«Հայաստանին այս պահին ձեռնտու չէ փոխել ֆորմատը». Գոհար Իսկանդարյան
«Իրանը վարում է պրոտեկցիոնիստական քաղաքականություն իր ապրանքների նկատմամբ, այսինքն՝ բոլոր երկրներից շատ դժվար է ապրանքը մտնում Իրան, ինքն իր սեփական արտադրողին է պաշտպանում, որպեսզի կարողանա շուկան բավարարել իր ապրանքներով: Իսկ պատժամիջոցների վերացումից հետո կարողանալու են մտնել համաշխարհային շուկա, և իրենք էլ պետք է բաց լինեն այլ երկրների համար, և Հայաստանն էլ պետք է որոշակի ապրանքներ կարողանա մտցնել Իրան: Մոտավորապես 600 անուն ապրանք Իրանից մտնում է Հայաստան, իսկ Հայաստանից ընդամենը 100 անուն ապրանք է մտնում Իրան: Տարբեր տվյալներով՝ Հայաստանում գրանցված է մոտավորապես 2000 իրանական ընկերություն, իսկ Իրանում՝ զրո: Մենք պետք է այս սառույցը կոտրենք, ժամանակը եկել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ, իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
168.am-ի հարցին՝ Իրանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչն օրեր առաջ նշել էր, որ Իրանը ցանկանում է մասնակցել ղարաբաղյան հարցի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, ինչո՞ւ է Իրանը նման ցանկություն հայտնում, և արդյո՞ք սա կապված է տարածաշրջանային լիդեր դառնալու նրա հավակնությունների հետ, իրանագետը պատասխանեց. «90-ականների սկզբներին Իրանը եղել է միջնորդ, բավական ակտիվ մասնակցել ու դրական գործընթացներ ապահովել է: Բայց Մինսկի խմբի ձևավորումից հետո միայն այդ կառույցն է զբաղվում այդ հարցով: Կարծում եմ՝ Հայաստանին այս պահին ձեռնտու չէ փոխել ֆորմատը, որովհետև, եթե մենք փոխում ենք ֆորմատը, բնականաբար, Ադրբեջանը հայտարարելու է, որ փոխված ֆորմատի մեջ ցանկանում է տեսնել նաև Թուրքիային, և այստեղ մենք որևէ բան չենք կարող ասել: Մեզ ձեռնտու չէ տեսնել Թուրքիային այս խմբի մեջ: Դրա համար պետք է պահել ստատուս-քվոն, այսինքն՝ Մինսկի խմբին մենք և Ադրբեջանը թույլ ենք տվել, նրանք մասնակցում են, ու պետք է սպասենք գործընթացի ավարտին»:
Շարունակելով՝ նա նշեց, որ Իրանի առանցքային հարցն այն է, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, քանզի նրան էլ ձեռնտու չէ իր սահմանների մոտ տեսնել պատերազմական իրավիճակ. «Բայց միևնույն ժամանակ՝ Իրանը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, սա ունի բացատրություն, որովհետև ինքը ևս ունի էթնիկ տարբեր խմբեր, որոնք ոտքի կկանգնեն, եթե ինքն այսօր ճանաչի Ղարաբաղը: Իրանը վարել է բալանսավորված քաղաքականություն պատերազմի ժամանակ ու այսօր էլ կրկին վարում է բալանսավորված քաղաքականություն»:
Ռուս-Թուրքական հնարավոր պատերազմի դեպքում, ըստ Գ. Իսկանդարյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակությունը տարածաշրջանում կմեծանա. «Տարածաշրջանում ազդեցիկ պետություններն են Սաուդյան Արաբիան, Թուրքիան, ու այս պահին Իրանը գալիս է այս դիրքերում, այսինքն՝ պատերազմի դեպքում Թուրքիան նահանջում է, Սաուդյան Արաբիան՝ մի փոքր հեղինակազրկվում, ու տեսնում ենք Իրանի դիրքի կայունացումը, հատկապես՝ նաև այն փաստարկի ներքո, որ նրանք համագործակցում են ՌԴ-ի հետ Սիրիայի հարցում»: