«Համացանցում շատ ժամանակ անցկացնող երեխաները դրդվում են այնտեղ տեղադրել իրենց մասին ինֆորմացիա»

«Հայաստանում  արդեն 8-րդ տարին անընդմեջ այս օրը միանում ենք «Ապահով համացանց» միջազգային ծրագրին, որի նպատակն է համացանցից ապահով օգտվելու գիտելիքներ տարածելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Ապահով համացանց» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը՝ հավելելով, որ տեղեկատվական տոխնոլոգիաներին տիրապետող երեխաներն ավելի հեշտությամբ են կարողանում հաղթահարել համացանցում առկա ռիսկերը. «ՏՏ-ները հզոր կրթական գործիքներ են, ու դրանց մեծ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի երեխաները լինեն ոչ միայն սպառողներ, այլև ակտիվ մասնակցություն ունենան թվային կյանքին»:

Ըստ նրա՝  ոլորտում կարևոր է  բոլոր դերակատարների մասնակցությունը. «Այս ռիսկերը տարեցտարի փոխվում են, ու մենք ունենում ենք նոր մարտահրավերներ։ Երեխաները շատ ավելի խոցելի են հիմա, քան տարիներ առաջ։ Հիմա երեխաներին կարող են հասու դառնալ օրինական, բայց տարիքին անհամապատասխան նյութեր, ապրանքներ կամ ծառայություններ։ Երեխաները կարող են հայտնվել այնպիսի համայնքներում, որտեղ խրախուսվում է բռնությունը»։

Նարինե Խաչատրյանի խոսքով՝ համացանցում շատ ժամանակ անցկացնող երեխաները դրդվում են այնտեղ տեղադրել իրենց մասին ինֆորմացիա, որոնք, ըստ նրա՝ կարող են խաթարել անձնական անվտանգությունը կամ ապագա մասնագիտության ընտրությունը: Նա ընդգծեց, որ ամբողջ աշխարհում այն միտումը կա, որ մեծահասակների ու փոքրերի միջև ջրբաժան է առաջանում, քանի որ նրանք հեշտությամբ են ընտելանում այս տեխնոլոգիաներին»։

«Ինտերնետ կառավարման» խորհրդի քարտուղար Գրիգորի Սաղյանն էլ հավելեց, որ «Ապահով համացանցը»  ներկայանում է ոչ միայն երեխաներին։ Նրա կարծիքով՝ ապահով համացանց ստեղծելու համար պետք է  կրթել բոլորին. «Ապահով համացանցը միջոցառումների համալիր է պահանջում, որ հնարավոր լինի այդ հարցը լուծել։ Այս առումով ՀՀ  կառավարությունը՝ ի դեմս Տրանսպորտի ու կապի նախարարության, դիմել է Հեռահաղորդակցության միջազգային ընկերությանը, որպեսզի կարողանան մշակել այն հայեցակարգը, որը թույլ կտա ունենալ առաջ շարժվելու ուղղություններ»։

 

Տեսանյութեր

Լրահոս