«Կարող է մի հատ էլ երկուս է դրել». Հրայր Թովմասյանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականների մասին
«Կարող է մի հատ էլ երկուս է դրել, վերաքննություն է դրել, ստուգարք է նորից նշանակել և այլն, և այլն»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը՝ արձագանքելով լրագրողների դիտարկմանը, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մտահոգություններ է արտահայտել 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի հետ կապված, առաջարկություններ արել Ընտրական օրենսգրքի հետ կապված՝ Հայաստանի իշխանություններին ասելով՝ կատարեք տնային աշխատանքը:
Հրայր Թովմասյանն ասաց, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է. «Այդ բոլորը, ինչ ասում են, դրանք գործընկերային հարաբերությունների մեջ են: Եվ երբեք Հայաստանը չի անում ինչ-որ բաներ՝ միայն ինչ-որ կառույցների հաճոյանալու կամ նրանց պահանջով: Այդ ամբողջը մեզ է պետք, և այն առաջարկությունները, որոնք արել է ԺՀՄԻԳ-ը՝ հաշվի առնելով նախորդ ընտրությունների փորձը, պիտի ասեմ, որ հաշվի է առնված և նախագծում դրանց էական մասը, մեծ մասն իրացված է»: Հարցին, թե ինչպես է վերաբերվում զեկույցին, Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ չի ցանկանում որևէ գնահատական տալ, բայց անկախ նրանից՝ ում մասին է խոսքը, եթե լայնամասշտաբ դիտարկում չես իրականացնում, դժվար է ճիշտ, օբյեկտիվ գնահատական տալ, որոշակի ընդհանրացում կատարելն այդքան էլ հիմնավոր չէ:
Անդրադառնալով էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ առաջարկությանը՝ Հրայր Թովմասյանն ասաց. «Այդ էլեկտրոնային քվեարկության մասին բոլորը խոսում են, բայց ոչ ոք, ներողություն եմ խնդրում մի փոքր կատեգորիկ լինելու համար, չգիտի, թե դա ինչ է՝ մեկը լսել է, մեկը տեսել է, մեկին պատմել են, և այլն, և այլն: Ես ասել եմ և կրկնում եմ՝ բոլոր այն երկրներում, որտեղ չկա վստահություն ընտրական համակարգերի նկատմամբ, խորհուրդ չի տրվում էլեկտրոնային համակարգի ներդրումը, բայց իր հերթին՝ էլեկտրոնային համակարգը կոչված է ապահովելու վստահության բարձրացումը: Այս խնդրի լուծումը պետք է տեսնել հետևյալ համատեքստում: Այդ համակարգերը պետք է պատրաստված լինեն միջազգային ասպարեզում հեղինակություն վայելող կազմակերպությունների կողմից, դրանք պետք է անցնեն միջազգային աուդիտ, երաշխավորը պետք է լինեն ձեր կողմից մատնանշված միջազգային կառույցները, որ այս համակարգերն անձեռնմխելի են, հնարավոր չէ, ոչ ոք չի կարող այդ համակարգեր մուտք գործել և փոխել ինչ-որ բան: Եթե դրանք չկան, ապա շարունակելու ենք մտածել, թե այն ավանդական թղթային եղանակով քվեարկությունն ինչպես անել:
Էլեկտրոնային քվեարկությունն իրենից երեք տարբեր կոմպոնենտներ է ենթադրում: Առաջինն ընտրողների գրանցումն է, որը, անկախ ամեն ինչից՝ պետք է արվի, այսինքն՝ էլեկտրոնային եղանակով անձը պետք է նույնականացվի՝ արդյոք ի՞նքն է այդ փաստաթուղթը, թե՞ ոչ: Սա առաջինն է:
Երկրորդ փուլը բուն քվեարկությունն է, այսինքն՝ այստեղ կան բավական տարբեր եղանակներ: Կան տերմինալներ, մոտենում ես, թեկնածուների կամ կուսակցությունների անուններն են, հպվում ես մատով, դա նշանակում է, որ արդեն քվեարկել ես: Զուգահեռ կարող է նաև քվեաթերթիկը տպել: Երրորդ փուլը, այսպես ասած, խելացի քվեատուփերն են, երբ քվեաթերթիկը պետք է մուտք արվի արկղ, այդ դեպքում այն նաև ավտոմատ հաշվում է, թե ում օգտին է քվեարկած:
Այսինքն՝ երկրորդ և երրորդ համակարգերի ներդրումը պայմանավորված կլինի բացառապես այն հանգամանքներով, թե որքանով այդ համակարգերն անցած կլինեն միջազգային աուդիտ, պատրաստված կլինեն հեղինակավոր կազմակերպության կողմից, և հնարավորւթյուն կլինի հանրությանը շատ հստակ ներկայացնել այդ համակարգերը, որ վերջիններս անձեռնմխելի են ցանկացած մասնագետի, ցանկացած հակերի համար»:
Հրայր Թովմասյանն ասաց, որ, ցավոք սրտի, Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը չի գտնվում պատշաճ մակարդակի վրա, դրանով է նաև պայմանավորված, որ պետք է որոշակի վերապահումներով խոսել այդ համակարգերի ներդրման մասին: «Լավ ու վատ Ընտրական օրենսգրքի գլխավոր նախապայմանը կայանում է նրանում, թե որքանով է այդ համակարգն ընդունվում, որքանով այդ համակարգի նկատմամբ քաղաքական դերակատարների կողմից վստահություն կա այդ համակարգի նկատմամբ: Ուստի այս առումով, կրկնում եմ, այդքան կարևոր չէ, թե ինչ մանրամասնությամբ ես սահմանել, ինչպես ես այդ կանոնակարգումները տվել, որքան է վստահությունն այդ համակարգի նկատմամբ»,- ասաց Հրայր Թովմասյանը: