«Հայաստանը պետք է ուշի ուշով հետևի զարգացումներին». Ալիկ Էրոյանց

«Գաղտնիք չէ, թե «Վարդերի հեղափոխությունից» սկսած ԱՄՆ-ը ինչպիսի քաղաքականություն է վարել Վրաստանում, և  ԱՄՆ-ի հիմնական նպատակն էր՝ ուժեղացնել իր ազդեցությունը Վրաստանում, քանի որ գալիս էին արդեն նոր ուժեր, որոնք հակառուսական տրամադրություններ ունեին, և բնական է, որ ԱՄՆ-ը այս հանգամանքը պետք է օգտագործեր, ու մինչ օրս ևս շարունակում է օգտագործել»,- ասաց վրացագետ Ալիկ էրոյանցը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ը ամրացնում հայ-վրացական սահմանի անվտանգությունը, ու ինչ ազդեցություն դա կունենա հայ-վրացական հարաբերությունների վրա՝ հավելելով, որ   դա միակ համագործակցությունը չէ:

«Այնուամենայնիվ, վերջին տարիներին որոշակի չափով նահանջել է այդ ազդեցությունը, և կարծում եմ՝ ներկա շրջափուլում ԱՄՆ-ը կրկին փորձում է հետ վերադարձնել իր դիրքերն ու տարբեր ձևաչափերով նորից մեծացնել իր ազդեցությունը, քանի որ հենց գործող իշխանությունները ևս ավելի պասիվ են Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների շրջանակները պահում: Գուցե դա պայմանավորված է նաև հենց վրաց-ռուսական հարաբերությունների վերականգնման ներկա փուլով: Իսկ հայ-վրացական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ներկայում կանխատեսել դժվար է, քանի որ Վրաստանն այդտեղ պետք է իր շահերի տեսանկյունից հանդես գա:

Այդուհանդերձ, Հայաստանը պետք է ուշի ուշով հետևի նման զարգացումներին և, անհրաժեշտության դեպքում՝ տարբեր մակարդակներում, եթե որևէ վտանգ տեսանելի լինի, արձագանքի դրան: Վրաստանն ամեն դեպքում փորձելու է հավասարակշռել հարաբերությունները ինչպես՝ հարևանների հետ, այնպես էլ՝ Արևմուտք-Ռուսաստան համատեքստում: Քանի որ նաև նոր զարգացումներ են սպասվում, նոր նախագծերի ականատեսը կարող ենք լինել, բնական է, որ ԱՄՆ-ը ցանկանալու  է  ինչ-որ չափով մոտ գտնվել այդ զարգացումներին»,- ասաց նա:

Հարցին՝ վրաց-ռուսական հարաբերությունների տնտեսական տեղաշարժը, գազային խնդիրը լուծելու համար կատարվող բանակցությունները դուր չեն գալիս Ադրբեջանին, ու հայտնի է, որ փորձում են տարբեր այցերի միջոցով հասկացնել, որ իրենք կարող են ավել գազն ապահովել, բայց Վրաստանը կարծես փորձում է դիվերսիֆիկացնել գազային իր ծավալները, այստեղ Ադրբեջանի միջնորդությունը տեսնո՞ւմ է՝  ներսում իրավիճակը խառնելու փորձեր անելու, որովհետև Ադրբեջանի քաղաքականությունն է՝ շրջափակման մեջ թողնել Հայաստանին, իսկ դրական տեղաշարժերը նրան ձեռնտու չեն, վրացագետը պատասխանեց.

«Բնական է, որ ցանկացած համագործակցություն, որ կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Վրաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև, անհանգստացնող է Ադրբեջանի համար ու հարուցում է պաշտոնական Բաքվի վրդովմունքը: Քանի որ այն մենաշնորհային քաղաքականությունը, որ վարում է Ադրբեջանը Վրաստանում, ցանկացած հարց կամ խնդիր որ կարող  է առնչվել այդ գործընթացներին, Ադրբեջանն ավելի ցավալի է ընդունում ու փորձում է գնալ գործնական քայլերի: Ինչ վերաբերում է գազի խճճված հարցին, ի սկզբանե Վրաստանի էներգետիկայի նախարար Կալաձեն հայտարարում էր, որ դա ուղղակի ծավալների մեծացման հետ կապված բանակցություններ  են, այսինքն՝ նրանք փորձում են ռուսական գազի ծավալները մեծացնել, բայց հետագայում նա այլ մեկնաբանություն տվեց, որ «Գազպրոմը» կարծես սպառնացել է վրացական կողմին, որ, եթե նրանք չհամաձայնեն Հայաստան մատակարարվող գազի դիմաց՝ որպես տրանզիտի վճար, հումքի տեսքով վճարվող 10 տոկոսը հետագայում գումարային տեսքով վճարել Վրաստանին, ապա Ռուսաստանն ընդհանրապես կդադարեցնի մատակարարումը Վրաստանի միջով Հայաստանին ու Իրանից այդ գործընթացը կկազմակերպի:

Այսինքն՝ կներկրի իրանական գազ, ինչն անհանգստություն կառաջացնի հատկապես Վրաստանի էներգետիկ պատասխանատուների մոտ, այդ մասին հենց Կալաձեն նշեց, որ, եթե նման բան տեղի ունենա, ապա իրենք մեծ ֆինանսական կորուստներ կունենան: Այսինքն՝ եթե իրենք ցանկանան Ռուսաստանից ներկրել հավելյալ ծավալի գազ, ստիպված կլինեն վճարել այն գումարը, որը կթելադրի «Գազպրոմը», իսկ  ներկայումս, անկախ գնային քաղաքականությունից, իրենք բավականին մեծ քանակի գազ են ստանում Ռուսաստանից՝ որպես տրանզիտի վճար: Մյուս կողմից՝ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ իրենք պատրաստ են ամբողջությամբ բավարարել, բայց  նույն այդ հայտարարություններից հետո, երբ վրացական կողմը սկսում էր բանակցել Ադրբեջանի հետ, թե իրենք ի՞նչ նկատի ունեն, և արդյո՞ք դա իրականություն է, հետո պարզվում է, որ՝ այո, իրենք գազ ունեն, բայց չեն կարողանում հասցնել Վրաստանին, հատկապես՝ ձմեռային սեզոնի ժամանակ, երբ ավելանում են սպառման ծավալները»:

Շարունակելով՝ վրացագետը նշեց, որ օրեր առաջ Կալաձեն դարձյալ գտնվում էր Ադրբեջանում, երբ «Սոկար» ընկերությունը կրկին հայտարարեց, որ իրենք արդեն կարծես գտել են ելքը, թե ինչպես կարելի է այդ պակասը լրացնել, որպեսզի Վրաստանն այլևս ռուսական ընկերության հետ այդ խնդիրը չունենա.

«Բայց այդ այցելությունից հետո կրկին Կալաձեն հայտարարեց, որ մինչև վերջ հասկանալի չէ, թե ինչ կերպ կարող է այդ բացը լրացվել: Միևնույն ժամանակ՝ «Գազպրոմի» հետ բանակցությունները շարունակվում են: Վրացական կողմին ներկայում ինչ-որ չափով ձեռնտու են  այս գործընթացները, քանի որ իրենք սրանով «կխաղացնեն» երկու կողմերին, և Ադրբեջանը, այսպես թե այնպես, պատրաստ է գնալ հնարավորինս Վրաստանի համար օգտակար զիջումների, որն ավելի քիչ հավանական է Ռուսաստանի կողմից:

Իրանից Վրաստան գազ ներմուծելու հնարավորության մասին ևս թե՛ Ռուսաստանը, թե՛ Վրաստանը, թե՛ Իրանը խոսել են ու պատրաստակամություն են հայտնել, որ  բարձր մակարդակով ռուսական գազը մատակարարվի Վրաստանին, իսկ իրանականը՝ Հայաստանին, ու այդ կերպ փորձեն կարգավորել խնդիրը: Եթե նման բան տեղի ունենա, ապա  կանվանեն, թե Վրաստանն օգտվում է իրանական գազից, բայց առավել մեծ մասը կրկին Ադրբեջանից կներկրվի, բայց կախվածությունն ավելի քիչ կլինի ադրբեջանական գազից: Ինչ վերաբերում է ամերիկյան ընկերության հայտարարությանը՝ Վրաստանում գազի մեծ ծավալների պաշարի առկայության հետ կապված,  դա գովազդային բովանդակություն ունի, քանի որ  կարող է միլիոնավոր դոլարների ներդրումներ բերել հենց այդ ընկերությանը: Նաև պաշտոնական Վաշինգտոնը, ինչպես արդեն նշեցինք, փորձում է Ռուսաստանին մեսիջներ հղել»:

 

Տեսանյութեր

Լրահոս