Զինվորը խրամատում ամեն վայրկյան վտանգի է ենթարկում իր կյանքը, դիվանագետը, որպես կանոն՝ ոչ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կոչ է արել չքննադատել դիվանագետներին, որովհետեւ նմանք նման են խրամատում նստած զինվորներին: Ամենեւին չնսեմացնելով դիվանագետների դերը՝ կցանկանայի նշել, որ համեմատությունը կոռեկտ չէ:

Զինվորը խրամատում ամեն վայրկյան վտանգի է ենթարկում իր կյանքը, դիվանագետը, որպես կանոն՝ ոչ: Խրամատում զինվորը կրում է բազմաթիվ կենցաղային զրկանքներ, դիվանագետը չի կրում: Ավելին՝ ի տարբերություն մեզ՝ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության, դիվանագետը հարկադրված չէ ամբողջ օրը վազվզել՝ իր ընտանիքի ապրուստն ապահովելու համար: Դիվանագետը գործուղվում է այլ՝ որպես կանոն, Հայաստանից ավելի բարեկեցիկ երկիր, որտեղ ոչ մի նյութական նեղություն չի կրում:

Դիվանագետի ծառայությունն, իհարկե, կարևոր է, բայց մի՞թե ուսուցչի, բժշկի, ոստիկանի, դատավորի կամ, ասենք, հրշեջի ծառայությունը պակաս կարևոր են: Կարելի՞ է արդյոք դրա հիման վրա պնդել, որ այդ մասնագիտությունների մարդկանց չի կարելի քննադատել:

Ըստ երեւույթին՝ ոչ: Եթե, ենթադրենք, իմ տանն աշխատող պատշարը գործ է արել, եւ շարած պատն ինձ՝ որպես պատվիրատուի, դուր չի եկել, ես կարող եմ, չէ՞, այդ արհեստից ոչ մի բան չհասկանալով՝ իմ դժգոհությունն արտահայտել: Նա, հավանաբար, չի ասի՝ «էս վերջերս պատ շարելուց հասկացողները շատացել են, ինչո՞ւ է նա ավել-պակաս խոսում»: Ցանկացած պետական ծառայողի (այդ թվում` դիվանագետի) «պատվիրատուներն» այդ երկրի քաղաքացիներն են, եւ նրանք իրավունք ունեն իրենց ծառայողների աշխատանքի մասին կարծիք հայտնել:

Սրան պետք է ավելացնել նաեւ, որ դիվանագիտությունը արտաքին քաղաքականության մասն է, եւ քանի որ Հայաստանում կան տարբեր քաղաքական հայացքներ, արժեքային համակարգ ունեցող մարդիկ, հասկանալի է, որ այդ քաղաքականությունը կարող է շատերին դուր չգալ. սա եւս մի փաստարկ` դիվանագետների կողմը «քարեր շպրտելու» օգտին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս