Հարկադիր ոչ էլեկտրոնային աճուրդ անցկացնելու դեպքերը կհստակեցվեն
Արդարադատության ոլորտը կարգավորող իրավական ակտերի, դրանցում առկա բիզնես գործընթացների ուսումնասիրությունների արդյունքում Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը հանդես է եկել կառավարության նախկինում ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ՝ հստակեցնել հարկադիր ոչ էլեկտրոնային աճուրդ անցկացնելու դեպքերը:
ՕԿԱԿ-ն ուսումնասիրել է նաև անշարժ գույքի կադաստրի ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակը, մասնավորապես՝ ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնողների որակավորմանն առնչվող կարգավորումները:
Ըստ այդմ առաջարկվել է՝ ուժը կորցրած ճանաչել իրավաբանական անձի կողմից քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու մասին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տեղեկացնելու մասին դրույթը, սահմանել որակավորում ստանալու համար հայտատուների կողմից ներկայացվող դիմումի ձև, ինչպես նաև ապահովել վերջինս և կից փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն, որակավորում ստանալու համար հայտատուների կողմից ներկայացվող փաստաթղթերի շարքում ավելացնել պետական տուրքի անդորրագիրը, հաշվի առնելով, որ այն փաստացի պահանջվում է ներկայացնել:
Այդ փոփոխություններն ու լրացումները կնպաստեն ոլորտի կարգավորման և բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավմանը, առկա խնդիրների վերացմանը, կարգավորման հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատմանը: Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի առցանց ներկայացումը դյուրացնելու նպատակով մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվել է առցանց դիմումի լրացման էջում ներկայացվելիք փաստաթղթերը խմբավորել ըստ գործարքի տեսակների, ինչպես նաև փոխարինել «սոցիալական ապահովության քարտի համարը» բառերը «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով: