Թեյի հեղափոխություն. ինչպես թեյի պարկերը գրավեցին աշխարհը
Պարտադիր չէ լինել պալատական, թրով վարպետորեն մենամարտել կամ էլ հերոսական քայլեր անել, որպեսզի դառնաս բրիտանական թագավորության ասպետ: Երբեմն առավել կարևոր է պարզապես հասկանալ թեյից:
Դեռևս 19-րդ դարի ավարտին թեյը միայն հարուստ մարդկանց համար նախատեսված հաճույք էր, սակայն հենց այդ ժամանակ Թոմաս Լիպտոնը (Thomas Lipton) որոշեց վաճառել թեյը՝ ոչ թե մեծ չափաբաժիններ կշռելով, այլ՝ հստակ չափերի տուփերով: Այսկերպ թեյը, կարելի է ասել, հասանելի դարձավ բոլորին: Մարքետինգային լավ քաղաքականության և կյանքի անգլիական ոճի ճիշտ ձևակերպման համար 1898 թվականին թագուհի Վիկտորիայի կողմից Լիպտոնն արժանացավ ասպետական աստիճանի:
Նույն ժամանակաշրջանում Ամերիկայում թեյի արժեքը շարունակում էր շատ բարձր մնալ: Բացի այդ, թեյն Ամերիկայում այնքան էլ պահանջված և հանրաճանաչ ըմպելիք չէր, ինչպես Եվրոպայում: Թեյի նկատմամբ վերաբերմունքը փոխվեց 1908 թվականին տեղի ունեցած մի թյուրիմացության օգնությամբ: Վաճառքի շուկայում առաջատար, թեյի մագնատ Թոմաս Սալլիվանը պոտենցիալ գնորդներին թեյի նոր տեսականին ուղարկեց ոչ թե մեծ և երկաթյա տուփերի մեջ, ինչպես ընդունված էր, այլ փոքրիկ մետաքսե տոպրակներով: Պատվիրատուները որոշեցին, որ այս թեյը պետք է եփել՝ առանց հեռացնելու փաթեթները: Սալլիվանը շատ զարմացավ, երբ պատվիրատուները հետագայում նրան փոքրիկ տոպրակներով թեյեր պատվիրեցին:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին փոքրիկ տոպրակներով թեյն ուղարկում էին ռազմաճակատ: Թեյի տոպրակները, սակայն, ոչ թե մետաքսից էին պատրաստված, այլև թանզիֆից (марля): Զինվորները դրանք կոչում էին թեյի ռումբեր: Թանզիֆը, սակայն, տհաճ համ էր առաջացնում ըմպելիքի մեջ: Խնդիրը լուծվեց միայն 1938 թվականին, երբ Dexter ընկերությունն արտադրեց և պատենտավորեց հատուկ ֆիլտր-թղթերը, որոնք չեն ազդում ըմպելիքի համի վրա: Այնուհետև թեյի պարկերը սկսեցին ոչ թե թելերով կարել, այլ տաք մամլիչով ամրացնել: Այս ամենից հետո փոքրիկ պարկերով թեյերը մեծ պահանջարկ ունեցան աշխարհում:
Մեկ դար առաջ թեյի պարկերը հեղափոխություն արեցին ողջ աշխարհում՝ դարձնելով ըմպելիքը շատ պահանջված և սիրված: Սակայն ժամանակի հետ առաջացան նաև շատ խնդիրներ: Ճապոնացիները կարծում են, որ թեյի պարկերը նպաստում են թեյի մշակույթի վերացմանը: Բարձր դասարանցիների մոտ անցկացված հարցումը ցույց տվեց, որ երիտասարդները հիմնականում չգիտեն՝ ինչպես պատրաստել թեյ:
Բացի այդ, պարզվեց նաև, որ ճապոնական ծագման ընտանիքների միայն 20 տոկոսն է ըմպում թեյնիկի մեջ պատրաստվող թեյ: Այս վիճակագրությունն անսովոր է ծագող արևի երկրի համար, որտեղ թեյ ըմպելը մեծ ու շքեղ ավանդական արարողություն է: Ինչպես ճապոնացիներն են ասում՝ թեյախմության ժամանակ տանտերը պետք է զգա հյուրի սիրտը, իսկ հյուրը՝ տանտիրոջ հոգին: Բայց արդյո՞ք կարելի է սիրտն ու հոգին զգալ՝ թեյի պարկը բաժակի մեջ թաթախելով:
Ըստ vokrugsveta.ru-ի՝ պատրաստեց Սիրարփի Աղաբաբյանը