Ազգային անվտանգության և ժողովրդավարական գործընթացների հակադրության հանրային դիսկուրսը Հայաստանում
Նրանք, ում համար անվտանգությունը կարևոր է ազատությունից, արժանի չեն ո´չ ազատության, ո´չ անվտանգության:
Բենջամին Ֆրանկլին
Ցանկացած երկրում գոյություն ունի ազգային անվտանգության ապահովման խնդիր: Սակայն երկրի պաշտպանվածությունը բարձրացնելու համար իրականացվող գործողությունները հաճախ հակասության մեջ են մտնում ժողովրդավարության հիմնարար արժեքների հետ: Այդ հակասությունն առավել մեծ սրությամբ է դրսևորվում ժողովրդավարական այն պետություններում, որոնք գտնվում են պատերազմական վիճակում, պատերազմի կամ ահաբեկչության սպառնալիքի տակ և ունեն իրենց գոյության պայքարի անհրաժեշտություն: Նշված մարտահրավերները ստիպում են անվտանգության ապահովումը դիտել որպես գլխավոր նպատակ՝ հանուն դրա երբեմն ոտնահարելով քաղաքացիների իրավունքները:
Սակայն իշխանությունները հաճախ անվտանգության նկատառումներն օգտագործում են որպես պատրվակ և ի նպաստ սեփական շահերի՝ սահմանափակելով մարդու իրավունքները, քաղաքացիների ազատությունը: Երբեմն դժվար է տարանջատել դեպքերը, երբ հանուն պետական անվտանգության ապահովման ժողովրդավարական կառավարման սկզբունքների խախտումները հարվածի տակ են դնում նույն այդ ժողովրդավարական կառավարումը, մանավանդ, երբ այդ խախտումներն արդարացված են: Ազգային անվտանգությանը տալով բացարձակ անվիճելի կարգավիճակ` երկրները, հանուն պետության պաշտպանության, հաճախ արդարացնում են ժողովրդավարական սկզբունքների խախտումները:
Անվտանգության շահարկման հիմնավորման համար իշխանությունները հանրային պատկերացումներում փորձում են ամրապնդել այն տեսակետը, որ պետության անվտանգությունը համազգային շահ է` այն դեպքում, երբ անհատի ազատությունը, քաղաքացիական իրավունքը կոնկրետ մարդու անձնական տիրույթի հարց է: Եվ մարդիկ համաձայնում են ժողովրդավարական սկզբունքների խախտման հետ` հույս ունենալով, որ դա իրենց չի վերաբերի:
Անվտանգության շահերի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների հակադրությունը հանրային ընկալումներում առավել ակնառու կարող է դառնալ հայրենասիրության և քաղաքացիական արժեքների վերաբերյալ պատկերացումների հակադրության հիման վրա: Հայրենասիրական և քաղաքացիական արժեքների փոխազդեցությունը կրում է փոփոխական բնույթ և սերտ կապված է հասարակության զարգացման տարբեր փուլերի հետ: Համեմատաբար հանգիստ ժամանակահատվածներում թե՛ հայրենասիրության, թե՛ քաղաքացիականության արտահայտվածությունը ցածր է:
Արտաքին վտանգի դեպքում հայրենասիրությունը և քաղաքացիականությունը կատարում են պաշտպանիչ գործառույթ՝ քաղաքացիներին մոբիլիզացնելով հայրենիքի պաշտպանության շուրջ և նրանց ուշադրությունը կենտրոնացնելով քաղաքացիական պարտքի և պարտավորությունների վրա: Սոցիալ-տնտեսական փոփոխությունների բեկումնային շրջանում հայրենասիրության և քաղաքացիականության հարաբերակցությունը փոփոխվում է. քաղաքացիականությունը, որն ընկալվում է որպես պետության և հասարակության զարգացման հեռանկարների իրականացման միջոց, զբաղեցնում է առաջատար դեր, իսկ հայրենասիրությունը շարունակում է իրականացնել իր պաշտպանական գործառույթը:
Սակայն կարող են առաջանալ այնպիսի իրավիճակներ, երբ մարդկանց, սոցիալական խմբերի և ողջ հասարակության արժեհամակարգի այդ երկու բաղադրիչները դառնում են հակասական, անգամ իրարամերժ՝ առաջացնելով սուր բախում: Նման հակադրության աղբյուրները կարող են կախված լինել ոչ միայն սոցիալ-քաղաքական գործընթացների բնույթից, այլև առաջանալ արտաքին ներգործությամբ:
Հայաստանում ազգային անվտանգության և ժողովրդավարության հակադրության հանրային դիսկուրսն ակտիվանում է հատկապես ընտրական գործընթացների և քաղաքացիական ակտիվիզմի գործողությունների խորապատկերին: Զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի, քաղաքացիական ակտիվիզմի, հանրահավաքային գործողությունների և հանրային դիսկուրսի այլ դաշտերում քննարկման մեջ են դրվում այս երկու արժեքների հակադրությունները:
Հայաստանն իր զարգացման, սոցիալական փոխակերպումների, տարբեր աշխարհաքաղաքական միավորների հետ ինտեգրման հակասական գործընթացների փուլում է: Նոր մարտահրավերներին հաջողությամբ պատասխանելն անհնար է՝ առանց ժողովրդավարության արժեքներով հասարակության կամ նրա զգալի մասի, ում համար նշանակալի արժեք է քաղաքացիականությունը, սոցիալական արդարությունը, քաղաքացիների ազատությունն ու իրավունքների խախտման հանդեպ անհանդուրժողականությունը: Սակայն Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորումն ու զարգացումն ուղեկցվում են մի շարք, այսպես կոչված, հանրակարգային և արժեքային խոչընդոտներով: Վերջիններիս մեջ հատկապես կարևորվում է քաղաքացիական և ազգային արժեքների հակադրությունը:
Սոցիալ-մշակութային երկու արժեքների՝ հայրենասիրության և քաղաքացիականության ընկալումները ժամանակակից հայաստանյան հասարակության կողմից կարող են պայմանավորել երկրի ժողովրդավարական գործընթացների ընթացքը: Հասարակության սոցիալական ինքնության համար անհրաժեշտ է աշխարհայացքային պատկերացում՝ ինչ է նշանակում լինել ՀՀ քաղաքացի և հայրենասեր:
Հայրենասիրությունը կարող ենք համարել հայ հասարակության արժեհամակարգի և հոգեկերտվածքի անբաժանելի մաս: Սակայն հայրենասիրական արժեքների հանրային ընկալման մեջ տեղի են ունենում իմաստային փոփոխություններ: Շատ հաճախ հանրային դիսկուրսում կիրառվում են կեղծ հայրենասիրական կամ ազգայնական գաղափարներ, ազգային արժեքները հակադրվում են քաղաքացիականին` «հիմնավորելու» իրականացվող քաղաքականությունը, ազդելու սոցիալ-քաղաքական գործընթացների վրա, մանիպուլացնելու հանրային կարծիքը:
Հայրենասիրության և քաղաքացիականության սոցիալ-մշակութային և հոգևոր արժեքների ամբողջությունը պետությանը տալիս է կայունություն և զարգացում: Հատկապես պետականության կայացման գործում հայրենասիրությունը և քաղաքացիականությունը հանդես են գալիս որպես սոցիալական գործընթացների, սոցիալական և քաղաքական ինստիտուտների գործունեության արդյունավետության կարևոր բաղադրիչներ: Քաղաքացիական հասարակության կայացման և մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ է պետական և քաղաքացիական հայրենասիրության անբաժանելիություն: Հայրենասիրություն հասկացության մեջ պետական և քաղաքացիական բաղադրիչների միասնությունը նպաստում է քաղաքացի-պետություն հարաբերություններում խնդիրների լուծման գործում արժեքային կողմնորոշիչների ներդաշնակեցմանը և հասարակական ինստիտուտների արդյունավետությանը:
Դիտարկումները ցույց են տալիս, որ իշխանությունները հաճախ օգտագործում են ՀՀ պատերազմական վիճակը և անվտանգության խնդրի հանդեպ հայաստանցիների զգայունակությունը՝ հակադրելու անվտանգությունը և ժողովրդավարությունը, հայրենասիրությունը և քաղաքացիականությունը` դրանով իսկ թուլացնելով ժողովրդավարական տարբեր գործընթացների ազդեցությունը և արդյունավետությունը:
Հասարակության մեջ հայրենասիրության և քաղաքացիականության բարձր մակարդակի պահպանումը և վերարտադրումը սոցիալ-մշակութային վերարտադրության համակարգի կարևոր տարրերից է: Ժամանակակից հայաստանյան հասարակությունը, որը գտնվում է հետտրանսֆորմացիոն հոգևոր և արժեքային ճգնաժամի վիճակում, ունի հայրենասիրության և քաղաքացիականության արժեքների բնականոն վերարտադրության դժվարություններ: Պետական ինստիտուտների հանդեպ անվստահության բարձր աստիճանը, պետության և իշխանությունների նույնացումը, հետևաբար՝ պետությունից օտարվածությունը, քաղաքացիական ինքնության բացակայությունը հասարակական գիտակցության մեջ առաջացնում են հայրենասիրության և քաղաքացիականության արժեքների տարանջատում, հաճախ նաև` հակադրություն:
Հանրային քննարկումներում անվտանգություն-ժողովրդավարություն, հայրենասիրություն-քաղաքացիականություն հակադրություններն ամրապնդվում են բազմաթիվ ձևերով և տարբեր խողովակներով: Այդ քննարկումները հանրային պատկերացումներում ստեղծում են կարծրատիպեր և վարքային մոդելներ: Դրանք առավել մեծ հնչեղություն են ստանում ընտրական գործընթացների, քաղաքացիական շարժումների շուրջ:
Հատկանշական է, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի և Սահմանադրության հանրաքվեի շուրջ ընթացող քննարկումները նույնպես ներառում էին անվտանգություն-ժողովրդավարություն դիսկուրսը: Այսպես, սահմանադրական փոփոխությունների կարևորագույն դրույթը՝ կառավարման համակարգի փոփոխությունը և խորհրդարանի ձևավորման սկզբունքը նույնպես հիմնավորվել են կայունության և անվտանգության անհրաժեշտությամբ:
Անվտանգություն-ժողովրդավարություն հակադրության դիսկուրսը վերջին տարիների ընտրական գործընթացներում դրսևորվում է մի շարք տիպային իրավիճակների ներկայացման շուրջ, ինչպիսիք են՝
- Ժողովրդավարական արժեքներով ներկայացող նախագահի թեկնածուն պատկերվում է որպես թույլ, ազգային շահերը պաշտպանելու ոչ ունակ.
- Նախագահի թեկնածուի, այսպես կոչված, «արևմտամետ» լինելը կամ «արևմտյան արժեքներ» դավանելն ուղղակիորեն հակադրվում է անվտանգությանը.
- Գործիչների ավտորիտար մոտեցումները ներկայացվում են որպես ուժի և անվտանգության ապահովման գրավական.
- Ընտրական գործընթացին մասնակցող քաղաքական գործչի՝ արցախյան ազատամարտին մասնակցությունը ներկայացվում է որպես հայրենասիրության և ազգային անվտանգությունը կարևորելու ու պաշտպանելու կարողության անքննելի փաստարկ.
- Քաղաքացիական ակտիվիզմում ներգրավված գործիչներին վերագրվում է արտաքին ներգործություն.
- Ղարաբաղյան հակամարտության հայամետ կարգավորումը կապվում է կոնկրետ թեկնածուների հետ.
- Բանակի՝ ազգային անվտանգության պահպանման խորհրդանիշի օգտագործումն ընտրական գործընթացներում (մասնակցություն ընտրություններին, ԶՈՒ օգտագործում ցուցարարների դեմ և այլն) խորհրդանշական ձևով առաջացնում է հայրենասիրություն-քաղաքացիականություն հակադրության ընկալում.
- Հետընտրական զարգացումները, մասնավորապես՝ կեղծված ընտրությունների դեմ բողոքի արտահայտման հանրահավաքները, իշխանության լեգիտիմությունը չընդունելու դիրքորոշումը ներկայացվում են որպես սպառնալիք պետության անվտանգությանը, միջազգային հարաբերություններում երկրի դիրքի թուլացում.
- Հանրահավաքներն անմիջականորեն կապվում են սահմանային բախումների, թշնամական հարևանների գործողությունների հետ.
- Քաղաքական ակտիվիստները ներկայացվում են որպես շեղված վարքի կրողներ.
- Քաղաքական ակտիվիստների և ցուցարարների հանդեպ կատարվող գործողությունները հիմնավորվում են անվտանգության պահպանմամբ:
Վերջին տարիներին քաղաքացիական ակտիվիզմի առավել հաճախակի դարձած գործողությունների շուրջ ծավալվող հանրային քննարկումները նույնպես ամրապնդում են քաղաքացիականություն-հայրենասիրություն արժեքների հակադրությունը հանրային ընկալման մեջ: Այդ հակադրությունը նպատակաուղղված կերպով առավել սուր է դրսևորվում ԶԼՄ-ների, կարծիք ձևավորողների, սոցիալական ցանցերի միջոցով, ինչպես նաև` քաղաքացիական ակտվիստների շարքերում ներառելով այդ արժեքները չկրող և գործընթացները վնասող անհատների: Քաղաքացիական ակտիվիզմի գործընթացներում շրջանառվում են կարծրատիպեր ձևավորող հետևյալ մոտեցումները.
- Երկրի ներքին խնդիրների բարձրաձայնումն արդեն իսկ վնասում է անվտանգությունը՝ հատկապես հաշվի առնելով թշնամական հարևանների անթաքույց մտադրությունները.
- Քաղաքացիական ակտիվիզմը համարվում է արևմտյան աղբյուրներից սնուցվող, հետևաբար՝ ազգային անվտանգությունը վնասող.
- Քաղաքացիական ակտիվիստները, կրելով արևմտյան, ժողովրդավարական արժեքներ, պաշտպանում են մարդու, քաղաքացու իրավունքները՝ ի հաշիվ պետական անվտանգության, քանի որ այդ շահերը հաճախ հակասության մեջ են պետության կամ դրա հետ նույնականացվող իշխանության շահերի հետ.
- Քաղաքացիական ակտիվիզմի ակցիաներն ուղղակիորեն կապվում են սահմանում տիրող հրադադարի խախտման դեպքերի հետ.
- Քաղաքացիական ակտիվիստների կերպարները ներկայացվում են «անընդունելի», «ոչ ավանդական» և «ոչ հարիր» մեր հոգեկերտվածքին.
- Քաղաքացիական նախաձեռնությունները հետապնդում են հասարակության մի մասի կամ սոցիալական փոքր խմբերի շահերը, մինչդեռ դրանք կարող են ստորադասվել երկրի/պետության շահերին.
- Քաղաքացիական ակտիվիստների քայլերը ծայրահեղ են և պետության/իշխանությունների ներկայացուցիչներին դրդում են նրանց նկատմամբ կոշտ քայլեր կիրառել անվտանգության նկատառումներից ելնելով.
- Քաղաքացիական նախաձեռնությունները ներկայացվում են հասարակություն-իշխանություն հակադրության մեջ.
- Քաղաքացիական նախաձեռնությունների գործողությունները համարվում են անկառավարելի և վտանգավոր, քանի որ դրանք չունեն հստակ առաջնորդություն և հիերարխիա (հարթակ է, որտեղ ազատ կարող է ներգրավվել ցանկացած անհատ), և շարժման մասնակիցները հաճախ հրաժարվում են կատարել պետական պաշտոնյայի հրահանգները:
Դիտարկված քննարկումներում հայրենասիրությունը որպես արժեք նեղացվում և կարծրացվում է, որից տարբերվող այլ մոտեցումներ և մեկնաբանություններ արժանանում են սուր քննադատության, հակադրության, երբեմն էլ՝ որակվում որպես դավաճանություն: Հայրենասիրությունն անմիջականորեն կապվում է անվտանգության հետ, ինչը ենթադրում է դրա շուրջ հասարակության մեծամասնության մոտ միանման մոտիվների և նպատակների ձևավորում:
Ի տարբերություն հայրենասիրության՝ քաղաքացիականությունը դիտարկվում է որպես ինչ-որ «արտաքին» արժեք, որը հասարակություն է մուտք գործել «արևմուտքից» և չի համապատասխանում նրա մեծամասնության հոգեկերտվածքին:
Քաղաքացիական հասարակության հիմնական արժեքների (սեփական կյանքի իմաստավորում, ազատություն, արդարություն, համերաշխություն և այլն) տարածման և հասարակական կյանքի վրա դրանց ազդեցության համար անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել արժեքային կողմնորոշիչները: Քաղաքացիականությունն արտահայտվում է մարդկանց իրավունքների և պարտականությունների իրացման, դրանց իրական ակտիվության մեջ, իսկ հայրենասիրությունը պատկերացվում է առանց հատուկ վարքային մոդելի՝ առավել վերացական և զգայական:
Որպես կանոն, մարդկանց գիտակցության մեջ հայրենասիրության և քաղաքացիականության դրսևորումներն ունեն օրինաչափ բաշխում՝ կամ հստակ արտահայտված, կամ թույլ արտահայտված, կամ բացակայող հայրենասիրության և քաղաքացիականության ցուցանիշ: Քննարկումների միջոցով հանրային ընկալումներում այս օրինաչափ հավասարակշռության խախտումն առաջացնում է երկու արժեքների կեղծ ընկալումներ, որը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կարող է առաջացնել մի շարք խնդիրներ:
Հայրենասիրության և քաղաքացիականության արժեքների կոնֆլիկտն առաջացնում է սեփական երկրի նկատմամբ վերաբերմունքի, պետության հետ նույնականացման ճգնաժամ: Հայրենասիրության և քաղաքացիականության նոր արժեքների ձևավորման համար հայաստանյան հասարակությանն անհրաժեշտ են սոցիալ-մշակութային արժեքների և գաղափարախոսության նոր շեշտադրումներ, նոր սոցիալական ինքնություն: Իր երկրի հետ դրական նույնացման համար հասարակության մեծ մասն իրեն տարանջատում, օտարում է պետությունից:
Հետևաբար, հայրենասիրությունը չի նույնացվում պետականության հանդեպ վերաբերմունքի հետ: Իսկ վերջինս իր հերթին անհամապատասխանության մեջ է քաղաքացիական արժեքների հետ: Բացի դրանից անհատները և հասարակությունը հայրենասիրության և քաղաքացիականության արժեքների հանդեպ ցուցաբերում են ցածր զգայական հետաքրքրվածություն: Դրան զուգահեռ հանրային քննարկումների դաշտում վերջիններս նպատակաուղղված կամ չմտածված կերպով ոչ միայն խեղաթյուրում են այդ արժեքների մասին պատկերացումները, այլև դրանք հակադրում իրար: Մինչդեռ, պետության կայունության և զարգացման համար մարդու իրավունքների, ժողովրդավարության սկզբունքների և պետության անվտանգության շահերի պաշտպանության միջև անհրաժեշտ է հավասարակշռություն:
Սյուզաննա Բարսեղյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ
Օգտագործված գրականություն
- Алексеева Т.А. Дилеммы безопасности: американский вариант // Политические исследования. 1993, № 6.
- Алмонд Г., Верба С. Гражданская культура и стабильность демократии // Полис, 1992, №4.
- Гидденс Э. Социология. М., 1999.
- Макбрайд У. Политическая философия, один мир и гипердержавный патриотизм//Вопросы философии. М., 2004. N6.
- Малинкин А.Н. Понятие патриотизма // Социологический журнал. 1999. № 1/2.
- Национальная безопасность и демократия в Израиле, Хрестоматия в четырех томах под редакцией проф. Бениамина Нойбергера, д-ра Илана Бен-Ами и д-ра Алека Д. Эпштейна, 2007.
- Хабермас Ю. Демократия. Разум. Нравственность. М., 1995.
- Штомпка П. Культурная травма в посткоммунистическом обществе (статья вторая), //Социологические исследования. 2001
- P. The forms of capital. In J. Richardson (ed.) Handbook of Theory and Research for the Sociology of Education. New York: Greenwood Press, 1986.
- Sorokin P. A. Crisis of Our Age. N. Y., 1991.