«Հայաստանին պատմական հնարավորություն է տրված, որը չօգտագործելը մեծագույն սխալ կլինի». Ստյոպա Սաֆարյան

«168 Ժամի» զրուցակիցն է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը

– Սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀ-ում ԵՄ և ԱՄՆ դեսպաններն ակնհայտորեն փոխել են իրենց հռետորաբանությունը։ Դեսպանները, ըստ էության, իրենց վերջին հայտարարություններում, որոնցում անդրադառնում են հանրաքվեի ընթացքում գրանցված ընտրակեղծիքներին, նախազգուշացումներով են հանդես գալիս, խոսում էներգակիրների դիվերսիֆիկացման, Իրանի հետ էներգետիկ պրոյեկտների անհրաժեշտության մասին բաց տեքստով։ Ինչի՞ մասին են վկայում այս ակնարկները։

– Թե՛ ԵՄ, թե՛ ԱՄՆ դեսպանները հստակ արտահայտում են իրենց մտահոգությունները ՀՀ-ում ժողովրդավարության վիճակի վատթարացման կապակցությամբ։ Դրա մասին վկայեցին նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, մեր տեղական կազմակերպությունները, այդ թվում՝ մեր զեկույցները։ Այս ամենն իսկապես մտահոգիչ է։ Չմոռանանք՝ համենայն դեպս իշխանությունները խոստումներ էին տվել՝ սահմանադրական հանրաքվեի հետ կապված, որ այն կլինի վստահելի և լեգիտիմության կասկած չի լինի, բայց ակնհայտորեն միջազգային ատյանները և դիվանագիտական կորպուսներն արձանագրել են, որ դա բացարձակապես տեղի չի ունեցել։ Ավելին, անգամ այն խախտումների քննությունը, որոնք արձանագրվել էին հանրաքվեի ընթացքում, զավեշտալի ավարտ ունեցավ։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահագրգռությունը հասկանալի է. շատ խոշոր գործընթաց է գնում տարածաշրջանում, որտեղ Հայաստանը կարող է ունենալ իր դերակատարությունը, խոսքն Իրան-Արևմուտք հաղորդուղիներում և ծրագրերում ՀՀ-ի մասնակցության մասին է, որը ՀՀ-ի ապաշրջափակման խնդիրը պետք է լուծի։ Կներեք, դրա առաջին շահագրգիռները չպետք է լինեին ԵՄ և ԱՄՆ դեսպանները, դրա առաջին շահագրգիռը պետք է լինեին ՀՀ իշխանությունները, որոնք արդեն այլևս անկարող են երկիրը կառավարել, որի հետևանքով տնտեսությունից մինչև շատ այլ ոլորտներ գահավիժում է ընթանում։ Այս խորապատկերում ՀՀ-ի բարձր դերը ենթադրում է ժողովրդավարական ուղու վրա վստահ կանգնած Հայաստան, և ցավալի է, որ ՀՀ իշխանությունները չեն գիտակցում դա։

Առայժմ կարող ենք ասել, որ դեսպանների հայտարարությունները սրտացավ, բարին կամեցող հայտարարություններ են։ Եթե ՀՀ իշխանությունները չսթափվեն, անշուշտ, դա ազդելու է ՀՀ-ի և Արևմուտքի հարաբերությունների վրա։ Այդ դեպքում թող որևէ մեկը ծնկներին չտա, մազերը չպոկի, երբ ՀՀ-ն հերթական անգամ դուրս մնա շատ խոշոր տարածաշրջանային ծրագրերից։ ԱՄՆ դեսպանը բառացիորեն Իրանի հետ ՀՀ հարաբերությունների մասին խոսելիս նշում է, որ սպասում են, որպեսզի ՀՀ-ն դառնա տարածաշրջանային ծրագրերի մասնակից, եթե Հայաստանը ճիշտ գնահատի պահը և չշարունակի արատավոր գործելաոճը։ Ներկայումս Ընտրական օրենսգիրք է քննարկվում, բազմաթիվ խնդիրներ տեղափոխվել են ԸՕ-ի մակարդակ, և եթե նույն գործելաոճով ԸՕ-ն կարվի ՀՀ իշխանությունների չափսերով, ապա, կներեք, որևէ մեկն այլևս չի հավատալու, որ Սահմանադրական փոփոխությունները ՀՀ-ում նախաձեռնվել են ժողովրդավարության խորացման նպատակով։

– Դեսպան Միլզն այցելել է նաև ՀԱԿ գրասենյակ և հայտարարել, որ ԱՄՆ-ը 2017թ. ընտրություններին ընդառաջ՝ աշխատելու է բոլոր ուժերի հետ։ Սա պե՞տք է արդյոք նախազգուշացում դիտարկել։

– Ըստ էության, նորություն չէ, որ արևմտյան դիվանագիտական կորպուսը, ի տարբերություն ռուսականի, լավ համագործակցել է ոչ միայն՝ իշխանական, այլև՝ ընդդիմադիր կուսակցությունների հետ։ Բայց, իհարկե, դեսպանատունը նկատելիորեն հասկացնում է, որ ակնկալում է ժողովրդավարական գործընթաց իշխանություններից։

– Դեսպանների հորդորները գուցե տեղ չհասնեն։ Ըստ Ձեզ՝ ազդեցության ի՞նչ լծակներ կարող են օգտագործել արևմտյան այս երկրները՝ որպես պատասխան։ Ի՞նչ սպասել։

– Կունենանք ՀՀ-ի դեմ բանաձևեր, կունենանք ՀՀ-ին ցուցաբերվող նվազեցված աջակցություն, ցավալիորեն, և մենք կունենանք շատ տխուր պատկեր տարածաշրջանում։ Այս պահին Թուրքիայում, ՌԴ-ում, Ադրբեջանում ընթացող զարգացումների խորապատկերում պարզապես ՀՀ-ին ճեղքելու հնարավորություն է տրված՝ երևալու, ցցուն վեր բարձրանալու։ Կորցնել լավ գործընկերներ և բարեկամներ աշխարհի ազդեցիկ պետությունների շրջանում ձեռք բերելու հնարավորությունը՝ մեծագույն սխալ կլինի, այսպիսի հնարավորություն միշտ չէ, որ տրվում է։

– Հասկանալի է՝ ինչու ներքաղաքական զարգացումներին առնչվող հորդորները չեն ընդունվում, իսկ արտաքին «խորհուրդներն» ինչո՞ւ հաշվի չեն առնվում, ինչպիսին Իրանի միջոցով էներգակիրների դիվերսիֆիկացման հարցն է։

– Դեռ անցած տարի, երբ ԵՄ-ն հրապարակեց ՀՀ-ի առաջընթացի զեկույցը, դիվերսիֆիկացիայի պահանջը հստակ ամրագրված էր, ՀՀ-ին զգուշացվել էր, թե ինչ է սպառնալու իրեն, եթե չդիվերսիֆիկացնի։ ՀՀ իշխանություններն իրենց բացարձակ ջայլամի տեղ դրած՝ շարունակեցին նույն արատավոր կուրսը, դեռ անցած տարվա ապրիլին մեր ինստիտուտը ԵՏՄ-ի և ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ երկու քննարկում անցկացրեց, ներկայացվեցին առևտրաշրջանառության միտումները ԵՏՄ շրջանակներում և դրա հնարավոր հետևանքները։

ՀՀ իշխանություններին կարծես թե չէր հետաքրքրում, թե ինչ է լինելու տարեվերջին։ Ընդհուպ ամռանը քննարկումներից մեկում խոսվեց ռիսկերի մասին, ինչպես նավթի գների անկումն է, և այլն։ Այդ նախազգուշացումներից հետո, որոնք մենք տվել ենք բազմիցս, արտաքին դերակատարները՝ ևս, ՀՀ իշխանությունների որդեգրած կուրսը չփոխվեց։

Ներկայումս հերթական անգամ, երբ տարեվերջին ամփոփված են անցած տարվա ցուցանիշները, որոնք բացարձակապես մխիթարող չեն, կանխատեսումները 2016թ. համար նույնպես մխիթարող չեն, հերթական անգամ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն է հորդորում, որ օգտագործեն այս հնարավորությունը և դիվերսիֆիկացնեն տնտեսությունը։ Թե ինչո՞ւ չի արվում, բացատրությունները շատ են։ Մեկը, որ ՌԴ-ից չափազանց կախված են, ՌԴ-ն թույլ չի տալիս, որ դիվերսիֆիկացում տեղի ունենա։ Հավատացեք՝ կա նաև գիտելիքների ու կարողությունների պակաս, մենք ունենք մի Կառավարություն, որը, կներեք, վարչապետի խոսքով՝ «խելք պետք չէ ունենալ երկիրը կառավարելու համար»։ Այսպես է։ Մի կողմից՝ ՌԴ-ից մեծ կախվածություն, մյուս կողմից՝ կարողության բացակայություն։

– ՀՀ-Իրան պրոյեկտները ևս Ռուսաստանը խոչընդոտելո՞ւ է, հաշվի առնելով Իրանի ներկայիս դերը Ռուսաստանը համար։

– Կարծում եմ՝ արդեն խոչընդոտում է։ Այնքանով է խոչընդոտում, որ կառավարությունը մատը մատին չի տալիս։ Բոլոր մասնագետները խոսում են գների անհամաչափությունից ՀՀ-ի հարևանությամբ, այդ թվում՝ ՌԴ-ում, խոսքն էներգակիրների գների մասին է, միևնույն է, այլ բան չի արվում։ Վարչապետը միայն ասաց, որ կխնդրեն ՌԴ-ին, որպեսզի էներգակիրների գները վերանայվեն, և այլն։ Բայց որևէ այլ բան չի արվել, եթե չի արվել, դա նշանակում է, որ չի թողնվում, որպեսզի արվի։ Խոչընդոտելն էլ ինչպե՞ս է լինում։

Տեսանյութեր

Լրահոս