Շարունակվում է Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը. պաշտպանական կողմը միջնորդում է գործին միացնել այլ գործեր

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը: Այս փուլում հետազոտվում են քրեական գործի նյութերը: Մինչ դրանց հետազոտմանն անցնելը կողմերը կարծիք հայտնեցին այն հանգամանքի վերաբերյալ, որ նույն դատարան մուտք են արվել այլ քրեական գործեր, որոնք հարուցվել են կուրսանտի սպանության գործի նյութերով:

Գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանն ասաց, որ ծանոթանալով գործերին՝ նպատակահարմար է համարում մեկ վարույթում շարունակել Թելման Մխիթարյանի և Խաչիկ Մինասյանի վերաբերյալ քրեական գործը, քանի որ նրանց մեղադրանքների ձևակերպումից հետևում է, որ նրանց վերագրվող հանցավոր արարքների հետևանքը դիտարկված է այս գործով հետազոտվող փաստական հանգամանքներով. «Ձևակերպված է, որ նրանց կողմից իրենց պարտականությունը չկատարելու հետևանքով տեղի է ունեցել Հայկազ Բարսեղյանի սպանությունը: Այսինքն՝ ոչ դե դիտարկվել է, որ վրա է հասել մահը, այլ որակվել է՝ որպես սպանություն: Եվ կարծում եմ՝ այդ գործն առանձին քննվելու պայմաններում և համապատասխան դատավճռով այդ մեղադրանքը հաստատվելու դեպքում այդ քրեական գործի հետ կապված խնդիր կառաջանա, քանի որ այս քրեական գործով պետք է պարզվի, թե ամբաստանյալներին վերագրվող արարքները կատարվա՞ծ են, թե՞ ոչ: Այսինքն՝ նախ՝ պետք է պարզենք հենց սպանություն տեղի ունենալու հանգամանքն ի սկզբանե, հետո՝ մնացածը»: Ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը նույն դիրքորոշմանն էր:

Ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը միացավ դիրքորոշմանը՝ նշելով, որ Կարեն Բաղրամյանի վերաբերյալ գործը ևս պետք է միացվի այս գործին. «Նրա ցուցմունքներն էական նշանակություն ունեն: Նա անմիջականորեն հայտնել է այնպիսի հանգամանքների մասին, որոնք էական նշանակություն ունեն: Ասեմ ավելին՝ պաշտպանական կողմի դիրքորոշումը կայանում է նաև նրանում, որ վկաների նկատմամբ մինչդատական փուլում խորթ մեթոդներ են կիրառվել, և պաշտպանական կողմը կփորձի դատաքննության ընթացքում դա ցույց տալ: Եվ պաշտպանական կողմը նաև մտավախություն ունի, որ Կարեն Բաղրամյանի վերաբերյալ առանձին գործով դատավճռի առկայության պայմաններում նա կստանա ակնհայտ մեղմ պատիժ, որի պայմաններում իր նկատմամբ խորթ մեթոդների կիրառման վերաբերյալ որևէ հանգամանքի մասին չի ասի:

Նաև գտնում եմ, որ գոյություն ունի նախադատելիության սկզբունք, և, եթե այդ երկու գործերը չմիացվեն այս գործին և առանձին քննվեն, հետագայում դրանցով դատավճիռ կայացվի, ապա նախադատելիության սկզբունքից ելնելով՝ դատարանը կամա թե ակամա կաշկանդված է լինելու այդ դատավճռով հաստատված հանգամանքներով»: Ամբաստանյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը միացավ մյուս ամբաստանյալների պաշտպաններին, հատկապես՝ Կարեն Բաղրամյանի մասով: Նա ասաց, որ իր համար միշտ անհասկանալի է եղել, թե ինչու է Կարեն Բաղրամյանի մասն անջատվել.

«Վերջին հաշվով, շատ անգամ ավելի փոխկապակցված է այս քրեական գործին այնքանով, որքանով Կարեն Բաղրամյանին մեղսագրվող արարքները վերաբերում են 2015թ. հունվարի 28-ին տեղի ունեցած դեպքերին, այն էլ երկու անգամ կոնֆլիկտ է առաջացել տուժողի հետ, և նաև մարմնական վնասվածքներ են պատճառվել»: Հովիկ Արսենյանն ասաց, որ ցավ է ապրում, որ միայն էլեկտրոնային կայքերից է լսում, որ այդ գործը վարույթ է ընդունվել, Կարեն Բաղրամյանն էլ միջնորդել է, որ արագացված դատաքննության կարգ կիրառվի:

Մեղադրող Կարեն Հարությունյանն առարկեց՝ նշելով, որ, երբ գործերն առանձնացվել են առանձին վարույթներում, պահպանվել են Քրեական դատավարության օրենսգրքի կանոնները, ներկա փուլում որևէ կարգավորում և պարտադիր պահանջ չկա, որ գործերը պետք է մեկ վարույթում քննվեն: Հայկազ Բարսեղյանի հոր ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը թողեց դատարանի հայեցողությանը՝ նշելով, որ տուժողի իրավահաջորդի խնդիրն է, որ արդարադատություն տեղի ունենա, պարզվեն մեղավորները:

Դատավորը նշեց, որ կարծիքները կկցվեն այդ գործերին, այս փուլում միացնելու հարց չի կարող քննարկվել:

Տեսանյութեր

Լրահոս