Համախմբման հրամայականը  

Կա աշխարհի բոլոր բանակներից հզոր մի բան. դա գաղափարն է, որի ժամանակը եկել է։
Վիկտոր Հյուգո

Սահմանադրական հանրաքվեից հետո երկիրը մտել է որակապես նոր փուլ. Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի։ Ըստ էության, մենք գտնվում ենք անցումային փուլում, և այսօրվա շատ գործընթացներ պայմանավորված են հենց այդ՝ անցումային փուլին բնորոշ հատկանիշներով։ Երկրի ու հասարակության զարգացման նոր ծրագիր առաջ բերելու, այն իրականացնելու հնարավորությունը կախված է բազմաթիվ գործոններից, տարաբնույթ, հաճախ՝ իրարամերժ միտումներից։

Բնական ու տրամաբանական է, որ հասարակության մեջ տիրապետում է դրական և որակական փոփոխությունների ակնկալիքը, դրանք արագ տեսնելու ցանկությունը։ Սահմանադրական փոփոխություններն այդ առումով անհրաժեշտ հիմք են՝ ստեղծվել են բոլոր նախադրյալները զուտ քաղաքական և օրենսդրական առումներով։ Բայց այդ փոփոխությունները դեռ բավարար չեն երկրի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները դիմագրավելու համար։ Այդ փոփոխությունները պետք է վերածվեն գործուն ծրագրերի։

Ահա այստեղ է բարդությունը, քանզի անհնար է հին գործիքներով, հին մեթոդաբանությամբ լուծել նոր խնդիրներ։ Անհնար է ընդհանրապես գտնել որևէ լուրջ հիմնախնդրի արդյունավետ լուծում՝ մնալով այն մակարդակում, որում այդ հիմնախնդիրն առաջացել է։

Այլ կերպ ասած, ունենք առկա և գալիք հիմնախնդիրներին համարժեք, ադեկվատ լինելու՝ որակապես համապատասխանելու պարտադրանք։ Նման իրավիճակում ամենավտանգավորը իներցիոն մոտեցումն է, իներցիոն պահվածքը, որը, ցավոք, այսօր դրսևորվում է թե քաղաքական դաշտում՝ իր իշխանական և ընդդիմադիր հատվածներով, թե հասարակության մեջ։ Կա պատրանք, որ առաջացած նոր իրավիճակում հնարավոր է արդյունավետ լուծումներ գտնել՝ կիրառելով հին մեթոդաբանությունը, հին մեխանիզմները, հին կադրային զինանոցը։ Համակարգային հիմնախնդիրները հնարավոր է արդյունավետ լուծել միայն համակարգային փոփոխությունների, այսինքն՝ համակարգի անխտիր բոլոր բաղադրիչների որակական վերափոխման ճանապարհով։

Պատկերացրեք իրավիճակ. ձեր համակարգիչը սկսել է վատ աշխատել՝ դանդաղում է, պարբերաբար «կախվում» է, ծրագրերը չեն բացվում, հակավիրուսը չի գործում, և այլն։ Նման իրավիճակում որքան էլ համակարգիչը վերագործարկեք՝ «ռեստարտ» անեք, ոչինչ չի փոխվելու։ Միակ տարբերակը համակարգիչը վերբեռնել՝ «ֆորմատ» անելն է։ Բայց դրանից հետո անհրաժեշտ է ներբեռնել նոր ծրագրեր, նորացված գործիքակազմ և, բնականաբար, ունենալ այդ նոր ծրագրերի իմացություն, նոր գործիքակազմը կիրառելու հմտություն։
Սահմանադրական փոփոխությունները, պատկերավոր ասած, ֆորմատի ենթարկեցին պետական կառավարման համակարգը։ Հիմա ժամանակն է համակարգը ներբեռնել նոր՝ իրավիճակին համարժեք, իրատեսական, իրագործելի գաղափարներով, ծրագրերով, մեթոդաբանությամբ։

Խելահեղ արագությունների ու հարաճուն փոփոխությունների մեր ժամանակներում ցանկացած համակարգ արագ հնանում է, իսկ մարտահրավերները՝ թարմանում։ Նման դեպքում էական է կառավարման համակարգի արդյունավետության հիմնախնդիրը, քանզի խնդիրներն ավելի քիչ ու դանդաղ են լուծվում, քան դրանք առաջանում են։

Հետևաբար՝ անհրաժեշտ է որդեգրել հիմնախնդիրների լուծման իննովացիոն մոտեցում, անհրաժեշտ են հիմնախնդիրների կառավարման մասնագետներ, որակական փոփոխություն անելու համար պահանջվում է բոլորովին այլ մտածելակերպ։ Արևելյան մի ասույթ կա. բոլոր գեներալները պատրաստվում են անցած պատերազմին։ Հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտների համար նոր ծրագրեր են անհրաժեշտ՝ պարտադիր ու խստորեն պահպանվող ժամանակացույցով, հստակ պատասխանատուներով, հաշվետվության հստակ մեխանիզմներով, միջանկյալ արդյունքների հստակ սահմանումով։

Անշուշտ, հասկանալի է, որ այդ փոփոխությունները պետք է իրականանան սահուն, մտածված ու կշռադատված ժամանակացույցով, քանզի վատ աշխատող համակարգը գերադասելի է ընդհանրապես չաշխատողից կամ էլ համակարգի բացակայությունից։

Անշուշտ, անցումային փուլերում հարկավոր է զգույշ լինել, չվտանգել պետական կառավարման համակարգի ներքին կայունությունը։ Սակայն միանշանակ է. ցանկացած համակարգի, իսկ պետական կառավարման համակարգի պարագայում՝ հատկապես, կայունության գրավականը զարգացումն է։ Չի կարող կայուն և անվտանգ լինել մի համակարգ, որը չի զարգանում, ավելին՝ ներքին ու արտաքին ազդակների ու մարտահրավերների կողմից պարտադրված արագությամբ չի զարգանում։ Եվ զարգացման չափորոշիչները լոկ սոցիալ-տնտեսական ցուցանիշները չեն, չափանիշը որակականն է՝ նորացումը, ընդ որում, շարունակական նորացումը, պետության ու հասարակության կենսագործունեության անխտիր բոլոր բնագավառներում ժամանակի հրամայականներին ու մարտահրավերներին համարժեք պատասխաններ ունենալը։

Բանաձևը շատ հստակ է. համակարգի կայունությունն ու զարգացումը պայմանավորված են ժամանակի թելադրած արտաքին ազդակների ու մարտահրավերների բազմազանությանը ներքին պատասխանների համարժեք բազմազանությամբ հակակշռելու համակարգի կարողականությամբ։ Բազմաբնույթ մարտահրավերներ ու լուրջ հիմնախնդիրներ ունեցել են, ունեն և ունենալու են բոլոր երկրներն ու հասարակությունները։ Խնդիրը հիմնախնդիրներին դիմակայելու, դրանք արդյունավետ լուծելու՝ պետության և հասարակության կարողականությունն է։ Սա է պետության՝ որպես գործիքի, արդյունավետության չափորոշիչը։ Սա է հասարակության՝ որպես հավաքականության, սեփական կյանքը տնօրինելու, ներքին իմունիտետ զարգացնելու, ներքին ռեսուրսները հզորացնելու կարողականության չափորոշիչը։ Որևէ հասարակության զարգացվածության չափորոշիչը միայն մշակութային հարուստ ժառանգությունը չէ, կամ կրթական համապատասխան մակարդակ ունեցող մարդկանց քանակը, դա նախ և առաջ՝ ազգային, պետական, հասարակական հիմնախնդիրների ձևակերպման կարողականությունն է, դրանց քաղաքական լուծման տարբերակների մշակումը։

Ճիշտ է, երբ ասում ենք, որ սահմանադրական փոփոխություններով մենք կունենանք նոր որակի իշխանություն։ Բայց այդ փոփոխությունները հասարակական-քաղաքական դաշտի միայն իշխանական հատվածին չեն վերաբերում։ Չի կարող միասնական համակարգի մի հատվածը փոխվել, նորանալ, արդիականանալ, իսկ մյուսը՝ ոչ։ Համակարգը ամբողջական է և արդյունավետ, եթե այն ունի նույն նպատակը՝ երկրի անվտանգության ու կայունության ապահովման հրամայականը, հասարակության զարգացումը, առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, մարդու իրավունքների ու ազատությունների երաշխավորումը, անհատի ստեղծագործական կարողությունների դրսևորման համար բոլոր պայմանների ստեղծումը, և այլն։ Եվ ամենակարևորը. հասարակության կազմակերպումը նշված նպատակին հասնելու համար։

Իշխանություն-ընդդիմություն միասնական և պատասխանատու պետական կառավարման համակարգ ձևավորելու անհրաժեշտության մասին, նոր քաղաքական մշակույթի մասին է խոսքը։ Հետևաբար նաև՝ հասարակական-քաղաքական կյանքի որակապես նոր համակեցության ձևավորման անհրաժեշտություն կա։ Ի՞նչ է լինելու այս կամ այն ուժի կամ անհատի քաղաքական ապագան, առաջիկայում որ քաղաքական ուժը ինչ մասնաբաժին կունենա ձևավորվելիք նոր խորհրդարանում կամ կառավարությունում, ու նմանօրինակ հարցերը զուրկ են բովանդակությունից, քանի դեռ դրանք չեն դիտարկվում երկրի ու հասարակության զարգացման տեսլականի ներքո։ Հենց այս տրամաբանությամբ ՀՅԴ-ն պաշտպանեց Սահմանադրության նոր նախագիծը, և նույն տրամաբանությամբ ընդունեց երկրի նախագահի`՝ համագործակցության առաջարկը:

Էական չէ, թե քանի կուսակցություն կա Հայաստանում՝ երկո՞ւ, թե՞ հարյուր։ Կարևոր է, որ նրանք բոլորն ունենան նույն նպատակը և մրցակցեն այդ նույն նպատակին հասնելու ճանապարհների, մեթոդների, առաջնահերթությունների ու շեշտադրումների շուրջ։ Երկրին ու ժողովրդին պետք են նոր ու արդյունավետ, հստակ ու իրագործելի ծրագրեր, թեկուզ կոշտ ու ոչ այնքան հաճելի լուծումներ, և ոչ թե՝ պաթետիկ ելույթներ, բարի ցանկություններ, դեկլարատիվ հայրենասիրություն, քաղքենու կամ ամբոխի ականջը շոյող խոսքեր, երկիրը մի քանի ամսում դրախտի վերածելու մասին անկապ նախընտրական խոստումներ, մի քանի հոգով պարբերական հանրաքվեներով երկիրը փրկելու մասին պոռոտախոս ինքնադրսևորումներ։

Երկրի զարգացման համար իշխանությունները կամ իշխանության հավակնություն ունեցողները, մտածող, ծրագրեր ու գաղափարներ ունեցող մարդիկ պետք է երկրի խնդիրները ձևակերպեն՝ իրենց լուծման տարբերակներով։ Անհրաժեշտ է խրախուսել քաղաքական, հասարակական, գիտական, փորձագիտական էլիտաների բանավեճը։

Պետք է տեսակետներ հնչեցվեն հասարակությանը հուզող, երկրի ներքին խնդիրների լուծմանը միտված, արտաքին վտանգներին ու մարտահրավերներին պատասխանող կարևորագույն խնդիրների վերաբերյալ. Արցախի հարցի լուծում, Թուրքիայի հետ հարաբերություններ, տնտեսության վերականգնում, ընտրական համակարգի հանդեպ վստահության վերականգնում, սոցիալական ոլորտի բարեփոխումներ, աղքատության հաղթահարում, օտարերկրյա ներդրումների ներգրավում, գիտակրթական, մշակութային հիմնախնդիրներ և այլն (վերոնշյալ հիմնախնդիրների լուծումների տարբերակների և մեթոդաբանության վերաբերյալ տեսակետներ ներկայացնելու հնարավորություն դեռ կունենանք)։

Բայց դա քիչ է. այդ ծրագրերը պետք է ներկայացվեն հասարակությանը, հասարակությունը պետք է մասնակցի իր իսկ խնդիրների քննարկման և լուծման մեջ։ Հասարակությունը, քաղաքացին տարբերվում են երկրի լոկ բնակիչը լինելուց նրանով, որ մասնակից են իրենց հիմնախնդիրների լուծմանը։ Դրանով է միայն հնարավոր հաղթահարել պետությունից ու քաղաքականությունից մարդկանց օտարումը, դրանով է միայն հնարավոր հոռետեսությունն ու կասկածը փարատել, վախի ու թշնամանքի բացասական էներգիան վերածել ստեղծագործ ներուժի, վերականգնել մարդու հավատը վաղվա օրվա ու իր ուժերի հանդեպ։

Ոչ մի, թեկուզ ամենալավ ու իրատեսական ծրագիր անհնար է իրագործել՝ առանց հասարակության վստահության ու աջակցության, այլ կերպ ասած՝ ցանկացած ծրագիր պետք է ունենա հասարակական լեգիտիմություն։ Միայն այդօրինակ լեգիտիմության պարագայում կարող են ընկալվել թեկուզ ամենացավոտ լուծումներն ու դժվարությունները։ Հետևաբար՝ հասարակական-քաղաքական համախմբում է անհրաժեշտ։

Անհրաժեշտ է միասնական համակարգում, թիմային աշխատանքում համախմբել բոլորի հնարավորությունները՝ համադրելով յուրաքանչյուրի ներուժը՝ անկախ քաղաքական դաշտում զբաղեցրած դիրքից ու գաղափարական տարաձայնություններից։ Չափանիշը կարող է լինել բացառապես ազգային և պետական շահը, պրոֆեսիոնալիզմն ու կարողականությունը։ Երկիրը աննախադեպ բարդ հիմնախնդիրների ու մարտահրավերների առջև է կանգնած, բայց բարդություններն ու հիմնախնդիրները նաև հնարավորություններ են ստեղծում, անխուսափելիորեն առաջացնում վերափոխումների, ուժերի համախմբման անհրաժեշտություն։ Իսկ այդ հնարավորություններից օգտվելն արդեն մեզանից է կախված։ Բոլորիցս։

ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ,
ՀՅԴ Բյուրոյի անդամ

Տեսանյութեր

Լրահոս