Ի՞նչ մեխանիզմով են վերացվել ատկատները. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ նիստում շարունակվում է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը, որով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը համայնքային մարզային ճանապարհի զարգացման համար 25 տարով հատկացնում է 40 մլն դոլար վարկ՝ 190 կմ ճանապարհ վերակառուցելու համար:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը կառավարությունում խոսեց ատկատների մասին, այդ թվում՝ Տրանսպորտի և կապի նախարարությունում, հետո նախարարը հայտարարեց, թե ատկատներ չկան: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ մեխանիզմով են վերացվել ատկատները, պատասխանատվության ենթարկվածներ կա՞ն, թե՞ ոչ:

Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հայտարարեց, որ ճանապարհաին խորհուրդ է ստեղծվել և որոշումները կայացվում են համատեղ, ճանապարհների կառուցման վերահսկողության բոլոր նյութերը և տեսանյութերը հասանելի են կայքում: Ըստ նրա՝ ճանապարհաշինության ոլորտը մի քիչ ավելի քիչ մրցութային է, քան այլ ոլորտները, բայց մրցույթների մասնակիցները քիչ չեն և դա էլ վկայում է, որ բացասական երևույթները տեղ չունեն:

«Որոշումները կայացվում են թափանցիկ, դրանք հիմնված են մաթեմատիկական թվերի վրա և կարող եք դրանում համոզվել, որովհետև դրանք հրապարակային փաստաթղթեր են»,- ասաց Ա.Առաքելյանը:

Ն.Փաշինյանի խոսքով՝ մրցույթները շահում են ընկերությունները, որոնք եթե դե յուրե հանրապետական չեն, սակայն դե ֆակտո այդ ծրագրերը տնօրինում են հանրապետականների մերձավորները, և ստացվում է, որ քաղաքացիների հաշվին որևէ տեղ ընտրություններից առաջ ասֆալտ են անում ու դա ներկայացնում որպես պատգամավորի թեկնածուի բարեգործություն:

«Գնումների ոլորտը համարվում է ամենառիկսայիններից մեկը և ռիսկերը զրոյի տանելու համար պետք է ապահովել մրցակցային դաշտ, այդ դեպքում խնդիրիները վերանում են ինքնուրույն»,- ասաց Ա.Առաքելյանը՝ բացառելով, որ նախապես որոշվում է, թե որ կազմակերպությունն է հաղթելու մրցույթը: Փոխնախարարը կարևորեց, որ վարկային ծրագիրը մինչև վերջին լուման հասնի ՀՀ քաղաքցիներին:

Տեսանյութեր

Լրահոս