«Հայաստանը ռուս-թուրքական հնարավոր բախման կովկասյան ճակատը դառնալու սպառնալիքի տակ է». Ռուբեն Մեհրաբյան
«ՀՀ իշխանությունները պետք է անեն հնարավորը, որպեսզի Հայաստանը ռուս-թուրքական հնարավոր բախմանը ներգրավված կողմ չդառնա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով ՌԴ Հարավային ռազմական շրջանում ծավալված ռազմական միջոցառումներին: Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ ռազմական պատրաստականության անակնալ ստուգումներ են սկսվել Հարավային ռազմական օկրուգի ռազմակայաններում:
Ինչպես հայտնի է, Հարավային ռազմական օկրուգի մեջ է մտնում նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանը: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով, ստուգումների ընթացքում պետք է պարզվի, թե որքանով են ստորաբաժանումները պատրաստ արձագանքելու արտակարգ իրավիճակներին: Նա ընդգծել է, թե անհրաժեշտ է նաև ստուգել հակաօդային պաշտպանության համակարգերի և օդուժի պատրաստվածությունը՝ թշնամու հնարավոր հարձակմանը հակազդելու առումով: Եվ ամենաուշագրավը, որ ռուսական ռազմանավերը Հարավային ռազմական շրջանի զորքերի մարտական պատրաստվածության ստուգման շրջանակում դուրս են եկել Սև և Կասպից ծովեր ու մշակում են պայմանական հակառակորդի սուզանավերը որոնելու գործողությունը։
Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանը ՌԴ ռազմական ներուժի կարևորագույն մասն է. այդ ռազմական օկրուգի մեջ են մտնում բոլոր տարածքները, որոնք ներգրավված են չկարգավորված հակամարտություններում: Ուստի, նրա խոսքով, Ռուսաստանը, տարբեր լարվածության օջախներ ստեղծելով, փորձում է Հարավային օկրուգի տարածքում մեծացնել իր ներկայությունը, որպեսզի քաղաքական որոշումների կայացման վրա էլ ավելի մեծ ազդեցություն ունենա:
«Գործ ունենք երկու կարևորագույն բաղադրիչի հետ` առաջինը` ըստ ամենայնի, Սիրիայում Ռուսաստանի ներգրավվածությունը կմեծանա, իսկ դա լրացուցիչ ուժեր և միջոցներ է պահանջելու, երկրորդը` խորանում է և էլ ավելի կարող է խորանալ հակամարտությունը Թուրքիայի հետ: Սիրիայում Ռուսաստանի ներգրավվածության մեծացման հետ կմեծանա նաև ռիսկն ուղղակի բախման թուրքական ուժերի հետ: Հետևապես՝ ռուսական հրամանատարությունը որոշել է Հարավային օկրուգի տարածքում ներգրավված բոլոր ռազմական ուժերը վերստուգել, մասշտաբային զորաշարժն ինքնին արդեն ուժի ցուցադրում է՝ ուղղված դրա հասցեատերերին: ՌԴ-ն մի քանի խնդիր է լուծում` այս ստուգումների մասին հայտարարություններ անելով»,- մեկնաբանեց Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա կարծիքով՝ այս զարգացումները չեն շրջանցում Հայաստանին: Ըստ նրա` Հայաստանն այսօր չափազանց վտանգավոր իրավիճակում է հայտնվել: Մեհրաբյանի որակմամբ՝ ՀՀ իշխանության վարած արատավոր քաղաքականությունը, որի դառը պտուղներն այսօր զգալի են, Հայաստանին Ռուսաստանից միակողմանի կախվածության մեջ գցեց: «Զարմանալի կլիներ, որ այսօրվա Ռուսաստանն իր ձեռքը ստացած լծակները չօգտագործեր, որպեսզի Հայաստանին դարձներ իր խնդիրների լուծման գործիք: Այսօր ՀՀ-ն չափազանց բարձր ռիսկի տակ է, այդ սպառնալիքը կոչվում է պուտինյան Ռուսաստան:
Պետք է Հայաստանն անի ամեն ինչ, որպեսզի ռուս-թուրքական հակամարտության մեջ չձևավորվի կովկասյան ճակատ, և ՀՀ-ն չդառնա այստեղ ներգրավված կողմ, որովհետև պատմականորեն միշտ այդպես է եղել, ռուսներն ու թուրքերը պատերազմել են՝ ձևավորելով կովկասյան ճակատ, ինչն էլ դարձել է հայ ժողովրդի բազմաթիվ աղետների գլխավոր պատճառը: Ներկայումս, բարեբախտաբար, ունենք ինքնիշխան երկիր, ունենք լեգիտիմ լծակներ, որպեսզի դա թույլ չտանք, և իշխանության, քաղաքական ուժերի, հասարակության պարտքն է՝ միասնական դիրքորոշում և կամք դրսևորել դա թույլ չտալու համար:
Անդրադառնալով կարծիքներին, թե Ադրբեջանի քաղաքական էլիտայի կտրուկ հռետորաբանությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ պայմանավորված է ռուս-թուրքական բախման վտանգով, որից կփորձի օգտվել նաև Ադրբեջանը, Մեհրաբյանը նշեց, որ չէր ցանկանա կապել այս երկու զարգացումները միմյանց հետ: «Ադրբեջանի ամբողջ արգումենտացիան հօդս է ցնդում, պարզ է, որ Ադրբեջանը հիստերիկ արձագանքներով պետք է փորձի ՄԽ համանախագահների դիրքորոշումների վրա ազդել, փորձելով մոտեցնել իր դիրքորոշմանը: Ադրբեջանը ցանկանում է այն, ինչ ընդունված է կոչել «ստատուս-քվո ante bellum», այսինքն` մինչպատերազմական ստատուս-քվո, իսկ դրանից այն կողմ, մի միլիմետր այն կողմ միտք չունի որևէ զիջման գնալու, կարծես թե պատերազմ չի եղել, կարծես թե այդ պատերազմն Ադրբեջանը չէ, որ հրահրել է, և հարձակումն Ադրբեջանը չէ, որ իրականացրել է, և դա Ադրբեջանը չէ, որին չի հաջողվել հասնել իր ռազմական նպատակներին պատերազմի ընթացքում, Ադրբեջանը չէ, որը քսան տարի հայատյացության, ֆաշիստական պրոպագանդա է վարել իր երկրում պետական ԶԼՄ-ների միջոցով, այնպես որ, Ադրբեջանը փորձում է հիմարի տեղ դնել բոլորին: Այս հայտարարությունները հենց այդ շարքից են»,- նման տեսակետ հայտնեց Մեհրաբյանը: Նրա խոսքով, բնականաբար, ՄԽ համանախագահների դիրքորոշումն այն է, որ հարցի լուծումը կարող է լինել փոխզիջումների հիման վրա, իսկ թե այդ փոխզիջման հարցում Ադրբեջանն ինչ է դնում փոխզիջման, մնում է անհասկանալի, որովհետև, փաստորեն, գոյություն չունի փոխզիջում Ադրբեջանի կողմից: «Ադրբեջանը գնում է ոչ թե փոխզիջման, այլ ամեն ինչ անում է, որ հասնի Հայաստանի կապիտուլյացիային: Բնականաբար, դա չի հաջողվի, դա է իրենց համար ընդունելի լուծումը: Սա հանգեցնելու է նրան, որ Ադրբեջանին միջազգային հանրությունը ստիպելու է կառուցողական կարգավորման: Ադրբեջանն այն պատրանքն ունի, որ եթե տարածաշրջանի շուրջ լարվածության աճ կա, ապա սա զուտ պրոպագանդիստական նպատակներից ելնելով՝ փորձ է՝ լրացուցիչ ուշադրություն գրավել իր վրա»,- նման կերպ արձագանքեց Ռուբեն Մեհրաբյանը շրջանառվող կարծիքներին:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: