Եղբայրությունը հավերժ չէ. ՌԴ Պետդումայում ցանկանում են վերանայել 1921թ. կնքված Մոսկվայի պայմանագիրը

ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկ են ներկայացրել ՝ պահանջելով չեղարկել 1921 թվականի մարտի 21-ին Մոսկվայում Թուրքիայի հետ կնքված Բարեկամության և եղբայրության պայմանագիրը, գրում է «Իզվեստիան»:

Հիշեցնենք, որ պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921թ. մարտի 16-ին: Պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան, իր հերթին՝ հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։

Նման առաջարկով հանդես են եկել ՌԴ Կոմկուսակցության կենտկոմի փոխնախագահ Վալերի Ռաշկինը և ՌԴ Կոմկուսի կենտկոմի քարտուղար Սերգեյ Օբուխովը: Վերջիններս համապատասխան առաջարկով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

Իրենց նամակում նրանք հաջորդականորեն ներկայացրել են Անկարայի ագրեսիվ պահվածքի հաջորդականությունը Մոսկվայի նկատմամբ, հայտնում է պարբերականը:
«Ենթադրում ենք, որ ներկայում՝ թուրքական աճող ագրեսիայի պայմաններում, մենք պետք է իրավական տեսանկյունից վերանայենք մեր երկրի ու մեր երկրի դաշնակիցների համար ոչ շահավետ՝ բոլոր ռուս-թուրքական համաձայնագրերը: Անկարան պետք է հասկանա, թե ինչով կարող է ավարտվել իր համար կոնֆլիկտի թեժացումը: Միայն դա կարող է սթափեցնել նրան ու հետ պահել նոր սադրանքներից»,- հայտարարել է Օբուխովը:
Իրենց գործընկերների նախաձեռնությանն աջակցում են նաև «Արդար Ռուսաստան» կուսակցությունում:

Պետդումայի պատգամավոր Օլեգ Պախոլկովի խոսքով՝ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է՝ ի վնաս Ռուսաստանի շահերի:

«Թուրքերն առաջ քաշեցին շատ ծանր պայմաններ պայմանագրով, այդ թվում՝ կետ կար Լեռնային Ղարաբաղի ստեղծման մասին: Սակայն թուրքերին հարկավոր է դաստիարակել: Այս աշխարհում ամեն ինչ հավերժական չէ լուսնի տակ: Ու եթե դուք այսօր կանգնում եք դավաճանական ուղու վրա, ապա պայմանագրի չեղարկման հարցը նորմալ միջոցառում է հանդիսանում: Այս հարցում մեզ աջակցում է Հայաստանը: Արդյոք խզումը կունենա՞ իրավական ուժ, հայտնի չէ, սակայն մեր տարածքային հավակնություններն այն մասին, որ մենք համաձայն չենք, ճիշտ են»,- հայտարարել է Պախոլկովը:

«Իրենց հին գործընկերների վատագույն ավանդույթների համաձայն՝ Թուրքիայի Հանրապետության ղեկավարությունը ամեն անգամ ցուցաբերում է ագրեսիվ, էգոիստական քաղաքականություն՝ հիմնված երկակի ստանդարտների վրա: Դրա հետ կապված՝ ենթադրում ենք՝ ավելորդ չէ ևս մեկ անգամ հիշեցնել թուրքական իշխանություններին այն մասին, որ Թուրքիայի ու Խորհրդային Ռուսաստանի միջև 1921թ. մարտի 16-ին կնքված Բարեկամության և եղբայրության Մոսկվայի պայմանագիրը հավերժ չէ»,- գրված է նամակում:

Անդրկովկասյան 3 հանրապետությւուններից երկուսը՝ Վրաստանն ու Հայաստանը, չեն ընդունում պայմանագրի պայմանները՝ այն համարելով անարդարացի:

Խորհրդային Ռուսաստանի կողմից պայմանագիրը ստորագրել են Գ. Չիչերինը և Ջ. Կորկմասովը, Թուրքիայի կողմից՝ Յուսուֆ Քեմալ բեյը, Ռզա Նուր բեյը և Ալի Ֆուադ փաշան: Պայմանագրի 1-ին հոդվածի վերջին մասը, 2-րդ և 3-րդ հոդվածները վերաբերում էին սահմանների հարցին:

Թուրքիային էր անցնում Վրաստանից՝ Բաթումի մարզի հարավային մասը և Արդվինը, Հայաստանից՝ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, Հայաստանից անջատվում և որպես ինքնավար տարածք Խորհրդային Ադրբեջանին էր անցնում Նախիջևանի գավառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասը և Երևանի գավառի մի մասը, ընդ որում, հատուկ նշվում էր, որ Ադրբեջանն այդ ինքնիշխանությունը չի զիջի երրորդ պետությանը:

Խորհրդային հանրապետությունների ներքին գործերին խառնվելու օրինակ էր 2-րդ հոդվածը, որտեղ ասվում էր, որ Թուրքիան համաձայն է ազատել Բաթումը շրջակա տարածքով և «կզիջի» այն Վրաստանին պայմանով՝ որպեսզի տեղի բնակչությանը տրվի լայն ինքնավարություն, իսկ Թուրքիային՝ Բաթումի նավահանգստով: Մոսկվայի պայմանագրի այս պայմանները ծանր էին Վրաստանի և հատկապես՝ Հայաստանի համար:
Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Հայաստանը մնաց 29 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում (Լոռու և Զանգեզուրի միանալուց հետո)։ Եվ դա՝ այն դեպքում, երբ մինչև 1920թ. թուրք-հայկական պատերազմը Հայաստանի Հանրապետության իշխանությունը տարածվում էր շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետրի վրա։

Տեսանյութեր

Լրահոս