«ԵՏՄ-ից ապրանքների ներկրումների հետ կապված՝ մենք միշտ էլ խնդիրներ ունեինք». Աշոտ Եղիազարյան
«ԵՏՄ-ից ապրանքների ներկրումների հետ կապված՝ մենք միշտ էլ խնդիրներ ունեինք, մասնավորապես՝ ավելացված արժեքի հարկի հետ կապված, որ մի անգամ այնտեղ է ԱԱՀ գանձվում, մի անգամ էլ Հայաստանում է գանձվում: Արդյունքում՝ ապրանքը բավականին թանկանում է: Ընդհանուր մաքսային տարածքի տրամաբանությունը, որ ապրանքը որտեղ վերջնական իրացվում է, այնտեղ պետք է ԱԱՀ վճարվեր, դա չի աշխատում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը՝ մեկնաբանելով ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայայի հայտարարությունը, որ ՀՀ-ում անօրինական հարկ է գանձվում:
Թե ինչո՞ւ ԵՏՄ նախարարը որոշեց հիմա խոսել այդ մասին, Ա.Եղիազարյանը դժվարացավ ասել: Ըստ նրա՝ ՀՀ-ն 1 տարի է՝ թանկ է բերում ապրանքները, հանկարծ հիմա որոշեցին ասել, որ խնդիրներ կան. «Գուցե քաղաքական դրդապատճառներ էլ կան, գուցե Հայաստանի՝ ԵՄ-ի հետ կապված նոր ձգտումներն են պատճառը, չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, որ ԵՏՄ նախարարը հայտարարել է, թե երբ Հայաստանի իշխանությունները 20 % ԱԱՀ են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին: Նա նշել է, որ ԵՏՄ ներսում ոչ-տարիֆային պատնեշներ դե յուրե չկան, իսկ ԵՏՄ պայմանագրում հստակ գրված է՝ միության անդամ երկրները չեն կարող միմյանց նկատմամբ կիրառել ոչ-տարիֆային պաշտպանության միջոցներ: