«2015թ. երրորդ եռամսյակի տվյալներով՝ գործազրկության մակարդակը երկրում կազմել է 16.6 %». ԱՎԾ
Այսօր ՀՀ ԱՎԾ աշխատակազմի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը լրագրողներին էր ներկայացնում վիճակագրական տվյալներ այն մասին, թե ինչ վիճակում է հայաստանյան աշխատանքային շուկան, վերջին տվյալների համաձայն՝ նվազե՞լ, թե՞ աճել են աշխատանքի ռեսուրսները Հայաստանում: Բանախոսն ամփոփեց նաև 2014թ. տվյալները և ներկայացրեց 2015թ. արդյունքները:
Նա առաջարկեց ասուլիսը սկսել աշխատանքային շուկայի պատկերի հստակեցմամբ: Վերջին առկա և հրապարակված տվյալները վերաբերում են առայժմ 2015թ. երրորդ եռամսյակին, դեռ շարունակվում են աշխատանքները՝ ամփոփելու համար չորրորդ եռամսյակի տվյալները, որ նախատեսվում է հրապարակել մարտի վերջին աշխատանքային օրը:
«2015թ. երրորդ եռամսյակի տվյալներով՝ մեր աշխատանքային ռեսուրսները կազմել են 2.1 մլն մարդ: Նախորդ եռամսյակի նկատմամբ այս ցուցանիշը նվազել է 2.9 տոկոսային կետով: Աշխատանքային ռեսուրսների 64%-ը կազմում է աշխատուժը (աշխատուժ ասելով՝ հասկանում ենք՝ աշխատանք չունեցող և փնտրող բնակչությունը): Մեր աշխատանքային տեսուրսների 37 %-ը կազմում են այն մարդիկ, ովքեր աշխատանք չունեն և տարբեր պատճառներով չեն փնտրում աշխատանք»,- նշեց բանախոսը:
Ըստ Լուսինե Քալանթարյանի՝ քաղաքակիրթ աշխարհում աշխատանքի շուկայի վերաբերյալ՝ որպես տվյալների աղբյուր, հիմք է ծառայում աշխատուժի ընտրանքային հետազոտությունը: «Սա աշխարհում հայտնի հետազոտություն է, և մարդահամարներից հետո, որպես այլընտրանքային դիտարկում, սրանք ամենախոշոր հետազոտություններն են,- ասում է ՀՀ ԱՎԾ աշխատակազմի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը, և ավելացնում,- Հետազոտության ընդհանուր համակցությունը կազմում է մոտ 8000 տնային տնտեսություն: Ընդհանուր առմամբ՝ տարվա արդյունքներով հարցմանը մասնակցում է մոտ 24-25 հազար մարդ: Աշխատանքի շուկան գնահատելու առումով, որպես աշխատունակ տարիք՝ հաշվի է առնվում ոչ թե օրենքով սահմանված 13-60 տարիքային շեմը, քանզի տվյալ պարագայում խնդիրը փաստը հաստատելն է, այլ մենք ուսումնասիրում ենք 15-75 տարեկանների տվյալները: Հարցումներն իրականացվում են հատուկ կազմված հարցաթերթիկի օգնությամբ»:
Անդրադառնալով բնակչության շրջանում առավել հետաքրքրող վիճակագրական տվյալների, այն է՝ զբաղվածների, գործազուրկների և զբաղվածության մակարդակի հրապարակմանը, ՀՀ ԱՎԾ աշխատակազմի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետը ներկայացրեց հետևյալ թվային պատկերը.
«Ըստ երրորդ եռամսյակի տվյալների՝ գործազուրկների թվաքանակը երկրում կազմել է 220 հազար մարդ, որը նախորդ եռամսյակի նկատմամբ նվազել է 9 տոկոսային կետով: Որպես կանոն՝ եռամսյակային տվյալներով գնահատվում է նաև կին-տղամարդ, քաղաք-գյուղ հարաբերակցությունը: Ըստ այդմ՝ գործազուրկների 56 %-ը կանայք են, և համապատասխանաբար՝ 44 %-ը՝ տղամարդիկ: Քաղաք-գյուղ հարաբերակցությամբ ցուցանիշների տարբերությունը զգալի է՝ գործազուրկների 88%-ը քաղաքաբնակներ են և համապատասխանաբար՝ 12 %-ը՝ գյուղական բնակավայրերի բնակիչներ»:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2015թ. երրորդ եռամսյակի տվյալներով գործազրկության մակարդակը երկրում կազմել է 16.6 %: Թվարկած բոլոր ցուցանիշների մասով նախորդ եռամսյակի նկատմամբ գործազրկությունը նվազել է, իսկ դա պայմանավորված է երրորդ եռամսյակի որոշակի ակտիվությամբ: Տարեվերջը՝ չորրորդ եռամսյակը, որպես կանոն, դրսևորում է նվազման վարքագիծ, թեև այս պահին վերջին եռամսյակի արդյունքները դեռ հրապարակված չեն:
Գործազուրկների զբաղվածության ցենզը, ըստ 2014թ. տվյալների, թեև տենդենց այս առումով, էական փոփոխություններ չեն գրանցվում, որպես կանոն՝ առաջին տեղում միջին մասնագիտական կրթություն ունեցողներն են, հետո միայն՝ բարձրագույն կրթություն ունեցողները: