«Ռուս-թուրքական սրացումն Ադրբեջանին սանձարձակ կդարձնի ղարաբաղյան գոտում». Ջենգիզ Աքթար

Մեր զրուցակիցն է թուրք քաղաքագետ, «Հրանտ Դինք» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, «Թարաֆ» օրաթերթի սյունակագիր Ջենգիզ Աքթարը

– Պարոն Աքթար, դատելով Սիրիայի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններից, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները մոտ ապագայում դրական առաջընթաց չեն խոստանում, ինչը, որոշ փորձագետների կարծիքով, մեծացնելու է Ռուսաստան-Թուրքիա առճակատումն այլ տարածաշրջաններում։ Ինչի՞ է պատրաստ Թուրքիան Հարավային Կովկասում։

– Ռուս-թուրքական հարաբերություններում տեղի ունեցած վերջին զարգացումները խիստ կանխատեսելի էին ինձ համար, քանի որ Ռուսաստանի և Թուրքիայի ներկայիս նախագահների երկարատև բռնատիրական, կայսերապաշտական քաղաքականությունը ստիպում էր մտածել, որ այդ շահերն ու հավակնությունները մի օր բախվելու են ցավոտ կերպով, հատկապես, երբ այդ շահերն ազդեցության մոտ գոտիներում են։ Փաստորեն, այդ բախումը սկսվեց Սիրիայից, որը Թուրքիայի նախագահը համարում է ազդեցության իր գոտին ու չի ներում Ռուսաստանին այնտեղ միջամտության համար։ Հնարավորության դեպքում Էրդողանը շատ ավելի կոպիտ կլիներ Սիրիայում, սակայն դժվար է գտնել անհրաժեշտ մեխանիզմներ նման ճնշումների համար, երբ Արևմուտքը դա չի ողջունում։

Ուստի Սիրիայի շուրջ Էրդողանը ներկայիս իրավիճակով կբավարարվի։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ Թուրքիայի ռեսուրսներն անսպառ չեն. Թուրքիան այսօր բավականին մեծ ռեսուրսներ է ծախսում քրդական խնդրի, ներգաղթյալների հարցի վրա՝ մեծացնելով իր կախվածությունը Եվրոպայից։ Սա ենթադրում է, որ Թուրքիան ավելի սահմանափակ և զգուշավոր է դառնալու իր գործողություններում։ Հարավային Կովկասը ռուս-թուրքական մրցակցության գոտի է եղել միշտ, պարզապես այդ մրցակցությունն անուղղակի է եղել՝ հաշվի առնելով Ադրբեջանի չեզոք դիրքորոշումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Այսօր ևս տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է միջնորդական դերակատարություն ստանձնել, հաշտեցնել կողմերին՝ բարձրացնելով իր հեղինակությունն ու դերակատարությունը երկու երկրների համար։

Սա չի հաջողվում, ինչն այլ հարց է։ Այնուամենայնիվ, եթե ոչ՝ Թուրքիայի միջամտությամբ, ապա Ադրբեջանը ցանկացած առիթ կօգտագործի Հայաստանի դեմ գործողություններն ակտիվացնելու համար, ինչի համար այսօր պարարտ հող է ստեղծվել։

– Այսինքն` ոչ թե ռուս-թուրքական լարվածությունը կլինի ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման պատճառ, այլ դա որպես առիթ կօգտագործի Ադրբեջա՞նը։

– Այո, չէ՞ որ հակամարտւթյան գոտում մշտապես էլ այդպես է պատահում։ Թուրք-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիան է շատ ավելի կախյալ Ադրբեջանից, ինչն Ադրբեջանին ավելի սանձարձակ է դարձնում Թուրքիայի նկատմամբ իր պահանջների հարցում։ Ավելին, Ադրբեջանի գործողությունները մեծամասնությամբ համաձայնեցված չեն Թուրքիայի հետ, դրանք երբեմն ընդդեմ թուրքական շահի են գործում։ Ուստի կարծում եմ, տարածաշրջանային ցանկացած անկայունություն հարմար պատճառ է Ադրբեջանի համար ռազմատենչ գործողությունների դիմելու։

Սա էլ իր հերթին՝ կբարդացնի ռուս-թուրքական հարաբերությունները և իսկապես կբարձրացնի մրցակցության ներկայիս մակարդակը` ստեղծելով բևեռներ ԼՂ հակամարտության գոտում։ Վստահաբար, տարածաշրջանային անկայունության ֆոնին էլ ավելի անկայուն կլինի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Դա է ցույց տալիս այս հակամարտության դինամիկան։ Միջնորդները պետք է շատ ավելի մեծ թափով հանդիպումներ, բանակցություններ կազմակերպեն, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից, քանի որ, ինչպես նշեցի, դրա վտանգը մեծ է։ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում ևս ամեն բան խառնվել է, և՛ տնտեսությունը, և՛ քաղաքականությունը։

– Ադրբեջանում արժութային դժվարությունների ֆոնին կարծիքներ են շրջանառվում, որ Ադրբեջանը ԼՂ-ում լուրջ գործողությունների չի դիմի, քանի որ լրջրեն պակասում են միջոցները, իսկ Ադրբեջանին սանձարձակ է դարձնում նաև տնտեսական իրավիճակը։

– Ադրբեջանի ներկայիս կորուստներն այնքան մեծ չեն, որպեսզի Ադրբեջանը միանգամից նահանջի։ Իհարկե, նավթի գներն ընկնում են, դա անդրադառնում է արժույթի վրա, էներգակիրներից կախված երկրները, ինչպիսիք Ադրբեջանն ու Ռուսաստանն են, սկսում են լուրջ կորուստներ կրել, զգալ ճգնաժամի համը, որի հետևանքով երկրում հանրահավաքներ են կազմակերպվում, բախումներ տեղի ունենում, և այլն, և այլն։ Ի պատասխան Ձեր մեջբերած կարծիքի՝ ասեմ, որ մեկ այլ կարծիքի համաձայն էլ՝ ԼՂ հակամարտությունը ներքին խնդիրները քողարկելու միջոց է։

Ըստ էության, շրջանառվող բոլոր կարծիքներում իրականության հատիկ կա` երբեմն տնտեսական դժվարությունները ստիպում են իշխանություններին ընկճվել, իսկ երբեմն էլ, ինչպես Ռուսաստանի դեպքում, արտաքին քաղաքական անկանխատեսելի քայլերի են մղում։ Ո՞վ կարող էր պատկերացնել, որ Ռուսաստանը, չնայած իր տնտեսական ճգնաժամային իրավիճակին, կհամարձակվի միջամտել սիրիական հակամարտությանը։ Այն ժամանակ, իհարկե, ոչ ոք չէր պատկերացնում։ Տրամաբանությունը ստիպում է մտածել, որ այս որակի ղեկավարների համար իրենց հեղինակությունը, հայրենասիրական «բարձունքներ» գրավելը փոխհատուցում է ներքին խնդիրները։

– Իրանը, ըստ էության, նոր խաղացող է դառնում Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի համար, քանի որ նոր է սկսում բացվել աշխարհի համար, ինչպես ընդունված է ասել։ Փորձագետներն այսօր խոսում են Իրանի հետ հսկայածավալ ծրագրերի, Իրանի դերի կտրուկ բարձրացման մասին։ Սակայն կարիք կա հասկանալու, թե ե՞րբ է Իրանը պատրաստ լինելու իրապես գործոն դառնալու և դերակատարություն ստանձնելու։

– Կարծում եմ` Իրանը դրան պատրաստ է` նույնիսկ վաղուց։ Հարցն այն է, թե որքանով է Արևմուտքը դրան պատրաստ, որքանով են Արևմուտքի և Իրանի դիրքորոշումները համաձայնեցված։ Չնայած պատմական համաձայնությանը` կարծում եմ՝ Արևմուտքը շարունակում է չվստահել Իրանին, պահպանել Իրանի նկատմամբ հնարավոր ճնշումների լծակները։ Վստահ եմ, որ Իրանը կսկսի իր տարածաշրջանային իրական արշավը, երբ ստանա թույլտվություն Արևմուտքի կողմից։ Ըստ իս, դա ամիսների հարց է։ Եթե չեմ սխալվում, Իրանն արդեն խոսել է ԼՂ հակամարտությանը մասնակցելու, Ադրբեջանի հետ որոշ պրոյեկտների մասին։ Առաջիկայում էլ ավելի հստակ կուրվագծվեն Իրանի դերակատարության սահմանները։

Այնուամենայնիվ, մինչ այդ կարող եմ ասել, որ Իրանի դերակատարությունը խաղաղեցնող է լինելու, հատկապես այս փուլում, երբ Իրանը պետք է փորձի վերականգնել իր դիվանագիտական հեղինակությունը։ Հարավային Կովկասում Հայաստանն այն միակ երկրներից է, որը չի հավակնում մրցակցել Իրանի հետ, հավակնում է օգտվել Իրանի դերակատարությունից, ինչն Իրանին գոհացնում է։ Սա նշանակում է, որ այս պահին Հայաստանն ամենավստահելիներից է Իրանի համար։

Տեսանյութեր

Լրահոս