«Ռուսներն ու թուրքերը շահագրգռված են պատերազմով. ՆԱՏՕ-ն առանձնապես ձգտում չունի Թուրքիային աջակցելու». Արա Պապյան

«Ռուս-թուրքական հարաբերություններն աստիճանաբար թևակոխում են ավելի սուր փուլ: Կողմերը փնտրում են նոր հնարավորություն, թե ինչպիսի նոր լծակներ կարող են գտնել միմյանց նկատմամբ: Քրդական ու հայկական հարցերը ռուսների համար այդ հնարավորություններից մեկն են: Այստեղ մասնավորապես հենց 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական կամ, ավելի ճիշտ՝ բոլշևիկաքեմալական եղբայրության և բարեկամության մասին պայմանագիրն է։ Կարծում եմ՝ այս փուլում այն որպես ճնշման միջոց է օգտագործվում ռուսների կողմից, բայց չեմ բացառում, որ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում, երբ հարաբերություններն ավելի սրվեն, հնարավոր է՝ հենց մարտի 16-ին, երբ այդ տխրահռչակ պայմանագրի 95-ամյակը լրանա, հարցը բարձրացվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք ռուսներն ու թուրքերը կկարողանա՞ն լեզու գտնել, համաձայնության գալ Սիրիայի ու Ասադի հարցով:

Նա չի կարծում, որ այդ համաձայնությունը լինի: Ըստ փորձագետի՝ ռուսներն ու թուրքերը շահագրգռված են պատերազմով.

«Երկուսն էլ խնդիրներ ունեն լուծելու ոչ միայն՝ արտաքին քաղաքական, այլև՝ ներքաղաքական հարթություններում: Թուրքերին դա հնարավորություն է տալիս ճնշել քրդերին, որովհետև վերջին շրջանում Իրաքում և Սիրիայում քրդերի զինված գոյությունը շատ ավելի մեծ անհանգստություն է պատճառում Թուրքիային, էլ չեմ խոսում, որ Թուրքիայի որոշ շրջաններում քաղաքացիական պատերազմ է ընթանում։ Ռուսաստանի պարագայում էլ ներքին տնտեսական դժվարություններն են բերում նրան, որ Ռուսաստանին պետք է և՛ ժողովրդին շեղելու ինչ-որ հնարավորություն, և՛ ցույց տալու իր ուժը, իսկ Ռուսաստանն իր ուժը կարող է ցույց տալ միայն ռազմական ոլորտում»։

Հետևաբար, Արա Պապյանը համոզված է, որ հարաբերությունները կսրվեն, առաջին փուլում կընթանա օդային պատերազմ Սիրիայի տարածքում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կօգտագործի Հայաստանում գտնվող ռազմաբազան, ու Հայաստանը ևս կներքաշվի.

«Եթե նման զարգացում լինի, մեր միակ ելքը մնում է Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթուղին մեր վերահսկողության տակ վերցնելը, որը հնարավորություն կտա բացվող Իրանի հետ ռեալ հարաբերություններ զարգացնել»:

168.am-ի հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը կգնա Թուրքիայի հետ պատերազմի՝ հաշվի առնելով այն փաստը, որ պատերազմ Թուրքիայի դեմ, կնշանակի՝ պատերազմ ՆԱՏՕ-ի դեմ, փորձագետը պատասխանեց.

«Պատերազմ Թուրքիայի դեմ անպայմանորեն չի նշանակում՝ պատերազմ Թուրքիայի տարածքում: Դա շատ հնարավոր է Սիրիայի տարածքում: Չմոռանանք, որ Թուրքիան արդեն զորքերը մտցրել է Սիրիայի տարածք, գրավել է որոշ շրջաններ: Առ այսօր շատերը զարմանում են, թե ինչու Ռուսաստանը չի ռմբակոծում այդ տարածքները, ու դա լինելու է ի վերջո: Իսկ Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածն ասում է՝ հարձակում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա, այսինքն՝ կոնկրետ ֆիզիկական հարձակում պետք է լինի Թուրքիայի տարածքի վրա: Բացի այդ, այնտեղ բավականին նրբություններ կան. եթե այդ հարձակումն ընդհանրապես հրահրված չէ: Եթե Թուրքիայի գործողությունները ՆԱՏՕ-ն դիտարկի՝ որպես հրահրում, կարող է և Թուրքիայի կողմը չանցնել: Մյուս կողմից՝ կախված է Ռուսաստանի վճռականությունից: Ժիրինովսկին հաճախ է նշում՝ ո՞վ է ուզում Թուրքիայի համար գնալ ատոմային պատերազմի:

Այսինքն՝ այն, որ Ռուսաստանը մեծ պատերազմի դեպքում ատոմային զենք կօգտագործի, չեմ բացառում: Ուշադրություն դարձրեք՝ Գյումրիի ռազմակայանում 4 թե 5 զրահամեքենաների նոր բերվելը մի քանի ամիս առաջ, որոնց բուն նպատակն է հենց բիոլոգիական, քիմիական և ռադիոակտիվ վերահսկում իրականացնելը: Այսինքն՝ այդ մեքենաներն իմաստ կարող են ունենալ, եթե տեղի է ունենում ատոմային պայթյուն: Սովորական զինատեսակներով ռուսական բանակը բավականին թույլ է: Բայց, ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն առանձնապես ձգտում չունի Թուրքիային աջակցելու: Այսօր Թուրքիան դարձել է խնդիրներ առաջացնող ՆԱՏՕ-ի համար, այլ ոչ թե՝ անվտանգություն ապահովող»:

Տեսանյութեր

Լրահոս