«Ֆեյսբուքյան խաղերի և թեստերի ստեղծողները կարող են կարդալ ձեր սեփական նամակագրությունը, ինչպես նաև՝ ձեր իսկ թույլտվությամբ ձեր անունից նամակներ ուղարկել»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադրման 12-ամյակը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադարձավ ինչպես՝ սոցիալական ցանցերի և հատկապես՝ Ֆեյսբուքի արդյունավետությանն և առավելություններին, այնպես նաև՝ դրանց պատճառած վնասներին ու դրանցից պաշտպանվելու մեխանիզմներին:
Խոսելով Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով տեղի ունեցող հանցագործությունների մասին՝ բանախոսն ընդգծեց, որ դա հիմնականում իրականացվում է այնպիսի մեխանիզմներով, որոնց մասին շարքային օգտատերերը պատկերացում ունենալ չեն կարող.
«Ֆեյսբուքում այդ «առաքելությունը» կատարում են այնտեղ ներմուծված զանազան խաղերն ու թեստերը: Պատահական չէ մտածված, որ ֆեյսբուքյան խաղերն ամենագրավիչն են մարդկանց համար, քանի որ սոցցանցերի պատմության մեջ առաջին անգամ դրանք հնարավորություն են տալիս խաղալու ընկերների հետ: Իհարկե, դրանց ստեղծողներն այդ միջոցով գումար են աշխատում՝ գովազդի հաշվին, սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ յուրաքանչյուր ծրագիր, խաղ կամ թեստ, որն աշխատում է Ֆեյսբուքի միջոցով, հարցնում է օգտատիրոջից, թե ի՞նչ է թույլատրվում կատարել ձեր անունից: Օգտատերերը, որպես կանոն, հիմնականում շտապում են իմանալ, թե իրենք ի՞նչ գույնի կոկորդիլոս են, և ուշադիր չեն կարդում խաղի կամ թեստի հարցումը: Դրա հետևանքը կարող է լինել ընդհուպ այն, որ ֆեյսբուքյան խաղերի և թեստերի ստեղծողները կարող են կարդալ ձեր սեփական նամակագրությունը, ինչպես նաև՝ ձեր իսկ թույլտվությամբ ձեր անունից նամակներ ուղարկել: Այդ խաղերի և թեստերի հեղինակը կարող է լինել պարզապես մի երիտասարդ, ով ցանկանում է գումար աշխատել, բայց դա միայն չարյաց փոքրագույնն է, որովհետև հաճախ այդպիսի նախաձեռնությունների հետևում կարող են նաև կանգնած լինել տարբեր երկրների գաղտնի ծառայություններ, ինչպես նաև՝ դրանց հեղինակները կարող են լինել հարևան Ադրբեջանից կամ Թուրքիայից»:
Այսպիսի դեպքերից խուսափելու համար Սամվել Մարտիրոսյանը հորդորեց ձեռնպահ մնալ այդ խաղերից կամ թեստերի օգտագործումից՝ խորհուրդ տալով Ֆեյսբուքի հատուկ ծառայության ընձեռած հնարավորությունների մաքսիմումով ապահովել սեփական պրոֆիլի անվտանգությունը: