Շուշանիկ Բախշյանի նկատմամբ գրավ կիրառելու որոշման դեմ բողոքը մերժվել է
Քրեական վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Դատախազության բողոքը՝ ծննդական Մերի Մարգարյանի մահվան գործով մեղադրյալ Շուշանիկ Բախշյանի նկատմամբ գրավ կիրառելու որոշման դեմ: Դատարանը թույլատրելի է համարել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհու նկատմամբ գրավի կիրառումը:
Միևնույն ժամանակ դատարանը մերժել է Շուշանիկ Բախշյանի պաշտպանների բողոքը, որով նրանք խնդրել էին վերացնել կալանավորման ու դրա հետևանքով կիրառված գրավի որոշումը: Նշենք, որ գործը քննող քննիչը Շուշանիկ Բախշյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան. դատարանը բավարարել էր միջնորդությունը, միևնույն ժամանակ՝ բավարարել էր մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:
Նշենք, որ Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի՝ հիմնավորվել է, որ Մերի Մարգարյանի հղիությունը 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանը. «Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ դրսևորվել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք:
Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Շ.Բախշյանը 2015թ. հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն, և վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբը։
2015թ. հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար և տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015թ. հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09:00-ից սկսած, արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող և հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաև՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետևանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը»: