«Ռուս-թուրքական դիմակայությունը խորանում է՝ է՛լ ավելի լարելով հարավկովկասյան հակամարտությունները»

Ռուս-թուրքական հարաբերությունները հերթական ցնցումներն են ապրում։ Չնայած պատժամիջոցների մրցավազքին՝ օրերս Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նորից մեղադրեց Ռուսաստանին իր երկրի օդային սահմանը կրկին խախտելու մեջ։

«Եթե օդային սահմանի խախտում է եղել, ապա անհնար է դա թաքցնել կամ ձևացնել, թե նման բան տեղի չի ունեցել։ Ռուսաստանի կողմից իրականացված որոշ խախտումներ թաքցնելը հնարավոր չէ»,- Սաուդյան Արաբիայի թագավորի նստավայրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դավութօղլուն։ Նա մեղադրել է ռուսական կողմին Թուրքիայի օդային սահմանը կրկին խախտելու մեջ՝ նշելով, որ այդ կարճատև խախտումն արձանագրել են թե թուրքական կողմը, թե ՆԱՏՕ-ն։

Թուրքիայի վարչապետը հայտնել է, որ իրենք նպատակ չունեն ավելի լարել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ թուրքական կողմը մշտապես պատրաստ է համապատասխան վերաբերմունք ցուցաբերել օդային սահմանի խախտման դեպքում։

Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին իր մոտ է կանչել այդ երկրում Ռուսաստանի դեսպանին՝ կապված ռուսական ինքնաթիռի կողմից թուրքական օդային սահմանը խախտելու նոր դեպքի մասին տեղեկատվության հետ։ ՌԴ պաշտպանության նախարարությունն անմիջապես հերքել է այդ լուրը՝ հայտնելով, որ Սիրիայում ռուսական ավիացիոն խմբի ոչ մի ինքնաթիռ Թուրքիայի օդային սահմանը չի խախտել։ Ռուսական կողմը պաշտոնական Անկարայի այս հայտարարությունն անվանել է «անհիմն քարոզչություն»։

Մեզ հետ զրույցում Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի, ՌԴ ԳԱԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին նշեց, որ հավատում է ՌԴ ՊՆ պնդումներին, թե չի եղել նման խախտում, ինչպես և ամիսներ առաջ, երբ թուրքական օդուժը ոչնչացրեց ռուսական ռմբակոծիչը։ Ինչպես երևում է, նրա վստահեցմամբ, Էրդողանը շարժվում է Ռուսաստանի հետ սադրանքների գնալու ուղղությամբ, ինչը նշանակում է, որ հարաբերություններում էլ ավելի լուրջ ճգնաժամերը չեն բացառվում։

«Չստանալով ռազմական պատասխան Ռուսաստանի կողմից՝ Թուրքիան իր դիվանագիտությունն ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դարձնում Ռուսաստանի դեմ, ինչին, կարծում եմ, ի վերջո ՌԴ իշխանությունները պետք է արձագանքեն, թեև արդեն իսկ կան պատժամիջոցներ, որոնք բավականին լուրջ բացասական հետևանքներ կունենան թուրքական տնտեսության վրա։

Թուրքիան նպատակամղված ցանկանում է դուրս մղել Ռուսաստանին Սիրիայից, որովհետև Ռուսաստանը խոչընդոտում է իր շահերին Սիրիայում»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը։ Վերջինիս կարծիքով՝ Ռուսաստանը նույնիսկ խուսափողական մոտեցում է որդեգրել Թուրքիայի հետ հարաբերություններում լուրջ ռազմական բախում չունենալու նպատակով, և սա ողջունվում է ՆԱՏՕ-ի կողմից, որը չի աջակցում Թուրքիայի գործողություններին։ «Դադարեցված են ռուս-թուրքական գրեթե բոլոր պրոյեկտները։ Դրանք սառեցված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ քայլեր չեն իրականացրել։ Թուրքիայի իշխանությունների ներկայիս քայլերից երևում է, որ մոտ ապագայում ռուս-թուրքական ճգնաժամը չի հանգուցալուծվի»,- ասաց ռուս վերլուծաբանը։

Նրա համոզմամբ, լարվածությունն այս հարաբերություններում բարձրացնում է լարվածության մակարդակը Հարավային Կովկասում առկա հակամարտություններում, քանի որ Ռուսաստանն էլ ավելի է հզորացնում իր՝ ՀՀ-ում գտնվող ռազմաբազան։ «Ինչը նշանակում է, որ Ռուսաստանը հասկանում է, որ կա հավելյալ անվտանգության կարիք այս բևեռում։ Սակայն չեմ կարծում, թե կլինեն լուրջ բռնկումներ այստեղ, պարզապես Ռուսաստանը նաև ուժի ցուցադրության գործիքների օգնությանն է դիմում, ինչը բնական է։ Այնուամենայնիվ նման քայլերը բարձրացնում են հակառակորդ կողմի լարվածությունը, ինչը նրանց հավելյալ քայլերի է մղում»,- ասաց Ռաևսկին՝ շարունակելով, որ ռուս-թուրքական հարաբերություններում առկա ճգնաժամն ինչ-ինչ ազդեցություն կունենա նաև ԼՂ հակամարտության վրա, որտեղ, փաստորեն, ՌԴ-ն ու Թուրքիան հայտնվել են տարբեր բևեռներում։ «Հնարավոր է, որ Թուրքիան փորձի լարվածությունը տեղափոխել նաև ԼՂ հակամարտություն՝ այդտեղ սադրելով Ռուսաստանին։ Պետք է բոլոր խոցելի կետերում պատրաստ լինել հավելյալ դիմակայության»,- ասաց ռուս թուրքագետը։

Տեսանյութեր

Լրահոս