Վարդան Օսկանյանի կուսակցություն բացելու հեռանկարները ավելի իրական են դառնում. «Ժամանակ»
«Ժամանակ» թեթրը գրում է. «Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն բացելու հեռանկարները կարծես թե դառնում են ավելի ու ավելի իրական: Դատելով Վարդան Օսկանյանի գործունեությունից՝ այդ կուսակցությունը առնվազն հռետորաբանության առումով կլինի ընդդիմադիր, անգամ կոշտ ընդդիմադիր դիրքերում: Թե որքանով կարող է իրական ընդդիմադիր լինել այդ կուսակցությունը՝ երեւի թե հնարավոր է որոշակի եզրահանգումներ անել ԲՀԿ-ում Վարդան Օսկանյանի գործունեությունից:
Բանն այն է, որ ԲՀԿ-ում կոշտ ընդդիմության նշաձող սահմանած նախկին արտգործնախարարը մեծ հաշվով այդպես էլ քաղաքական գնահատական չտվեց այն իշխանությանը, այն ժամանակահատվածին, որում ինքն էլ նախարար էր եւ կրում էր տեղի ունեցողի հանդեպ քաղաքական պատասխանատվություն: Մինչդեռ այդ ժամանակահատվածում տեղի են ունեցել լրջագույն իրադարձություններ, հանրության հանդեպ բռնության լրջագույն դեպքեր, որոնց գագաթնակետը Մարտի 1-ի արյունահեղությունն էր, առավել եւս՝ Վարդան Օսկանյանի խոսնակային դերակատարմամբ:
Խնդիրն այն է, որ նմանօրինակ քաղաքական գնահատականը ունի առանցքային երկու խնդիր: Նախ՝ այդ գնահատականը հանրության համար ինքնին որոշակի երաշխիք եւ համոզիչ փաստարկ է առ այն, որ իշխանության մեջ եղած գործիչը, այդուհանդերձ, գիտակցել է Հայաստանի իշխանական համակարգի արատները եւ դրանց իսկապես սպառնալից բնույթն ու վտանգավորությունը պետության համար, եւ ներկայումս, չլինելով իշխանություն, գործող իշխանության դեմ է կանգնել ոչ թե ընդամենը այդ կոնյունկտուրային դրդապատճառներով, այլ լիովին գիտակցված եւ անկեղծ:
Հակառակ պարագայում, եթե որեւէ սուբյեկտ դատապարտում է այն, ինչ տեղի է ունեցել 2008-ի ապրիլից հետո, բայց խուսանավում է այն կապակցությամբ, ինչ տեղի է ունեցել 2008-ի ապրիլից առաջ, դա ավելի շատ կասկած է առաջացնում, որ խնդիրը հենց «առաջ»-ն ու «հետո»-ն են, ոչ թե բուն համակարգը, որը Հայաստանում մեծ հաշվով «առաջ» եւ «հետո» չունի արդեն քառորդ դար: Մյուս խնդիրն այն է, որ երբ չկա այդ գնահատականը, նշանակում է՝ տվյալ գնահատականից խուսանավող սուբյեկտը որոշակի կաշկանդող հանգամանքներ ունի, որոնք էլ ներկայիս իշխանությունը կարող է օգտագործել այդ սուբյեկտի դեմ:
Այսինքն՝ Վարդան Օսկանյանի դեպքում այդ քաղաքական ամբողջական գնահատականը անհրաժեշտ է նաեւ նրա քաղաքական անխոցելիությունը բարձրացնելու, հանրային պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար, եթե նա կուսակցությամբ ձեռնամուխ է լինելու հանրային շահի սպասարկմանը, ոչ թե ներգրավվելու է Հայաստանի քաղաքական դաշտի համար ավանդական դարձած ինտրիգների ասպարեզ:
Բանն այն է, որ այդ դեպքում որեւէ կուսակցություն՝ կամա, թե ակամա, ծառայելու է իշխող համակարգի շահին: Թե այդ շահը հատկապես որ անհատի դեպքում կարող է ավելի շատ արտահայտվել, որի դեպքում ավելի քիչ՝ սա արդեն հասարակական, պետական տեսանկյունից, ըստ էության, նշանակություն չունի, քանի որ տարբերությունները ընդհանուր առմամբ կոսմետիկ են, իսկ Հայաստանի քաղաքացիներն էլ գեղեցկության եւ նրբագեղության մրցույթի ժյուրի չեն, որ ընտրեն կոսմետիկայի միջեւ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: