Ինչու և ինչպես բահրեյնցի ակտիվիստը հայտնվեց Իրանում

Հայաստանում 30 օր անազատության մեջ գտնված, ապա ազատ արձակված բահրեյնցի ակտիվիստ Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալին գտնվում է Իրանում: Բահրեյնի Թագավորության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող, 1990թ. ծնված ակտիվիստին հանձնելու միջորդությամբ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դատարան չէր դիմել, և կալանքի ժամկետը լրանալուց հետո նա ազատ էր արձակվել:

Երեկ մեզ հետ զրույցում նրա պաշտպան Տիգրան Սաֆարյանը ներկայացրեց, թե ինչպես է Ռադհին հայտնվել Իրանում: «Կալանքի տակ պահելու ժամկետը լրանում էր 2016թ. հունվարի 31-ին, երեկոյան ժամը 23:00-ին: Նախնական պայմանավորվածություն ունեինք քրեակատարողական հիմնարկի հետ, որ փաստաթղթային գործընթացը սկսելուն պես մեզ տեղյակ պահեին, որպեսզի դիմավորեինք նրան ու լուծեինք նրա կեցության հարցը, որովհետև նա ոչ ոք չունի ՀՀ-ում:

Բայց մեր պայմանավորվածությանը հակառակ՝ քրեակատարողական հիմնարկն ազատման գործընթացը սկսել է նույնիսկ առանց սպասելու ժամկետը լրանալուն: 21:30-ից սկսել են, ու իրեն բաց են թողել երեկոյան 11-ին 15 պակաս՝ առանց մեզ տեղյակ պահելու: Իմ գործընկերը 23:30-ին եղել է այնտեղ (ամեն դեպքում որոշել էինք, որ 23:30 այնտեղ լինի, որ դիմավորի): Երբ իրեն բաց են թողել, հենց քրեակատարողական հիմնարկի մուտքի դիմաց իրեն մոտեցել են, ըստ իր ասելու, ոստիկաններ, որոնց վրա նաև զենքեր է նկատել. վերցրել են իր ձեռքից ճամպրուկը, նստեցրել են ավտոմեքենան ու տարել են օդանավակայան՝ ասելով, որ արտահանձնում են Բահրեյն, սպասում են Բահրեյնի ոստիկանների գալուն, որ հանձնեն իրենց:

Ժամեր շարունակ դա են պնդել, ինքը խնդրել է, բացատրել, ներկայացրել է, թե ինչ է իրեն սպասվելու Բահրեյնում հայտնվելու դեպքում, որ խոշտանգումների կենթարկվի, որ ընդդիմության ակտիվիստներից է և դրա համար է հետախուզման մեջ գտնվում: Ժամեր շարունակ այդ վիճակում պահելուց հետո ասել են` լավ, եթե չես ուզում Բահրեյն, ուրեմն կարող ենք մեկ այլ տարբերակ առաջարկել՝ գնա այն երկիր, որտեղից եկել ես, տվյալ դեպքում՝ Իրան: Ունենալով Բահրեյն գնալու վտանգը՝ համաձայնել է: Իր ասելով՝ նույն օրն առավոտյան (դեռ չենք ճշտել թռիչքի ճիշտ ժամը) ինչ-որ փաստաթղթեր են լրացրել ու իրեն տարել, նստեցրել են Իրան մեկնող ինքնաթիռ»:

Փաստաբանն ասաց, որ, երբ նախնական տեղեկություն է ստացել այն մասին, որ Ռադհին հայտնվել է Իրանում, անմիջապես դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն, Ոստիկանություն, Հատուկ քննչական ծառայություն, ինչպես նաև՝ Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով պարզել, թե որ ծառայության աշխատակիցներն են եղել, որ «փաստացի առևանգել են անձին, դե ֆակտո՝ վտարել երկրից՝ չունենալով դրա հիմքը»: «Ֆադհելը Հայաստանում օրինական էր գտնվում և արդեն դիմել էր ապաստանի խնդրանքի հարցով: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները չէին կարող անել, իսկ այդ գործողությունները կատարողներն ուղղակի հանցանք են կատարել: Հիմա, ճիշտն ասած, սպասում եմ իրենց պատասխաններին, որ որոշենք մեր հետագա քայլերը»,- ասում է Տիգրան Սաֆարյանը:

Tigran SafaryanԽոսելով Իրանից Ռադհիին Բահրեյն հանձնելու հնարավորության մասին՝ փաստաբանն ասաց, որ հաշվի առնելով Իրանի և Բահրեյնի միջև հարաբերությունների սրվածությունը՝ մեծ է հավանականությունը, որ Իրանը նրան չի հանձնի. «Բայց դա պարզապես այսօրվա քաղաքական իրադրությունը հաշվի առնելով եմ ասում: Չի բացառվում՝ վաղը իրադրություն փոխվի»:

Տ. Սաֆարյանը տեղեկացրեց, որ միջնորդություն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Այդ գիշեր, երբ իմացանք, որ Ֆադհելը փաստացի անհետացել է, հենց հաջորդ օրը եղած տեղեկատվության հիման վրա դատարանին խնդրեցի շտապ միջոցներ ձեռնարկել, կառավարությունից պահանջել պարզել նրա գտնվելու վայրը և որևէ կերպ կասեցնել նրան արտահանձնելու կամ վտարելու կամ այլ կերպ Բահրեյն վերադարձնելու գործընթացը: Եվրոպական դատարանում դա գրանցվել է, ստացել են, բայց, ըստ էության, ակտուալությունն է կորել, որովհետև Ֆադհելն արդեն Հայաստանի Հանրապետությունում չէր գտնվում այդ պահի դրությամբ: Եվրոպական դատարանը սահմանված կարգով մոտ ժամանակներս մեզ տեղյակ կպահի: Իհարկե, արդեն կմերժեն, որովհետև ակտուալ չէ մեր խնդրանքը, բայց հետագա գործողությունները՝ արդեն կախված Հայաստանի համապատասխան ծառայությունների պատասխաններից, կորոշենք և կկատարենք»:

Տ. Սաֆարյանն ասաց, որ Ռադհին առաջին անգամ ձերբակալվել է 2011թ. «2011թ. «Արաբական գարուն» կոչված պրոցեսների ժամանակ, երբ Բահրեյնում էլ սկսվեցին խաղաղ ցույցեր, ինքը մասնակցել է դրանց: 2011թ. ձերբակալվել է, խոշտանգումների է ենթարկվել, դատապարտվել է, պատիժը կրել է, ու մինչև հիմա իր մարմնի վրա խոշտանգման հետքերը կային: Անձամբ ցույց է տվել: Հետո 2013թ. արդեն անվտանգության ուժերը եկել են, իրեն աշխատավայրից տարել են, էլի խոշտանգել են, ստիպել են խոստովանական ցուցմունք տալ: Առաջին դեպքում էլ է ինքը խոստովանական ցուցմունք տվել, ու Բահրեյնում գրեթե մարդ չկա, որ չխոստովանի մեղադրանքը: Նա խոստովանական ցուցմունք է տվել, բաց են թողել:

Բաց թողնելուց հետո տուն չի վերադարձել՝ մտավախություններ ունենալով, որ հնարավոր է՝ բռնությունները շարունակվեն: Ժամանակավոր այլ տեղ է բնակվել, և անվտանգության ուժերն էլի գնացել են տուն՝ իր հետևից, ու եղբորն են փնտրել: Այդ ժամանակ արդեն հասկացել է, որ խնդիրներ են լինելու, ինքն ու եղբայրը լքել են երկիրը, ուղղակի փախել են երկրից: Մեղադրանքն այսպիսին է. իրենք հակատեռորիստական մի օրենք ունեն՝ ընդունված 2011թ. դեպքերից հետո, որ արգելվում է 5 և ավելի անձանց հավաքվելը հանրային վայրերում:

Իրեն մեղադրանք են առաջադրել դրա համար՝ իբր հանցագործություններ կատարելու նպատակով 5 և ավելի անձանց հավաքվելը, անվադողեր այրելը, ոստիկանական ավտոմեքենաներն այրել փորձելը, տեռորիստական նպատակներով ոստիկաններին սպանելու նպատակ ունենալը: Բայց ես դատավճիռն ունեմ իմ տրամադրության տակ, որևէ ապացույց չկա՝ բացի մի քանի հոգու խոստովանություններից՝ նրանց, ովքեր եղել են իրենց ձեռքի տակ»:

Տեսանյութեր

Լրահոս