Հայաստանը՝ ռուս-թուրքական բախման կովկասյան ճակատ դառնալու սպառնալիքի տակ

«Ռուսաստանը պատերազմի է պատրաստվում»,- այսպես են ռուս ռազմական փորձագետները մեկնաբանում Ռուսաստանի սկսած անակնկալ ռազմական զորավարժությունները Հարավային ռազմական շրջանում։

Փետրվարի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ ռազմական պատրաստականության անակնալ ստուգումներ են սկսվել Հարավային ռազմական օկրուգի ռազմակայաններում։ Ինչպես հայտնի է, Հարավային ռազմական օկրուգի մեջ է մտնում նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանը։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով, ստուգումների ընթացքում պետք է պարզվի, թե որքանով են ստորաբաժանումները պատրաստ արձագանքելու արտակարգ իրավիճակներին։

Նա ընդգծել է, թե անհրաժեշտ է նաև ստուգել հակաօդային պաշտպանության համակարգերի և օդուժի պատրաստվածությունը՝ թշնամու հնարավոր հարձակմանը հակազդելու առումով։ Եվ ամենաուշագրավը, որ ռուսական ռազմանավերը Հարավային ռազմական շրջանի զորքերի մարտական պատրաստվածության ստուգման շրջանակում դուրս են եկել Սև և Կասպից ծովեր ու մշակում են պայմանական հակառակորդի սուզանավերը որոնելու գործողությունը։

Շրջանառվող տեսակետների համաձայն, այս նախապատրաստությունների թիրախն ամենևին էլ Ուկրաինան չէ, քանի որ Կասպյան նավատորմն Ուկրաինայի հետ որևէ կապ ունենալ չի կարող։ Դատելով վերջին օրերի ընթացքում ստացված տեղեկություններից, ամենևին էլ պատահական չեն Ռուսաստանի ԶՈՒ սկսած գործողությունները։

Վերջին օրերին կտրուկ սրվել էին Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ ընթացող ռազմական գործողությունները, որի հետևանքով Ժնևում սկսված բանակցությունները դադարեցվեցին, ՌԴ ԶՈՒ-ի օգնությամբ Ասադի զորքերը շարունակեցին իրենց հաջող առաջխաղացումը դեպի Թուրքիայի հետ սիրիական սահման։ Ինչպես իր հոդվածում է գրում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը, ռուս զինվորականները Սիրիայի հյուսիսում և հարավում հաջողությունների են սպասում, որի միջոցով ասադյան ուժերը դուրս կգան Թուրքիա-Սիրիա սահման։ «Թե ինչպես այս ամենին կարձագանքի ինքը՝ Թուրքիան, չգիտի ոչ ոք»,- գրել է նա։

«168 Ժամի» հետ զրույցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական Ruben Mehrabyanկենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանը ՌԴ ռազմական ներուժի կարևորագույն մասն է. այդ ռազմական օկրուգի մեջ են մտնում բոլոր տարածքները, որոնք ներգրավված են չկարգավորված հակամարտություններում։ Ուստի, նրա խոսքով, Ռուսաստանը, լարվածության տարբեր օջախներ ստեղծելով, փորձում է Հարավային օկրուգի տարածքում մեծացնել իր ներկայությունը, որպեսզի քաղաքական որոշումների կայացման վրա էլ ավելի մեծ ազդեցություն ունենա։

«Գործ ունենք երկու կարևորագույն բաղադրիչի հետ՝ առաջինը՝ ըստ ամենայնի, Սիրիայում Ռուսաստանի ներգրավվածությունը կմեծանա, իսկ դա լրացուցիչ ուժեր և միջոցներ է պահանջելու, երկրորդը՝ խորանում է և էլ ավելի կարող է խորանալ հակամարտությունը Թուրքիայի հետ։ Սիրիայում Ռուսաստանի ներգրավվածության մեծացման հետ կմեծանա նաև թուրքական ուժերի հետ ուղղակի բախման ռիսկը։ Հետևապես՝ ռուսական հրամանատարությունը որոշել է Հարավային օկրուգի տարածքում ներգրավված բոլոր ռազմական ուժերը վերստուգել, մասշտաբային զորաշարժն ինքնին արդեն ուժի ցուցադրում է՝ ուղղված դրա հասցեատերերին։ ՌԴ-ն մի քանի խնդիր է լուծում՝ այս ստուգումների մասին հայտարարություններ անելով»,- մեկնաբանեց Ռուբեն Մեհրաբյանը։

Anatolo CiganokՌուսաստանի Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը մեզ հետ զրույցում ևս հաստատեց այն կարծիքները, որ Ռուսաստանը նախապատրաստական միջոցառումներ է ձեռնարկել։

Նա նշեց, որ այստեղ պետք է քննարկել, թե արդյո՞ք Թուրքիան կհարձակվի Ռուսաստանի վրա։ Իրականում, ըստ նրա, չի կարող և չի անի նման բան։ «Թեև, եկեք հիշենք, որ Թուրքիան վերջին անգամ պատերազմել է Ռուսաստանի հետ Առաջին աշխարհամարտի տարիներին, այո, Թուրքիան աջակցեց Գերմանիային։ Ներկայումս իրավիճակի էությունն այն է, որ հենց Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերն աջակցեցին Ասադի կառավարությանը, ասադյան ուժերը մեծ հաջողություններ սկսեցին գրանցել պատերազմում, ինչը շարունակում է հունից հանել Թուրքիային։

Ուստի Թուրքիայի համար Ռուսաստանի հետ պատերազմելու մի քանի տարբերակ կա՝ ԱՄՆ-ի աջակցություն, որը քիչ հավանական է, Սաուդյան Արաբիայի աջակցություն, որը քիչ հավանական է, Սաուդյան Արաբիան զբաղված է այլ պատերազմում, իսկ ԱՄՆ-ի Մերձավոր Արևելքի հետ կապված այլ ծրագրեր ունի և վախենում է ինքնավար Սիրիայի մտքից»,- ասաց Ցիգանոկը՝ քիչ հավանական համարելով Ռուսաստան-Թուրքիա բախումը, այդ թվում՝ Թուրքիայի ներխուժումը Սիրիա։ Ցիգանոկը հիշեցրեց, որ Հայաստանի ՀՕՊ-ը միասնական է Ռուսաստանի հետ, որն ուղղված է Թուրքիայի դեմ։

«Կարծում եմ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, պետք է պաշտպանի Ռուսաստանին, բայց, անկեղծ ասած, ՀԱՊԿ բոլոր անդամները ձգտելու են չմիջամտել Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններին։ Չեմ կարծում, որ Հայաստանի մասնակցությամբ կամ Հայաստանին թիրախավորելով՝ ռազմական գործողություններ կսկսվեն, քանի որ դա պետք չէ ո՛չ Եվրոպային, ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ տարածաշրջանին։ Այնուամենայնիվ, եթե նույնիսկ լինեն ռազմական գործողություններ, չեմ կարծում, թե Թուրքիայի գլխավոր խնդիրը Հայաստանն է լինելու, թեև նույնիսկ այդ հարցն է ապահովագրված՝ Հայաստանում ՀՕՊ S-400 համակարգ է գործում, կարծում եմ, որ լավ է, որ այն կա Հայաստանում։ Կասկածում եմ, որ ռուս-թուրքական հակամարտության հետևանքով Թուրքիան կթիրախավորի Հայաստանը։ Իսկ Ռուսաստանն անցանկալի ռուս-թուրքական բախման դեպքում Թուրքիային թիրախավորելու այլ հենակետեր ունի»,- մեկնաբանեց Ցիգանոկը։

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, սակայն, այս զարգացումները չեն շրջանցում Հայաստանը։ Ըստ նրա՝ Հայաստանն այսօր չափազանց վտանգավոր իրավիճակում է հայտնվել։ Մեհրաբյանի որակմամբ, ՀՀ իշխանության վարած արատավոր քաղաքականությունը, որի դառը պտուղներն այսօր զգալի են, Հայաստանին Ռուսաստանից միակողմանի կախվածության մեջ գցեց։

«Զարմանալի կլիներ, որ այսօրվա Ռուսաստանն իր ձեռքը ստացած լծակները չօգտագործեր, որպեսզի Հայաստանին դարձներ իր խնդիրների լուծման գործիք։ Այսօր ՀՀ-ն չափազանց բարձր ռիսկի տակ է, այդ սպառնալիքը կոչվում է պուտինյան Ռուսաստան։ Պետք է Հայաստանն անի ամեն ինչ, որպեսզի ռուս-թուրքական հակամարտության մեջ չձևավորվի կովկասյան ճակատ, և ՀՀ-ն չդառնա այստեղ ներգրավված կողմ, որովհետև պատմականորեն միշտ այդպես է եղել, ռուսներն ու թուրքերը պատերազմել են՝ ձևավորելով կովկասյան ճակատ, ինչն էլ դարձել է հայ ժողովրդի բազմաթիվ աղետների գլխավոր պատճառը։ Ներկայումս, բարեբախտաբար, ունենք ինքնիշխան երկիր, ունենք լեգիտիմ լծակներ, որպեսզի դա թույլ չտանք, և իշխանության, քաղաքական ուժերի, հասարակության պարտքն է՝ միասնական դիրքորոշում և կամք դրսևորել՝ դա թույլ չտալու համար»։ Անդրադառնալով կարծիքներին, թե Ադրբեջանի քաղաքական էլիտայի կտրուկ հռետորաբանությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ պայմանավորված է ռուս-թուրքական բախման վտանգով, որից կփորձի օգտվել նաև Ադրբեջանը, Մեհրաբյանը նշեց, որ չէր ցանկանա կապել այս երկու զարգացումները միմյանց հետ։

«Ադրբեջանի ամբողջ արգումենտացիան հօդս է ցնդում, պարզ է, որ Ադրբեջանը հիստերիկ արձագանքներով պետք է փորձի ՄԽ համանախագահների դիրքորոշումների վրա ազդել՝ փորձելով մոտեցնել իր դիրքորոշմանը։ Ադրբեջանը ցանկանում է այն, ինչ ընդունված է կոչել «ստատուս-քվո ante bellum», այսինքն՝ մինչպատերազմական ստատուս-քվո, իսկ դրանից այն կողմ, մի միլիմետր այն կողմ միտք չունի որևէ զիջման գնալու, կարծես թե պատերազմ չի եղել, կարծես թե այդ պատերազմն Ադրբեջանը չէ, որ հրահրել է, և հարձակումն Ադրբեջանը չէ, որ իրականացրել է, և դա Ադրբեջանը չէ, որին չի հաջողվել հասնել իր ռազմական նպատակներին պատերազմի ընթացքում, Ադրբեջանը չէ, որը քսան տարի հայատյացության, ֆաշիստական պրոպագանդա է վարել իր երկրում պետական ԶԼՄ-ների միջոցով, այնպես որ, Ադրբեջանը փորձում է հիմարի տեղ դնել բոլորին։

Այս հայտարարությունները հենց այդ շարքից են»,- նման տեսակետ հայտնեց Մեհրաբյանը։ Նրա խոսքով, բնականաբար, ՄԽ համանախագահների դիրքորոշումն այն է, որ հարցի լուծումը կարող է լինել փոխզիջումների հիման վրա, իսկ թե այդ փոխզիջման հարցում Ադրբեջանն ինչ է դնում փոխզիջման, մնում է անհասկանալի, որովհետև, փաստորեն, գոյություն չունի փոխզիջում Ադրբեջանի կողմից։ «Ադրբեջանը գնում է ոչ թե փոխզիջման, այլ ամեն ինչ անում է, որ հասնի Հայաստանի կապիտուլյացիային։ Բնականաբար, դա չի հաջողվի, դա է իրենց համար ընդունելի լուծումը։ Սա հանգեցնելու է նրան, որ Ադրբեջանին միջազգային հանրությունը ստիպելու է կառուցողական կարգավորման։ Ադրբեջանն այն պատրանքն ունի, որ եթե տարածաշրջանի շուրջ լարվածության աճ կա, ապա սա զուտ պրոպագանդիստական նպատակներից ելնելով՝ փորձ է՝ լրացուցիչ ուշադրություն գրավել իր վրա»,- նման կերպ արձագանքեց Ռուբեն Մեհրաբյանը շրջանառվող կարծիքներին։

Տեսանյութեր

Լրահոս