը, որոնք այդ ոլորտում նույնիսկ չկան, կարող են իրենց հայտարարել ոլորտի գիտակներ ու ոչ միայն տրամադրություն ստեղծել, այլև թելադրել, իսկ մարդիկ, որոնք տեղյակ չեն, կարող են սխալ ուղղությամբ գնալ»:
Խորհրդագետ էքստրասենս, հետազոտող Ռուբեն Բաբայանն էլ նշեց, որ պայծառատեսությունը լսողության ու տեսողության նման է և շատ ցայտուն երևում է. «Մինչև 5 տարեկան երեխաների մոտ դա ցայտուն երևում է, որից հետո՝ ելնելով կրոնափիլիսոփայական, կենցաղային դաստիարակությունից, միջավայրից, քնում է դա: Որոշակի ժամանակ հետո, ինչ-որ սուր սթրեսային վիճակներից, հարվածներից նորից արթնանում է: Մեկի մոտ դա կարող է պայծառատեսությամբ արտահայտվել, մյուսի մոտ՝ լսողությամբ, և այլն: Եթե մարդը պատրաստ չէ դա հասկանալ ու ընկալել, ապա շատ վտանգավոր է առողջության համար, քանի որ ձայներ է լսում, բաներ է տեսնում ու չգիտի՝ ինչ անել: Կարծրատիպերն ու դոգմաները մարդուն դնում են մի վիճակի մեջ, որ նա չի կարողանում ապրել այնպես, ինչի համար ինքը նախաստեղծված է»:
Գուրգեն Հովհաննիսյանն էլ հավելեց, որ մեր հեռուստատեսությամբ էզոթերիկան շատ տգեղ ու վատ ձևով է ներկայացվում. «Այն էժանագին շոուները, որոնք պարբերաբար կրկնվում են, լրիվ այլ տեղ են տանում: Դրանք ոչ մի կապ չունեն ո՛չ էզոթերիկայի, ո՛չ գուշակության հետ»:
Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին դեմ է տարբեր տեսակի գուշակություններին՝ ընդգծելով, որ պետք է հույսը դնել ոչ թե լուսատուների կամ ինչ-որ երևույթների, այլ Աստծո վրա, իսկ եկեղեցու հոգևոր հայրերից Բարսեղ Կեսարացի Հայրապետն ասում է. «Կարելի է կանխատեսումներ կատարել, բացի` մարդու կյանքից: Մարդը, ի տարբերություն մյուս արարածների և բնության երևույթների, ունի հոգի և ազատ կամք, ուստի` եթե մարմնի վրա բնության տարբեր ուժեր ազդեցություն ունեն, ապա հոգու վրա` բացարձա՛կ ոչ…»: