Քննարկվում է նաև ևս մեկ բանկ «Հայէկոնոմբանկին» միավորելու հարցը
«Հայէկոնոմբանկն» արդեն իսկ իրականացրել է և շարունակում է իրականացնել ՀՀ ԿԲ նորմատիվային կապիտալի 30.0 մլրդ դրամ նվազագույն շեմի պահանջին համապատասխանեցման քայլեր, մասնավորապես՝ 2015թ.-ին բանկն իր հիմնական բաժնետերերից ներգրավեց 4.5 մլրդ ՀՀ դրամ երկարաժամկետ ստորադաս փոխառություն, որը նորմատիվային կապիտալի տարր է հանդիսանում: Այս մասին տեղեկացնում է բանկի լրատվական ծառայությունը։
30.12.15թ.-ին ավարտվեց բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը, որի արդյունքում բանկի կապիտալը մինչև սույն թվականի մարտ ամսվա ավարտը կավելանա ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամով իսկ բաժնետերերի քանակը՝ մոտ 1,600-ով՝ հասնելով մոտ 3,200-ի:
«Հայէկոնոմբանկի» և «ԲՏԱ բանկ»-ի բանկի ղեկավարների միջև ստորագրվել է միացման մտադրությունների հուշագիր և մինչև մարտ ամսվա վերջ միացման հարցը կներկայացվի երկու բանկերի բաժնետերերի ժողովների հաստատմանը: «Հայէկոնոմբանկի»՝ որպես «պահպանվող» բանկի և «ԲՏԱ բանկ»-ի, որպես «միացող» բանկի միացման արդյունքում «Հայէկոնոմբանկի» կապիտալը կավելանա ավելի քան 5.0 մլրդ դրամով:
2016թ.-ին «Հայէկոնոմբանկը» նախատեսում է իրականացնել մոտ 10.0 մլրդ դրամ ծավալով բաժնետոմսերի նոր թողարկում և բաց բաժանորդագրություն: Միջազգային 4 կառույցներ ցանկություն են հայտնել բանկում մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ:
Ներկայումս քննարկվում է նաև ևս մեկ բանկ «Հայէկոնոմբանկին» միավորելու հարցը: Վերոնշյալի իրականացման արդյունքում «Հայէկոնոմբանկը» 2016թ.-ի ավարտին կունենա անհրաժեշտ մակարդակի նորմատիվային կապիտալ և կշարունակի ակտիվ մրցակցությունը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում: