«Բավական արդյունավետ համագործակցություն ենք հաստատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ». Նալբանդյան
«Հայաստանը շահագրգիռ է շարունակել իր համագործակցությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցին:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում նշված է, որ Հայաստանում հանրաքվեի մասին օրենքը միջազգային չափանիշերի հետ համապատասխանեցման կարիք ունի: Ամփոփագրում ասվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերի հիման վրա 2015թ. դեկտեմբերի 6-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տեղակայել է Հանրաքվեի փորձագիտական խումբ (ՀՓԽ)՝ Սահմանադրական հանրաքվեն դիտարկելու նպատակով:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՀՓԽ-ի ուշադրության կենտրոնում են գտնվել իրավական դաշտը, հանրաքվեի կառավարումը, քարոզարշավը և լրատվամիջոցները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՀՓԽ-ն չի գնահատել սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը կամ հանրաքվեի օրը համակարգված ձևով չի դիտարկել հանրաքվեի ընթացքը:
Նախարար Նալբանդյանը փորձեց պարզաբանել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը սովորաբար
չի դիտարկում հանրաքվեները, քանի որ անդամ երկրները նման հանձնառություն չեն ստանձնել: Նրա փոխանցմամբ, չնայած այդ փաստին՝ Հայաստանը հրավիրել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, որպեսզի Սահմանադրության հանրաքվեն անցկացվի հնարավորինս թափանցիկ, հնարավորինս շատ դիտորդների մասնակցությամբ: Նալբանդյանը նաև նկատեց, որ դիտարկման ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին տրվել էր ազատություն:
«Իրենց կողմից կից ուղարկված նամակում բարձր է գնահատվում շարունակական արդյունավետ համագործակցությունը, որը հաստատվել է Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև:
Եվ նաև հույս էր հայտնվում, որ այն առաջարկները, որոնք արվել են այդ զեկույցում, Հայաստանը նկատի կառնի, ու մենք կշարունակենք մեր համագործակցությունը ԺՀՄԻԳ-ի հետ նույն ոգով՝ ուղղված Հայաստանում ընտրական համակարգի էլ ավելի բարելավմանը: Հայաստանը շահագրգռված է այդ համագործակցության շարունակմամբ:
Ես առաջին արտգործնախարարն էի, ով այցելեց ԺՀՄԻԳ-ի գլխավոր գրասենյակ՝ Վարշավա, ինձանից հետո այցելեց նաև Լեհաստանի ԱԳ նախարարը, չնայած գրասենյակը հենց Լեհաստանում է: Մենք բավական լավ, արդյունավետ համագործակցություն ենք հաստատել ԺՀՄԻԳ-ի հետ և շահագրգիռ ենք այդ համագործակցությունը շարունակել»,- նման տեսակետ հայտնեց Էդվարդ Նալբանդյանը: